ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հանդեպ դժգոհության ֆոնին Բաքվում մոլեգնել է
«Հայաստանի օգտին լրտեսությամբ» զբաղվողների «որսը»
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել վերջին օրերին Ադրբեջանում: Վստահաբար ընթացող գործընթացներով կրտսեր Ալիեւի վարչակազմը ինչ-որ նոր փուլի մեկնարկի համար պարարտ հող է նախապատրաստում:
Օրերս Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարովիչը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանում տիրող քաղաքական իրավիճակի կապակցությամբ՝ կապված լրագրողներին ու քաղաքական ակտիվիստներին հալածելու նոր փաստերի հետ. «Ես ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերություններով զբաղվում եմ 1992-ից եւ չեմ տեսել ավելի վատթար իրավիճակ, քան այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Ադրբեջանում: Բաքուն քննադատում է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, իսկ Կոնգրեսի աշխատակիցներին մեղադրում է լրտեսության մեջ… Վարչակարգը վախենում է ոչ թե Ռուսաստանից կամ Իրանից, այլ՝ սեփական քաղաքացիներից: Նրանք անգամ գնում են այն քայլին, որ հյուրանոցներին արգելում են հյուրընկալել վարչակարգին քննադատող հասարակական կազմակերպությունների միջոցառումները»:
Ու մինչ Վաշինգտոնից վստահեցնում են, որ ԱՄՆ-ը աջակցում է քաղաքացիական դիվանագիտությանը` ոչ ֆորմալ, ժողովրդական դիվանագիտությանն ու մարդկային կապերին` Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ վստահություն եւ փոխըմբռնում կառուցելու գործընթացներին (երկու օր առաջ թվիթերյան էջում գրել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը), պաշտոնական Բաքուն Ալիեւի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի բերանով հայտարարեց. «Ավելի քան 15 տարի ԵՄ-ն ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն վերջին շրջանում չի ցանկանում այն ընդունել։ Ինչպե՞ս մենք կարող ենք դա հասկանալ։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ գերտերությունների ղեկավարները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իրենց կարծիքը հայտնեցին Ուկրաինայի հարցի վերաբերյալ, բազմիցս պահանջեցին հարգել միջազգային իրավունքները, սկսեցին հստակ միջոցներ ձեռնարկել։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա նրանցից ոչ ոք գոնե մեկ անգամ չի օգտագործել «այս հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում» արտահայտությունը։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ են նրանք այսպիսի երկակի մոտեցում ցուցաբերում այս հարցում»։
Ադրբեջանում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հանդեպ դժգոհության ֆոնին մոլեգնել է «Հայաստանի օգտին լրտեսությամբ» զբաղվողների «որսը»: Ադրբեջանի իրավապահների ուշադրության կիզակետում են հայտնվել ադրբեջանցի այն լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ Հայաստան են այցելել, մասնակցել միջազգային խորհրդաժողովների, դրանք հատուկենտ այն գործիչներն են, ովքեր համարձակվել են հարցազրույցներ տալ հայկական ԶԼՄ-ներին ու անկաշկանդ քննադատել իրենց երկրի իշխանություններին:
Կարդացեք նաև
Գրեթե երկու շաբաթ առաջ Թուրքիայից Ադրբեջան արտաքսվեց «Զերկալո» ադրբեջանական թերթի հայտնի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով՝ պետական դավաճանության, լրտեսության մեջ, ինչի համար սահմանված պատժաչափը 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկումն է: Միրկադիրովը «Զերկալո»-ի թղթակիցն էր Թուրքիայում, քննադատում էր թե՛ Էրդողանի կառավարությանը, թե՛ Ադրբեջանի իշխանություններին, ինչպես նաեւ Ռուսաստանի քաղաքականությունը։ «Ռաուֆ Միրկադիրովին մեղադրելը ակնհայտ ապացույցն է ավտորիտար ռեժիմի ճնշման սանձարձակության եւ ժողովրդական դիվանագիտության ու Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ որեւէ կապի լիարժեք արգելք է»,- նշել էր ադրբեջանական «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտ» ոչ կառավարական կազմակերպությունը եւ ընդգծել, որ լրագրողը հայ-ադրբեջանական տարբեր նախագծերի ակտիվ մասնակից է, բազմիցս այցելել է Հայաստան նույն կազմակերպության աշխատակիցների հետ: «Միրկադիրովին լրտեսության եւ հայրենիքի դավաճանության համար մեղադրելը խաչ է քաշում Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների՝ Հայաստան հետագա այցերի, Ադրբեջանում ժողովրդական դիվանագիտության եւ քաղաքացիական հասարակության զարգացման վրա»,- նշել էր օրեր առաջ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը: Երեկ, ինչպես հայտնում էր contact.az-ը, Միրկադիրովի փաստաբանը նշել է, թե Միրկադիրովը իր կալանավորման համար մեղադրել է ՌԴ հատուկ ծառայություններին, Միրկադիրովը համարում է, որ նրան կալանավորել են ՌԴ-ի վերաբերյալ քննադատական հրապարակումների համար:
