Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք 20 տարի մուկ ենք տշում, դրա համար էլ մեր տունը քանդվում է». «168 ժամ»

Մայիս 01,2014 12:28

Հարցազրույց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ՝ որպես վարչապետ ընտրեց Հովիկ Աբրահամյանին։ Արդյոք կարո՞ղ ենք այդ որոշումը համարել ինչ-որ կոմպրոմիս օլիգարխիայի և նաև ընդդիմության համար։

– Իսկ ի՞նչ է, ուրի՞շ բան պետք է լիներ, կա՞ն այդպիսի տեղեկություններ, որ Սերժ Սարգսյանի մոտեցումները լրիվ ուրիշ էին, բայց նա այս քայլին գնաց։

– Ամեն դեպքում, ուրիշ թեկնածուներ էլ կային, միգուցե մեկ ուրիշի՞ն ընտրեր։

– Բայց ինչո՞ւ ուրիշին ընտրեր, չեմ կարծում։ Եթե ուրիշին ընտրեր, այդ ժամանակ կփորձեինք քաղաքագիտական վերլուծություն անել, պարզել, թե ինչպես եղավ։ Բայց այս երկրում ոչինչ չի կատարվել։ Այդ բոլոր կուսակցական հեքիաթները, որ հորինում են, ինչ-որ տեղ շփոթության մեջ է գցում հանրությանը, թե այսպիսի բաներ են կատարվում, այնպիսի բաներ են կատարվում։ Իրականում քրեաօլիգարխիկ գործընթացները զարգանում են իրենց տրամաբանության մեջ, և շատ ճիշտ ժամանակին ընտրվում են մարդիկ, ովքեր պետք է ընտրվեն։ Բացարձակապես որևէ անակնկալ չկա, ամեն ինչ տրամաբանության մեջ է։

– Ո՞ր տրամաբանության։

– Իշխանությունը պահելու, շահարկելու և քրեաօլիգարխիայի շահերը պաշտպանելու տրամաբանության մեջ։ Երկրորդ ժամկետն է, պիտի կողմնորոշվի նա, ով նախագահի պաշտոնում է, հստակ հայտարարի իշխող խավին և անի քայլեր, որոնք համապատասխանում են իր ընդունած դիրքորոշմանը։

– Իշխանության ներսում կա՞ր որոշակի թևերի միջև պայքար, նկատի ունեմ Տիգրան Սարգսյանին ու Հանրապետականի երիտասարդ հատվածին և Հովիկ Աբրահամյանին ու, այսպես ասած, «հին գվարդիային»։

– Կարող է մի քիչ կոպիտ հնչել, բայց սա էլ մամուլային հեքիաթներից է։ Միակ հեքիաթը չէ, ամենահզոր հեքիաթը Ծառուկյան Գագոյի ընդդիմություն լինելու մասին հեքիաթն էր, որը վեց տարի մատուցում են հասարակությանը, գլուխն արդուկում։ Նման բան չի եղել և չկա։

– Այն, որ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջին հայտարարություններից մեկում սլաքներ է ուղղում նախկին վարչապետի վրա, չի՞ խոսում այդ հակասության մասին։

– Իսկ ի՞նչ է նշանակում՝ հակասություն։ Քրեաօլիգարխիկ համակարգը տարբեր կլանների պայմանի հիման վրա ստեղծված անօրինական, ուզուրպատորական համակարգ է, որը տիրապետում է պետական լծակներին։ Այդ համակարգի մեջ իր տրամաբանությամբ զարգանում են գործընթացներ։

– Հենց կլանային պայքարը նկատի ունեի։

– Այո՛, կլանային պայքարը հենց դա է։ Ժամանակը մոտենում է, լինելու են ընտրություններ, և գործող համակարգն ուզում է հասկանալ՝ ինչպե՞ս է ապագան զարգանալու։ Գործող նախագահն արդեն իսկ ասում է՝ այսպես է լինելու, որ այսօրվանից Հովիկ Աբրահամյանն է, խոսացած է, ասված է, նա ոնց պետք է՝ իրեն կպահի…

– «Մեր ախպերն է»։

– Ոնց թե, եթե Հովիկ Աբրահամյանը չի «ախպերը», բա ո՞վ է։

– Դիմելով այս քայլին՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր հետապնդել նաև ոչ իշխանական ուժերի, հատկապես «Բարգավաճ Հայաստանի» կողմից կառավարության հասցեին քննադատությունը մեղմելու նպատակը։

