Օրեր առաջ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած տարեկան ընդհանուր ժողովում ակադեմիկոս Ջրբաշյանը դեմ արտահայտվեց Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու կառավարության ծրագրին։ Իսկ նիստին ներկա երիտասարդ գիտնականներից մեկը՝ Ղազար Գալոյանը, անդրադառնալով գիտնականների սոցիալական ծանր պայմաններին՝ հայտարարեց, որ մեր հայ նախարարները շքեղ մեքենաների փոխարեն կարող են հեծանիվ քշել։ Գիտնականի ելույթից հետո ԳԱԱ տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանը խոստացավ նրան, որ ինքը հեծանիվ կգնի։ Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ռ. Մարտիրոսյանի հետ։
– Հեծանիվ նվիրելո՞ւ եք։
– Այո, իհարկե։
– Ե՞րբ։
Կարդացեք նաև
– Ես հետաքրքրվել եմ խանութներում, դեռ չկա։ Շուտով, կնվիրեմ։
– Իսկ գիտնականի՝ Ղազար Գալոյանի, մտահոգությունների մասով՝ այն, որ գիտնականը կոշիկ չունի, իսկ հայ պաշտոնյաները «Ջիպ»-եր ու «Բրաբուս»-ներ ունեն։ Այս մասին ի՞նչ կասեք։
– Դա բոլորին էլ հայտնի է։ Դուք էլ այդ մասին քաջ գիտեք, որ այսօր մեր հանրության աշխատավարձը ցածր է։ Դա արդարացի բողոք է։ Ընդհանրապես մեր երկրում, համեմատած այլ երկրների, գիտության ֆինանսավորումը ցածր է։ Դա արդարացված է, որովհետեւ երիտասարդը, այս դեպքում նա՝ Գալոյանը, պետք է կարողանա մինիմալ սոցիալական խնդիրները լուծի, որպեսզի կարողանա նաեւ գիտությանն էլ օգտակար լինել։
– Այս խնդիրը լուծելու համար ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ եք։
– Դե, նախագահի հետ խոսել ենք, նա էլ խոստացել է, որ ինչ-որ հնարավորություններ լինելու դեպքում անպայման կնպաստի այս հարցին։ Սպասում ենք՝ հուլիսի 1-ին պետական աշխատողների աշխատավարձերի կարգավորման ժամանակ գուցե ինչ-որ փոփոխություն լինի։
– Սակայն Գալոյանին ավելի շատ հիասթափեցրեց Սերժ Սարգսյանի կատակը հեծանիվի մասով։
– Բայց երիտասարդը շատ լավ ասաց։
– Մինչդեռ Սարգսյանն անլուրջ մոտեցավ…
– Դե ոչինչ, ինչ անենք։ Նախագահն իրավունք ունի մի կատակ անի։
Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում