Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակ երբ կա՞ օր, ժամանցի վայր էղնի»

Մայիս 01,2014 13:55

Գյումրեցի ուսանողները պարապը լցնելու խնդիր ունեն

Ի տարբերություն մայրաքաղաքի՝ «հայրաքաղաքում»՝ Գյումրիում, ժամանցի վայրերը քիչ են, որն էլ գյումրեցի ուսանողների համար խնդիր է ստեղծում առօրյան, ազատ ժամանակն ավելի հետաքրքիր ու հագեցած դարձնելու առումով: Ի՞նչ կերպ են անցկացնում ուսանողական առօրյան, որո՞նք են ուսանողների ժամանցի կազմակերպման հիմնական միջոցները եւ ի՞նչ վայրեր են հաճախում գյումրեցի երիտասարդները՝ փորձեցինք պարզել՝ հարցում անցկացնելով Գյումրու տարբեր բուհերի ուսանողների հետ:

usanox-1

«Մարդը մահանում է այն ժամանակ, երբ նրանում մահանում է ուսանողը. ճիշտ է, այս խոսքերը ես չեմ հորինել, բայց համաձայն եմ հեղինակի հետ, քանի որ ուսանողական տարիներն ամենագունավոր ու խենթ տարիներն են, ես փորձում եմ վայելել իմ ուսանողական կյանքի ամեն մի րոպեն՝ չնայած ափսոսանքով պիտի նշեմ, որ մեր քաղաքում հետաքրքիր ժամանցի վայրերը շատ չեն, եղածներն էլ՝ ոչ բոլորին են հասանելի: Հիմնականում մեր համալսարանի բուֆետում ենք հավաքվում, միասին սրճում ու գնում ենք տուն, երեկոյան էլ հարմար տեղ չկա, որ գնանք մի քիչ լիցքաթափվենք»,- ասաց ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Միքայելյանը:

«Ուսանողական տարիները հետաքրքիր եւ բազմաբովանդակ կազմակերպել քչերիս է հաջողվում: Ոչ բոլոր ուսանողներն են ֆինանսապես ապահովված: Քանի որ ժամանցի վայրերը քիչ են մեր քաղաքում, հիմնականում դասից հետո գնում ենք տուն: Եթե առիթներ են լինում, ընկերներով որեւէ սրճարան ենք գնում, բայց դա, իմ կարծիքով, լավագույն տարբերակը չէ: Երեւանի նման բազմաթիվ չեն մեր ժամանցի վայրերը, կարելի է ասել՝ մենք այլընտրանք չունենք, փորձում ենք մեզ համար ամենահարմար ու մատչելի տեղեր գնալ»,-դժգոհեց ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի 2-րդ կուրսի ուսանողուհի Ամալյա Հակոբյանը:

«Շատ ձանձրալի ու միապաղաղ է մեր ուսանողական առօրյան: Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ ենք կուրսով հավաքվել ու ինչ-որ տեղ գնացել, առանձնապես հետաքրքրություն չկա, որ պատմեմ»,- Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի (ԳՊՄԻ) 4-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Վարդանյանի մտահոգությունը նախորդներից չի տարբերվում: Գոհարի համակուրսեցիները եւս նույն կերպ մեկնաբանեցին իրենց ուսանողական առօրյան ու ժամանցի կազմակերպումը:

Բացասական ու դժգոհություն արտահայտող կարծիքների հետ մեկտեղ, եղավ նաեւ հետաքրքիր ու զվարճալի պատմություն, որը պատմեց ԳՊՄԻ-ի 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Վարդանյանը: «Սովորաբար բոլոր ուսանողները դասից հետո տուն են գնում, իսկ մենք սիրում ենք տարբերվել բոլորից:

Ունենք փոքրիկ տաղավար, որտեղ դասերից հետո հավաքվում ենք, նստում ենք, մի քիչ հանգստանում եւ րոպեներ անց բոլորս միաբերան նույն նախադասությունն ենք կրկնում՝ Գոքո՜ր, երգի՛ր: Եվ Գոքորն սկսում է երգել, ու բոլորը հիացած մեզ են նայում: Յուրահատուկ կուրս է մեր կուրսը, մենք ամեն առիթ կարողանում ենք տոնի վերածել ու չենք բողոքում»,- ժպտալով ասաց Լիլիթը:

Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանող Գեղամ Բաբայանն էլ գյումրեցուն հատուկ հումորով պատասխանեց. «Ժամանակ երբ կա՞ օր, ժամանցի վայր էղնի»:

ՍՏԵԼԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031