– Գիտեք, երբ մարդիկ դժգոհ են, շատ էական է, որ ասեն, թե ինչի՞ց են դժգոհ։ Հնարավոր է՝ Տիգրան Սարգսյանը վնաս էր տալիս ինչ-որ մեկի մենաշնորհին, կարող է՝ ինչ-որ մեկը մի բան է ուզել, չի տվել, մյուսին է տվել։ Հանրային դժգոհությունը մի բան է, բայց օլիգարխիկ համակարգի դժգոհությունը լրիվ ուրիշ է։ Նրանք դժգոհ են ոչ թե համակարգից, այլ նրանից, թե ինչպես են լուծվում իրենց խնդիրները։

Վեց տարի ժողովրդի գլուխն են արդուկում, թե՝ Ծառուկյանն ընդդիմություն է, ես էլ բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել, նաև Ձեզ, որ Ծառուկյանն այս ռեժիմի հիմնաքարն է, և նա պաշտպանում է ռեժիմի շահերը՝ ընդդիմադիր դաշտում, որպեսզի թույլ չտա՝ ընդդիմադիր դաշտում որևէ ուժ ստեղծվի, որևէ գործընթաց սկսվի։ Ծածկում է, ընտրություններ է առնում, քաղաքական ուժերի է իր հովանու տակ պահում։ Բոլորս տեսնում էինք այդ գործընթացը, բայց ասում էինք՝ այդպես չէ, ուրիշ ձև է։ Եկավ ժամանակը, առաջադրեցին խորհրդարանի նախագահ, և նրանք բոլորը գնացին, հանգիստ ձայնը տվեցին Հանրապետականի թեկնածուին։ Ի՞նչ կա, որ տրամաբանությունից դուրս է։

– Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց չորս ուժերի ճնշման արդյունքում, համաձայն չե՞ք սրա հետ։

– Չգիտեմ, ես ի՞նչ իմանամ՝ ինչ պատճառներով են Տիգրան Սարգսյանին հանել։ Մինչև չորս ուժերի կողմից այդ հարցը բարձրացնելը, նոյեմբեր ամսից անընդհատ խոսում էին, որ Տիգրան Սարգսյանը գարնանը հեռանալու է, որովհետև Սերժ Սարգսյանը ժամանակին ասել է՝ եթե կառավարությունը չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, հեռացվելու է։ Հիմա եկել է ժամանակը, հրաժարական է տվել։ Չորս ուժերն ի՞նչ կապ ունեն։

– Չորս ուժերից երկուսը՝ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, կողմ են ավելի արմատական մոտեցմանը՝ ամբողջական իշխանափոխությանը, իսկ մյուս ուժերը, կարծես թե, չեն դնում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը։ Այս պայմաններում ի՞նչ պետք է անի քառյակը։

– Քառյակը ո՞րն է, էդ մարդիկ ի՞նչ խնդրի շուրջ են հավաքվել։ Եթե խորհրդարանում ռեժիմի բոլոր պահանջները կատարելուց հետո Ծառուկյանին նորից ընդունեն քառյակում, ես հարց կդնեմ՝ ընդհանրապես ինչո՞վ են զբաղված այդ մարդիկ:

Հարցազրույցը՝ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իրանի շահի հայ խորհրդատուն պարտավոր էր պարբերաբար շահին հավստիացներ,որ հայերը իր դեմ գործողություններ չեն նախապատրաստում:Օրերից մի օր շահը հայ խորհրդականին հայտնում է,որ նա իրեն խափում է և տեղեկություն ունի,որ այսինչ օրը այսինչ տեղում հավաքվելու են յոթ հայ գորցիչներ և շահի դեմ պայքարելու ծրագիր են մշակելու:Հայ խորհրդականը շահին հավաստիացնում է,որ այդքան թվով հայեր չեն կարող մեկ ընդհանուր գործի շուրջ միավորվել և որևէ կոնկրետ գործողություններ իրականացնել:Նշված օրը խորհրդականը շահին ուղեկցում է այն վայրը,որտեղ պետք է հավաքվեին հայ գործիչները:Հավաքվում են գործիչները,ամենքը իրենն է ասում,վիճոմ են,իրար վիրավորում և ցրվում:Շահը համոզվում է որ,յոթ /կամ թեկուզ չորս/ հայեր չեն կարող մեկ ընդհանուր հայտարարի գալ և որևէ գործնական որոշում կայացնել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031