ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյասը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր 10 տարվա ընկերն է ու ինքը մի «փութ» հաց է կիսել նրա հետ։ Ինչի համար էլ, բնական է, պետք է նրան ընտրեր ԱԺ նախագահ։
– Պարոն Մարգարյան, Դուք ԲՀԿ խմբակցության միակ անդամն էիք, որ ԱԺ նախագահի ընտրություններից հետո բոլորին հայտարարեցիք, որ ընտրել եք Գալուստ Սահակյանին։ Մինչդեռ մյուս ԲՀԿ-ականները տարբեր հայտարարություններ են անում իրենց ընտրության հետ կապված։ Դուք խմբակցությունում նկատողություն չե՞ք ստացել։
– Ինչ նկատողություն պետք է լիներ խմբակցությունում, եթե կուսակցությունը ոչ մեկին չի առաջարկել եւ ազատ ռեժիմ է թողել, ով ում ցանկանում է՝ կարող է ընտրել։
– ԲՀԿ-ն լուրջ քննադատության ենթարկվեց այն պատճառով, որ հերթական անգամ քվեարկեց իշխանական թեկնածուի օգտին, այնինչ՝ կարող էր քվեարկել ընդդիմադիր թեկնածուի՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի օգտին։
– Դե, ԲՀԿ-ն քննադատության ենթարկվեց… բայց դա իր ղեկավարի որոշումն է եղել, որ մասնակցի քվեարկությանը։ Դա քաղաքական որոշում է եղել ու հենց այդպես էլ եղել է։ Եվ ես նորից եմ կրկնում, եղել է ազատ ռեժիմ, ով ոնց ցանկացել՝ այդպես էլ քվեարկել է։ Ու ես ազնվորեն ասել եմ, որ ես իմ ձայնը տվել եմ Գալուստ Գրիգորիչին ու ես բացարձակ այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Իշխանությունն ինքն է առաջադրել թեկնածու, իսկ իշխանական թեւն առաջադրել է Գալուստ Գրիգորիչին։ Եթե ԲՀԿ-ն թեկնածու ունենար, ապա կառաջադրեր, եթե չի առաջադրել՝ նշանակում է թեկնածու չունի ու ըստ դրա՝ դրել է ազատ ռեժիմ։
-Բայց կարծես թե այս քվեարկությունից հետո «հրաշալի քառյակ»–ում պառակտում է առաջացել, քանի որ ստացվում է այնպես, որ կարեւոր հարցերի շուրջ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի միջեւ միաձայն որոշում չի կայացվում։
– Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ որոշումը, նորից եմ կրկնում, կայացնում է ֆրակցիայի ղեկավարը։ Եթե սա ընդդիմության մեջ պառակտում լիներ, երեւի արդեն դա կլիներ, քանի որ իրենք էլի սկսել են միմյանց հետ աշխատել։
– Պարոն Մարգարյան, այնպիսի տպավորություն է, որ Դուք ԲՀԿ խմբակցության հետ որեւէ առնչություն չունեք, Ձեր եւ ԲՀԿ-ի դիրքորոշումները շատ հաճախ են տարբեր լինում։ Ինչո՞ւ եք մշտապես անկախ հանդես գալիս՝ լինելով խմբակցության անդամ։
– Բացարձակ, ես այժմ իմ անձնական կարծիքն եմ հայտնում ու դա բացարձակ կապ չունի թիմային կարծիքի հետ։ Ես որպես մեծամասնական պատգամավոր՝ Գրիշա Մարգարյան, իմ անձնական կարծիքն եմ արտահայտում։ Խմբակցությունը որպես այլընտրանք ինքը պետք է հիմա նայի ՀՀ կառավարության աշխատանքին, եթե, ասենք, կառավարությունը լավ կաշխատի, ուրեմն խմբակցությունը կտա իր դրական եզրակացությունը, եթե վատ, ապա բացասական։ Ինչ է նշանակում այլընտրանք՝ լավին լավ են ասում, վատին՝ վատ:
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում