Ծիրանի մշակութային հանգույցի և Արարատյան հայրապետական թեմի ջանքերով իրականացվող «Արարատյան քննարկումներ»-ի շրջանակներում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում ապրիլի 30-ին ցուցադրվեց Շողակաթ հեռուստաընկերության՝ 2012 թ. պատրաստած «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» տեսաֆիլմը, որում բացատրվում և մեկնաբանվում են երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի՝ 2009 թ. թողարկված և մի քանի ամսում սպառված (հազար օրինակ) համանուն ձայնասկավառակում տեղ գտած այն 11 շարականները, որոնք Մ. Մաշտոցից հասել են մեզ, և որոնք յուրովի է մեկնում Վահան Արծրունին ու կատարում Հասմիկ Բաղդասարյանը:
Ֆիլմի ցուցադրությունից հետո կոմպոզիտորը խոսեց հայ հոգևոր երաժշտության և դրա տարբեր մեկնությունների նրբությունների մասին. «Մեր հասարակությունն այսօր թե´ ճաշակի, թե´ գիտելիքի առումով մոլորության մեջ է, որովհետև երբ չես ճանաչում սեփական մշակույթիդ տիրույթը, երբ չես տարբերում այն սահմանները, որոնք ընդգծում են քո ուրույնությունն ու առանձնացնում քեզ այլ ազգերի մշակութային տեսակներից, շատ հեշտ է մշակութային ձուլման ենթարկվելը, շատ հեշտ է այլ մշակութային տարածքներից արժեհամակարգեր որդեգրելն ու կորցնելը այն հիմնականը, որ նկարագրում է քո ազգային, մշակութային ինքնությունը,- ասաց Վ. Արծրունին: – Երբ շարականն իր բուն տարածքում՝ եկեղեցում է հնչում, դժվար է պատկերացնել, թե որևէ հավատացյալ այն երգելիս պիտի գիտակցի, որ սա, ասենք, հինգերորդ դարի նյութ է, կամ հեղինակային նյութ է, Մեսրոպ Մաշտոցինն է և այլն: Որովհետև շարականը ծիսակարգում այլ իմաստ ունի: Բոլորովին ուրիշ բան է, երբ շարականը տեղափոխում ենք աշխարհիկ դաշտ, որտեղ արդեն այն առավել հասանելի է դառնում ասենք այն մարդուն, որը շատ հաճախ դա լսելու հնարավորությունն անգամ չունի: Օրինակ՝ այլազգիները, որոնց իրական հպումն այս նյութին սահմանափակված է նրանով, որ նրանք չեն կարող մասնակցել ժամերգությանը, չեն կարող շարականներ լսել սրբազան տարածքում: Եվ ինձ համար սա իրական միջոց է առնչվելու երաժշտական այն հարստությանը, այն տեսակին, որը մերն է, որով պետք է մեզ ճանաչեն, մեր և մեր մշակույթի մասին խոսելիս հենց սրա հիման վրա ձևավորեն իրենց վերաբերմունքը մեր հանդեպ»:
Վ. Արծրունին այստեղ մի միջադեպ հիշեց, որը, ինչպես նա ասաց, իրեն պատմել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը. «Երբ ռոք երաժիշտ Յան Գիլանը Հայաստանում էր, երգչին ու նրա պրոդյուսերին հրավիրել են Մատենադարան՝ ծանոթացնելու մեր հոգևոր հարստություններին: Իսկ թանգարանում մշտապես հնչում են մեր 11 շարականները, և Հ. Թամրազյանն ասում է, որ Յան Գիլանն ու իր պրոդյուսերը, որ լրիվ այլ մշակույթի կրողներ են, այնքան կլանված են եղել այդ երաժշտությամբ, որ մի կողմ թողած ողջ ցուցադրությունը՝ պատի տակ նստած լսել են տասնմեկ շարականներն էլ: Հետո այդ պրոդյուսերը խնդրել է իրեն տալ ձայնասկավառակը, իսկ երբ նրան բացատրել են, որ դրանից չկա վաճառքում, խնդրել է, որ թեկուզ Մատենադարանինը իրեն տան: Բնականաբար, նրան մերժել են, բայց պրոդյուսերն այդպես էլ չհանգստացավ,- ասում է Վ. Արծրունին,- մեզ Ֆեյսբուքով գտավ և կարողացավ հասնել նրան, որ ստիպված եղանք սկավառակի վերջին օրինակներից մեկն ուղարկել նրան»:
Հասմիկ Բաղդասարյանն էլ, շարունակելով կոմպոզիտորի խոսքը, նկատեց, որ ճանաչողական առումով սա հենց մեզ է պետք, «որովհետև մենք սովոր ենք ինքներս մեզ ասել՝ մենք հայ ենք, մենք մշակույթ ունենք և այլն, բայց ուրիշը դա չգիտի, չէ՞: Պարզապես, պիտի նրանց ցույց տաս այդ ամենը, և վերջ, բոլոր խոսակցություններն ավարտվում են»,- համոզված է երգչուհին:
Իսկ ի՞նչ է նա զգում շարական կատարելիս:
Կարդացեք նաև
«Հստակ ասել, թե ինչ եմ զգում շարական կատարելիս, անհնար է: Երևի, այն զգացողությունն է, երբ կարողանում ես կտրվել ամեն ինչից: Պարոն Արծրունին մի շատ գեղեցիկ ձևակերպում ունի՝ երբ մարդը մարդուց վեր է բարձրանում: Ես չեմ կարող դա նկարագրել, և երևի թե պետք էլ չէ, որովհետև դա, հավանաբար, երկրային ինչ-որ վիճակի կբերի: Բոլորս էլ աղոթել գիտենք, և յուրաքանչյուրիս համար մեր աղոթքը աննկարագրելի մի տիրույթ է, և որը միայն մերն է»,- պատասխանեց Հ. Բաղդասարյանը:
«Նույնիսկ ֆիլմում («Մաշտոց. սրբազան մարգարիտներ» ֆիլմը նկատի ունի – Ս. Հ.) արտացոլված դրվագներից է պարզ երևում, որ Հասմիկը չի կատարում շարականը, նա վերապրում է այն»,- հավելեց Վ. Արծրունին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