Լրահոս
Օրվա լրահոսը

Կանացի ու երաժշտական, բայց առնացի՝ գործիքով

Մայիս 01,2014 14:01

Ալպհորնահարուհի Էլիանա Բուրկին համերգ կունենա Երեւանում

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Օրկեստր+» նախագծի շրջանակներում (հեղինակ՝ Շմավոն Գրիգորյան), մայիսի 2-ին հայ հանդիսատեսին առաջին անգամ կներկայանա «Շվեյցարիայի ժողովրդական բրենդ» համարվող ալպհորնահարուհի Էլիանա Բուրկին: Երեւանյան եզակի համերգում երաժիշտը հանդես կգա օպերային թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ, ՀՀ վաստակավոր արտիստ, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

«Առավոտի» հետ զրույցում Էլիանա Բուրկին հայտնեց, որ ալպհորնի միջոցով հայ հանդիսատեսին կներկայացնի դասական, ջազային եւ էթնո երաժշտություն: Ասաց նաեւ, որ ինքնատիպ իր նվագարանով կմեկտեղի տարբեր մշակույթների բազմաոճ արտահայտչաձեւերը, հնարավորություն տալով ըմբոշխնելու ալպյան լեռների վեհությունը:
Հմայիչ շվեյցարուհին համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ դարերի խորքից եկած 5 մետր երկարություն ունեցող ալպհորն նվագարանը իսկապես նախատեսված է եղել տղամարդկանց համար: Նաեւ ժպիտով հավելեց, թե ինքն այդ գործիքին առանձնահատուկ կանացի հմայք է հաղորդում, նշելով, որ ալպհորնի հնչողությունը մոտ է փող գործիքին, իսկ վարպետորեն արտաբերման միջոցով ալպհորնը տարածում է ականջ շոյող պարզ ու մաքուր ձայն:

Հետաքրքրվեցինք, թե իր գործիքի միջոցով անդրադառնալով տարբեր մշակույթների, երբեւէ փորձե՞լ է մատուցել նաեւ հայկական ժողովրդական ու մեր կոմպոզիտորական արվեստի նմուշներ: Երաժիշտը պատասխանեց. «Ժամանակին տեւական հատված ապրել ու ստեղծագործել եմ Լոս Անջելեսում, որտեղ եւ ծանոթացել եմ հայ երաժիշտների հետ ու նրանց միջոցով՝ հայկական երաժշտությանը: Քանի որ ալպհորնը փողային նվագարան է, շատ եմ լսել ու հիացել ձեր ժողովրդական փողային դուդուկ նվագարանով: Մինչ օրս դեռ հայկական երաժշտարվեստին չեմ անդրադարձել, բայց խոստանում եմ առաջիկայում երկացանկս ընդլայնել հարուստ ավանդույթներ ունեցող ձեր երաժշտարվեստի նմուշներով»:

Շվեյցարուհին, որ աշխարհի տարբեր երկրների նվագախմբերի ցանկալի հյուր է, նախ նշեց, թե առաջին անգամ է հանդիպում սիմֆոնիկ նվագախմբի, որի երաժիշտները բացառապես նույն ազգից են, հետո էլ իր հիացմունքը հայտնեց մեր օպերային թատրոնի նվագախմբի ու մասնավորաբար դիրիժոր Կարեն Դուրգարյանի պրոֆեսիոնալիզմի մասին:
Քանի որ Էլիանա Բուրկին նաեւ ճանաչված ջազային երգչուհի է, հարցրինք՝ այնուամենայնիվ, իրեն հարազատ է երգչակա՞ն, թե՞ գործիքային արվեստը: «Ծնվել եմ Լուգանոյում, որը հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ, դաշտերով… 4 տարեկանից մայրս դաշնամուրի դասեր էր ինձ տալիս, բայց ինձ ավելի ձգում էին ծննդավայրիս դաշտերը, որտեղ հաճախ կազմակերպվում էին սպորտային մրցումներ՝ երաժշտության ուղեկցությամբ: Հենց այդտեղ էլ եղավ իմ առաջին ծանոթությունը ալպհորնի՝ ալպիական եղջյուրի հետ: Սիրահարվեցի այս գործիքին ու չեմ պատրաստվում բաժանվել: Նաեւ չեմ պատրաստվում հանդես գալ իբրեւ ջազային երգչուհի: Մինչեւ 16 տարեկան սովորել եմ ջազային դպրոցում՝ հմուտ մասնագետների ղեկավարությամբ եւ շատ չանցած մասնակցել Բազելում կայացած բլյուզի փառատոնին: Մի խոսքով՝ երկու ոլորտներն ինձ հարազատ են ու համոզված եմ, որ ես իբրեւ ժամանակակից երաժիշտ՝ ունեմ իմ ասելիքը»,- ասաց արվեստագետը: Ռեպլիկին, թե կայանալիք համերգում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա՞ իրեն տեսնել նաեւ երգչուհու կարգավիճակով, Էլիանա Բուրկին ժպիտով պատասխանեց՝ գուցե…

Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ, երիտասարդ շվեյցարուհին մեծանուն շատ երաժիշտների օրինակով հանդես է գալիս բարեգործությամբ: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Իմ արվեստով հաճախ ներկայանում եմ մանկական այն հիվանդանոցներում, որտեղ կիրառվում է երաժշտական թերապիան: Համոզված եմ, որ սա էլ հոգեբանական եւ ֆիզիկական յուրօրինակ օգնություն է հիվանդ երեխաներին…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031