Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը պետք է ոչ թե խոշոր ռեֆորմներով հրապուրվի, այլ լուծի ցավոտ խնդիրները». Գագիկ Մակարյան

Մայիս 01,2014 12:54

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի փոխանցմամբ՝ Հայաստանում այսօր ընդհանուր առմամբ պետական եւ մասնավոր սեկտորում կա 470 հազար աշխատող , որոնցից 190 հազարը աշխատում է պետական սեկտորում, 60 հազար՝ մասնավոր սեկտորի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում, իսկ մոտ 220 հազարն էլ աշխատում է փոքր ձեռնարկություններում:

Ըստ Գագիկ Մակարյանի՝ Հայաստանի դեպքում խոշոր ձեռնարկությունները զբաղվածություն չեն ապահովում: «Զբաղվածության տեսանկյունից գերակշռող մասն ընկնում է փոքր բիզնեսի ուսերին: Փոքր բիզնեսը քիչ ներդրում ունի բյուջեի եւ ՀՆԱ-ի մեջ, մինչդեռ խոշոր բիզնեսը կարող է բյուջեում էական դեր ունենալ»: Միության նախագահը կարեւոր է համարում, որ խոշոր ձեռնարկությունների հետ տարվող հարկային քաղաքականությունը այնպիսին լինի, որ բյուջեի համար հարկերի հավաքման հիմնական բեռը ընկնի խոշոր բիզնեսի վրա:

Գագիկ Մակարյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում աշխատանքային պայմանագրեր կնքելու մշակույթը դեռեւս ձեւավորված չէ: Այս հանգամանքը բացատրեց նրանով, որ գործատուները պայմանագրեր կնքելու իմաստը չեն տեսնում եւ չեն պատկերացնում, թե չձեւակերպված աշխատուժի դեպքում ինչպիսի բարդությունների կարող են բախվել: Աշխատողներն էլ իրենց հերթին կարեւորություն չեն տալիս աշխատանքային պայմանագրերի կնքմանը, քանի որ կրկին ունեն ինֆորմացիայի պակաս: «Չեն պատկերացնում, թե պայմանագրեր չունենալով, ինչպիսի սոցիալական հնարավորություններից են զրկվում»:

Բանախոսը այս առնչությամբ օրինակ բերեց կենսաթոշակային կուտակային համակարգը, ասելով, որ մարդիկ համաձայն են չձեւակերպված աշխատանք ունենալ, միայն թե իրենց աշխատավարձը չպակասի:

Գ.Մակարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նաեւ իր տեսակետը հայտնեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ եւ ասաց, որ գործատուների մեծ մասը գտվում է սպասողական իրավիճակում. «Հույս ունեն, որ նոր կառավարությունը պետք է ժամանակավորապես սառեցնի եւ հետ կանգնի այդ օրենքից»:

Գագիկ Մակարյանի պնդմամբ՝ կուտակային կենսաթոշակի ռեֆորմը վաղաժամկետ է. «Հայաստանի այսօրվա իրավիճակում դեռ դրա ժամանակը չէ: Կառավարությունը պետք է ոչ թե խոշոր ռեֆորմներով հրապուրվի, այլ առաջին հերթին լուծի ցավոտ խնդիրները»:

Անդրադառնալով գործատուների եւ աշխատողների միջեւ հարաբերություններին՝ Գ. Մակարյանը համոզմունք հայտնեց, որ դրանք կարգավորելու համար նախ եւ առաջ, պետք է հավասար մրցակցություն ապահովել. «Երբ ձեռնարկությունները ներքին շուկայում իրենց մրցունակությունը չեն կարողանում ապահովել անհավասար մրցակցության պայմաններում, ապա փորձում են տարբեր աղբյուրներ գտնել, որոնք կլրացնեն իրենց մրցունակության պակասը, օրինակ, ստվերային աշխատուժը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031