Լրահոս
Օրվա լրահոսը

Սովետական նոմենկլատուրիզմ

Մայիս 01,2014 14:55

Սերժ Սարգսյանի կադրախաղը եւ ՀՀԿ-ի մայիսմեկյան լոզունգները

Այն, ինչ Հայաստանում վերջին շաբաթներին կատարվում է կառավարության կազմավորման եւ Ազգային ժողովի ղեկավարի ընտրության գործընթացներում, ինձ հիշեցնում է սովետական ժամանակվա «փայլուն» ավանդույթները: Սերժ Սարգսյանը կոմսոմոլական եւ կոմունիստական «շկոլա» է անցել եւ, բնականաբար, տիրապետում է կուսակցական ինտրիգների տեխնոլոգիային: Եվ հենց ինտրիգը պահելու համար է, որ մտածելու եւ կադրեր ընտրելու պատրանք ստեղծելով՝ ձգձգում է կառավարության վերջնական ձեւավորումը ու հավանաբար «կայֆ է բռնում»՝ տեսնելով, թե ինչ անուններ են շոշափվում այս կամ այն պաշտոնների համար, երբ ինքը վաղուց արդեն գիտի, թե ում որտեղ է նշանակելու: Մի խոսքով՝ սովետական տարիներին Երեւանի կենտրոնական ավտոկայանում միամիտներին խաբող մատնոց ֆռռացնողների նման կադրախաղ է անում՝ նախարարացուներին էլ դնելով մատնոցի տակի «շարիկի» տեղ: Իսկ «շարիկների» դերում նոմենկլատուրային ցուցակում ընդգրկված անուններն են՝ ճիշտ ինչպես սովետի տարիներին. եթե մի անգամ հայտնվել ես այդ ցուցակում, էլ վերջ՝ քեզ պաշտոնից պաշտոնի կտանեն, հո չե՞ն թողնի, որ նոմենկլատուրայի անդամը անգործ մնա…

Եվ այս միանգամայն տրամաբանական շղթայում, բնականաբար, ոչ զարմանալի, ոչ էլ անակնկալ էր Գալուստ Սահակյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնում: Պատկերացնում եմ կարկառուն ՀՀԿ-ականների ռեակցիան՝ «նշանակումը» բառը կարդալիս… Նրանք կոմսոմոլական դեմագոգիայով կհայտարարեն, թե Գալուստ Սահակյանն ընտրվել է միանգամայն լեգիտիմ ընտրություններով… Ընտրությունների լեգիտիմությունը մի կողմ թողնենք, որովհետեւ եթե խորանանք, պարզ կլինի, որ էդտեղ լեգիտիմության փոշի անգամ չկար: Ընտրություն կոչված այդ նշանակումով ՀՀԿ-ն եւ նրա ղեկավարը վերջնականապես հաստատեցին այն, ինչ ապացուցված էր վաղուց՝ ՀՀԿ-ն վեր է ածվել ԽՄԿԿ-ի՝ նրա փայլուն ավանդույթներով:

ԽՄԿԿ-ն էլ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում նշանակում էր խամաճիկ մի որեւէ ծերուկի՝ ապահովելու նրա պատվավոր թոշակառուի կարգավիճակը: Հիշենք թեկուզ Կալինինին, ում Ստալինը «փայփայում էր», եւ ում էդպես էլ անվանում էին՝ «վսեսայուզնայա ստառոստա»: Երեւի ՀՀԿ-ն էլ պատրաստվում է Գալուստ Սահակյանին շնորհել «համահայկական ավագի» իրենց կարծիքով՝ պատվավոր կոչումը:
Կումունիստական փայլուն ավանդույթների «կոսմետիկ ռեմոնտի» ենթարկված տարբերակներից են նաեւ այդ՝ իրեն իշխող համարող կուսակցության ղեկավար մարմնի ամենշաբաթյա ժողովները, որից հետո Շարմազանովը բարձրանում է ամբիոն եւ սովետական հեռուստատեսության՝ «Վ Պալիտբյուրո ՑէԿա ԿաՊէէՍէՍ» արտասանող հաղորդավարի ձայնով հայտարարում, թե այսինչին կնշանակեն վարչապետ, այնինչին՝ ԱԺ նախագահ, չմոռանալով հընթացս ամեն երկրորդ բառից հետո հնչեցնել իր սիրելի առաջնորդի անունը եւ ամեն անգամ այդ անունը արտասանելիս հալվել հաճույքից:
Դե, քանի որ ՀՀԿ-ն վեր է ածվել սովորական սովետական կոմունիստական կուսակցության, երեւի պիտի իր ղեկավար մարմնի նիստում նաեւ հաստատի մայիսմեկյան կոչերը, որ նույն սովետական հաղորդավարի ձայնով կհնչեցնի Շարմազանովը:

Մոտավորապես այսպես.
– Կեցցե՛ մայիսի 1-ը՝ աշխատավորների միջազգային համերաշխության օրը:
– Հայաստանում մնացած աշխատավորնե՛ր, ավելի սերտ համախմբվեք հարազատ կուսակցության եւ նրա ձեւավորած կառավարության շուրջ:
– Թող կորչե՛ն արեւմտյան իմպերիալիզմի գործակալ գրանտակերները:
– Կեցցե՛ն մեր օլիգարխները, նրանք են ապահովում հարազատ կուսակցության եկամուտները:
– Կեցցե՛ Եվրասիական միությունը, անկցի՛ Եվրոպական ասոցիացիան:
– Կեցցե՛ն ընկեր Պուտինը եւ նրա ղեկավարած եղբայրական Ռուսաստանը:
– Եղբայրական ողջո՛ւյն Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի աշխատավորներին, որոնք պայքարում են միջազգային իմպերիալիզմի նկրտումների դեմ:
– Եղբայրական ողջո՛ւյն ուկրաինական նացիոնալիստների լծից ազատագրված Ղրիմի ժողովրդին:
– Արեւելյան Ուկրաինայի աշխատավորնե՛ր, մեր ջերմ աջակցությունը ձեր պայքարին:
– Կեցցե՛ ընկեր Սերժ Ազատի Սարգսյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ մեր բոլոր հաղթանակների ոգեշնչողն ու կազմակերպիչը:
– Մարքսիզմ-լենինիզմի դրոշով, Հանրապետական կուսակցության ղեկավարությամբ՝ առա՛ջ, առա՛ջ Հայաստան…

Պատկերն ամբողջացնելու համար Շարմազանովը կարող է այս կոչերն արտասանելու համար ամբիոնին մոտենալիս պիոներական վզկապ կապել եւ ամեն լոզունգը հնչեցնելուց հետո աջ ձեռքը ճակատին տանել:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ.- Այս հոդվածի վերնագիրը գրելիս ակամա նկատեցի, որ արհեստական ստեղծված նոմենկլատուրիզմ բառը հետաքրքիր զուգադիպությամբ «տուրիզմ» բաղադրիչն ունեցավ: Հիրավի, Սերժ Սարգսյանի կադրերի համար այս կամ այն պաշտոնին նշանակվելը ներգնա տուրիզմի է նման՝ այն տարբերությամբ, որ իրենք այդ տուրիզմի համար չեն վճարում: Վճարում ենք մենք՝ հարկատուներս, վճարում ենք, որ նրանք վայելեն այդ տուրիզմի բոլոր հաճույքները:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031