Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը տնտեսում է, բայց դեղը հիվանդին օգուտ չի տալիս

Մայիս 01,2014 14:22

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ
խնդիրներ են ունենում «Զիպրեքսա»-յին փոխարինած դեղամիջոցից

«Թանկից էժանը չկա», կամ «ժլատը կրկնակի է վճարում». ժողովրդական այս խոսքերը ճիշտ տեղին է կիրառել առողջապահության նախարարության դեղերի գնման քաղաքականության համար: Առողջապահության նախարարությունը պետպատվերով տրամադրվող դեղերն ավելի էժան գնելով՝ գուցե բարի նպատակ ունի. օրինակ՝ այդ տնտեսվող գումարի հաշվին սոցիալապես անապահովների ավելի մեծ խումբ է ընդգրկում պետպատվերով բուժօգնությունից օգտվելու համար: Սակայն երբ էժան դեղը գերադասում են թանկից, արդյունքում հիվանդը պետության վրա հետագայում ավելի թանկ է նստում, քան եթե նա նորմալ բուժվեր եւ դառնար հասարակության լիարժեք անդամ: Խոսքը, մասնավորապես, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին է, որոնց հոգեկան աշխարհը կրկին տակնուվրա է եղել, քանի որ առողջապահության նախարարությունը պետգնումներով իրենց՝ տարիներ շարունակ ընդունած «Զիպրեքսա» դեղամիջոցը փոխարինել է «Զոլաքսա» դեղով:

Արդեն որերորդ քաղաքացին է դիմում «Առավոտի» խմբագրություն՝ ներկայացնելով այն խնդիրները, որոնք առաջացել են դեղը փոխելու հետեւանքով: Դեղն օգտագործելիս մարդիկ են եղել, որ այտուցվել են, հիշողության կորուստներ են ունեցել, աշխատունակության անկում, դարձել են դյուրագրգիռ եւ այլն: Այս բոլոր խնդիրների մասին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տասնյակ մարդիկ գրավոր գրել են «Հոգեկան առողջության վերականգնողական հայկական ասոցիացիա» հ/կ-ին, վերջինս էլ հրավիրել է առողջապահության նախարարության պաշտոնյաների ուշադրությունը՝ վստահեցնելով, որ «Զիպրեքսա» դեղամիջոցի շնորհիվ հասարակությանն ինտեգրված այդ մարդիկ դեղը փոխելուց հետո սկսել են մեկուսանալ: Նշենք, որ միայն Երեւանում 40 հազար հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդ կա:

Չնայած առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ «Զոլաքսա» դեղն անցել է լաբորատոր փորձաքննություն եւ ամբողջովին համապատասխանում է ՀՀ-ում ընդունված նորմատիվային փաստաթղթերի պահանջներին, սակայն տվյալ դեպքում մարդիկ իրենց վրա են զգում դեղի կողմնակի ազդեցությունները: «Առավոտի» հետ զրույցում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց հարազատներից մեկը պատմեց, որ հենց ոլորտի բժիշկներն են խոստովանում, որ փոփոխված դեղը՝ «Զոլաքսան», պարունակում է կրկնակի անգամ պակաս արդյունավետ նյութեր, քան «Զիպրեքսան», եւ հիվանդները ոչ միայն չեն բուժվում, այլեւ նրանց մոտ ավելի են խորանում լարվածությունը եւ դողը:

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Կարինե Թուխիկյանի խոսքերով՝ 100-ից ավելի մարդ բողոքում է «Զոլաքսա» դեղից: Տիկին Թուխիկյանը առողջապահության նոր նախարարից մեծ ակնկալիքներ ունի եւ հույս ունի, որ այդ մարդկանց կվերադարձվի խաղաղ ապրելու եւ հասարակությանն ինտեգրվելու հնարավորությունը. «Այդ մարդիկ մինչ դեղի փոխվելն այնքան լավ էին իրենց զգում, սովորում էին, մասնակցում տարբեր միջոցառումների, դեղը փոխվելուց հետո որոշ մարդկանց վիճակը կտրուկ վատացել է. եղել է դեպք, երբ մարդն այն ընդունելուց հետո այտուցվել է, չի կարողանում քայլել, դարձել է ալարկոտ, հրաժարվում է շփումներից, չի ուզում լողալ եւ այլն»:

