Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի կլանային-բանդիտական կառավարում. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 01,2014 13:19

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է ձեւավորվել, բայց շատերը դեռ չեն գիտակցում դա։ Նոր իրավիճակի էությունն էլ այն է, որ այլեւս էական նշանակություն չի ունենալու, թե ով է նախագահը կամ վարչապետը, որովհետեւ հիմնական դերակատարումը ստանձնելու է ՀՀԿ-ն։ Համենայն դեպս՝ առաջիկա տասնամյակում։

Անդրադառնանք «կառավարման նոր համակարգի» քաղաքական բաղադրիչին։ Այն, որ Սերժ Սարգսյանն ուզում է առանց ժամկետային սահմանափակումների իշխել Հայաստանում՝ ֆյուրերի կամ գենսեկի կարգավիճակով, հասկանալի է։ Դա շատ հարմար մոդել է՝ ինքը որեւէ պետական պաշտոն չի զբաղեցնում, ընդամենը կուսակցության առաջնորդ է, բայց քանի որ դա փաստացի միակ կուսակցությունն է, եւ բոլոր պաշտոնյաները նշանակվում են կուսակցության համաձայնությամբ, ինքը պահպանում է բացարձակ իշխանությունը։ Այլ հարց է, որ միակուսակցական համակարգերը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։ Ապացույցներ՝ ինչքան ուզեք. ֆաշիստական Գերմանիան, Խորհրդային Միությունը, Հյուսիսային Կորեան, Իրաքը, Լիբիան եւ այլն։ Ուրիշ բան, եթե գոնե երկկուսակցական համակարգ լիներ։ Բայց դա էլ Հայաստանում հնարավոր չէ՝ այն պարզ պատճառով, որ ՀՀԿ-ն ինքը դասական իմաստով կուսակցություն չէ։ Փորձեք, օրինակ, Շմայսին, Սեյրանին կամ Թոխմախի Մհերին հարցնել, թե որն է ՀՀԿ գաղափարախոսությունը։ Միանգամից դեպրեսիայի մեջ կընկնեն ու հարցը կընկալեն որպես անձնական վիրավորանք։ Այսինքն՝ «ՀՀԿ դիկտատուրան» ընդամենը շղարշ է, որով փորձ է արվելու քողարկել կառավարման բանդիտական-կլանային համակարգը։ Եվ «պարտայ գենոսսե» Շարմազանովը շատ լավ հասկանում է դա:

Իսկ ո՞րն է բանդիտական-կլանային համակարգի էությունը։ Պատկերացրեք՝ որեւէ հանցավոր խմբավորում իր գերիշխանությունն է հաստատել որեւէ քաղաքում, ամեն ինչի վրա «նալոգներ» է սահմանել ու հայտարարում է, որ սրանից հետո այդ քաղաքում բիզնեսով զբաղվելու, նորմալ աշխատելու եւ ընդհանրապես՝ հանգիստ ապրելու միայն մի ձեւ կա. պետք է ստանալ բանդայի համաձայնությունը։ Էդուարդ Շարմազանովն, իհարկե, փոքր-ինչ այլ կերպ է ձեւակերպում. «Եթե ապագա տասնամյակում որեւէ պետական քաղաքական գործիչ հավակնում է իրեն տեսնել պետական բարձրագույն պաշտոնների, ապա դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ միակը, ՀՀԿ-ն է։ Ավելի պարզ ասեմ, եթե որեւէ մեկը ուզում է կամ հավակնում է դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»։ Ահա այդպես։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե ՀՀ նախագահին ընտրում է ժողովուրդը ուղղակի ընտրությունների միջոցով (չեք հավատա, բայց Սահմանադրության մեջ այդպես է գրված): Ավելին, պատմության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ՀՀԿ-ն համապետական ընտրություններում 40 տոկոսից ավելի ձայն ստանա, բայց հիմա պարզվում է՝ ամեն ինչ ՀՀԿ-ն է որոշելու:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մարզի բնակիչ says:

    Գոնե Սովետական Միությունը մի խառնեք սրանց: ՍՄ-ը սրանց նմանների դեմ էր պայքարում և միակ երկիրն էր , որ մեծարում էր հասարակ մարդուն: Ձեզ նման ջահելների ուղեղները լցրեցին ամեն տեսակ ստերով, որ կործանեն այդ երկիրը ` հիմնվելով այդ համակարգի սխալների վրա,իսկ հիմա դուք չեք էլ հասկանում , որ պայքարում եք ՍՄ-ի նման երկիր ստեղծելու համար: Բայց այս հղփացած միլիոնատերերը իրենց գռփածը էդքան հեշտ չեն տա : Մենք հիմա ուտում ենք մեր փրթած մածունը: Այս ամենը փոխելու համար հզոր շարժում է պետք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031