Տիկին Թուխիկյանի խոսքերով՝ բողոքների արդյունքում նախարարությունը մի խումբ մարդկանց նորից հին դեղը՝ «Զիպրեքսա»-ն է սկսել տրամադրել, սակայն քանի որ դա մարդկանց բողոքի ակցիան լռեցնելու քայլ է եղել, այդ մարդիկ մտավախություն ունեն, որ շուտով իրենք էլ կզրկվեն այդ դեղից: Տիկին Թուխիկյանի խոսքերով՝ երբ այդ մարդիկ գնում են դեղը՝ «Զիպրեքսա»-ն ստանալու, բժիշկները անհասկանալի պատասխաններ են տալիս՝ ասելով, որ շուտով այդ դեղը չի լինելու:
Նախարարությունը պետգնումներով «Զոլաքսա» դեղի մեկ տարվա խմբաքանակի պայմանավորվածություն ունի: Այսինքն՝ մեկ տարվա համար պետությունը միլիոններ է ծախսել, հետեւաբար չի կարող այդ գումարները «ջուրը գցել» եւ նորից միլիոններ ծախսել եւ ձեռք բերել «Զիպրեքսա»: Եվ եթե նույնիսկ հաջորդ տարի նախարարությունն ընդառաջի այդ մարդկանց եւ որոշի հետ բերել «Զիպրեքաս»-ն, ապա այդ դեղի կարիքն ունեցող մի խումբ մարդիկ մինչեւ մյուս տարի հաստատ չեն դիմանա, եւ չի բացառվում, որ շատերը համալրեն հոգեբուժարաններում հիվանդների շարքերը՝ այն դեպքում, երբ նախարարությունը դրանք բեռնաթափելու ծրագիր է իրականացնում:

Տիկին Թուխիկյանի ներկայացմամբ՝ իրենց կազմակերպության շահառուներին նախարարությունը տվել է միեւնույն «Copy Paste» արած պատասխանը, այն է՝ «Նշենք, որ «Օլանզապին», «Զիպրեքսա», «Զոլաքսա» եւ այլն դեղերն ընդգրկված են ՀՀ ԱՆ կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող եւ համապատասխան հիվանդներին անվճար հատկացվող դեղերի ցանկում: Մինչ օրս դեղի կողմնակի ազդեցության դրսեւորման վերաբերյալ հայտ չի ներկայացվել, ինչը հաստատում է այն փաստը, որ ՀՀ-ում գրանցվում են այն դեղերը, որոնք ունեն ապացուցված որակ, անվտանգություն եւ արդյունավետություն»:

«Առավոտի» հարցին ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են. «ՀՀ ԱՆ-ն պետության կարիքների համար կենտրոնացված կարգով «Զիպրեքսա» դեղի ձեռք բերման նպատակով գնման ընթացակարգ երբեւիցե չի իրականացրել, քանի որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների տեխնիկական բնութագրերը պետք է լինեն ոչ խտրական, չպետք է պարունակեն հղում որեւէ ֆիրմային անվանմանը: Նախարարությունը ներկայացրել է «Օլանզապին» դեղի գնման պահանջ»: Ըստ նախարարության՝ «Զոլաքսա» 5 մլգ եւ 10 մլգ (արտադրությունը՝ «Պոլֆարմա դեղագործական գործարան», Լեհաստան) դեղը գրանցված է ՀՀ-ում 2011 թվականի մարտի 14-ից, իսկ դեղի գրանցման փորձաքննության արդյունքում հաստատվել է դրա կենսահամարժեքությունը օրիգինալ «Զիպրեքսա» դեղի հետ»:

Նախարարությունից նաեւ հայտնել են, որ «Զոլաքսա» դեղը գրանցված է Լեհաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, Վիետնամում, Ղրղըզստանում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Սլովակիայում, Մոլդովայում, Չեխիայում, Տաջիկստանում: Չնայած սրան՝ տիկին Թուխիկյանը պնդում է, որ իրենց կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ այդ երկրների գրանցամատյանում նման դեղ չկա գրանցված:

ԷԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031