Միրկադիրովի կալանավորումից օրեր անց` ապրիլի 28-ին, Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանից բերման ենթարկվեց Ադրբեջանի ամենահայտնի իրավապաշտպան ամուսնական զույգը՝ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսն ու պատմաբան, կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսը: Անձնական իրերի` ժամեր տեւած մանրակրկիտ խուզարկությունից հետո Արիֆ եւ Լեյլա Յունուսներին տեղափոխել էին նրանց բնակարան, որտեղ դատախազության աշխատակիցները եւ ոստիկանները փորձել էին առանց դատական որեւէ որոշման խուզարկություն անցկացնել Յունուսներին պատկանող տանը: Այնուհետեւ ոստիկանները Լ. Յունուսին տեղափոխել էին Գլխավոր դատախազություն` հարցաքննության, որը վարել էր նույն քննիչը, որը ղեկավարում է «Հայաստանի օգտին լրտեսության» մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործի նախաքննությունը: Լ. Յունուսն այս առիթով նշել էր. «Օրերս մենք Լաուրա Բաղդասարյանի հետ հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որում նշել էինք, որ Ադրբեջանում մեծ գործողություն է նախապատրաստվում, որի նպատակը «լրտեսների» մի մեծ խմբի բացահայտումն է: Այս ամենը հնարավորություն է տալիս իշխանություններին մեզ որպես լրտեսական մի ընտանիք ներկայացնել, ընտանիք, որ լրտեսական բանդա է կազմակերպել»: Երեկ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարել է, թե ադրբեջանական Սահմանադրությունը եւ մյուս օրենքները չեն արգելում ժողովրդական դիվանագիտությունը, եւ ինքը եւս հանդիսանում է ժողովրդական դիվանագիտության ակտիվ մասնակից` 1989-ից կազմակերպվող միջոցառումներին: Արդեն ապրիլի 28-ին համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որոնցում Լ. Յունուսը պատմում էր ադրբեջանցի իրավապահների անմարդկային վերաբերմունքի մասին, թե ինչպես էին իրեն կալանավորող ոստիկանները արգելել նույնիսկ զուգարան գնալ, իսկ երբ ի վերջո թույլ էին տվել մտնել` մեկ ոստիկան նրա հետ ներս էր մտել զուգարան: Շուրջ 9 ժամ տեւած հարցաքննությունից հետո Լ. Յունուսին ի վերջո թույլ էին տվել դուրս գալ երկրի Գլխավոր դատախազության շենքից: Լ. Յունուսի համոզմամբ` վերջին իրադարձությունները երկրում մնացած հատուկենտ իրավապաշտպաններին լռեցնելու նպատակ են հետապնդում:
Ի դեպ, երեկ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» բավական ուշագրավ ու կոնկրետ շեշտադրումներով անդրադարձ էր կատարել Ադրբեջանում ծավալված «լրտեսական» թեմային՝ նշելով, թե Լ. Յունուսի նկատմամբ «վերաբերմունքը միանշանակ չէ, քանի որ Ադրբեջանի բնակչության մի մասի մոտ նա ընկալվում է որպես գործող իշխանությանը քննադատող, եւ նա ժամանակ առ ժամանակ քաղբանտարկյալների ցուցակներ է կազմում, որոնցում, որպես կանոն, ընդգրկվում են ահաբեկիչներ, անջատողականներ, կաշառակերներ եւ նույնիսկ պետական դավաճաններ»:
Նույն օրերին Բաքվում մեկ այլ փաստ էլ ի հայտ եկավ. հայտնաբերվեց Mizan Terezi թերթի գլխավոր խմբագրի այրված դիակը: Համացանցում հայտնվել էին ցնցող կադրեր, որոնցում պատկերված է, թե ինչպես են փրկարարներն ավերակների տակից դուրս բերում թերթի խմբագրի այրված դիակը: Նախնական տվյալներով՝ Սոլթանովին այրել էին, ապա հուղարկավորել: Գլխավոր խմբագրի սպանությունը կապում էին նրա հետ, թե օրեր առաջ թերթի աշխատակցուհիներից մեկը Սոլթանովին մեղադրել էր իրեն բռնաբարելու մեջ, բայց հետաքննությունը հետագայում չէր հաստատել տվյալ փաստը:
Պնդել, թե Ադրբեջանում այնպիսի հզոր ընդդիմություն կա եւ կրիտիկական այնպիսի մասսա, որը վաղը կարող է սպառնալիք դառնալ Ալիեւի իշխանությանը, իհարկե՝ չափազանցություն կլինի, ուստի այս առումով կապը այսօր Ադրբեջանում ստեղծվող վախի ու սարսափի մթնոլորտի միջեւ ճիշտ չէր լինի: Թե որն է Ալիեւի իրական նպատակը, թե ինչ խնդիր է նա լուծում՝ թերեւս, ժամանակի ընթացքում ավելի հստակ կերեւա: Ներկա պահին եղած միակ փաստն այն է, որ Ալիեւի իշխանության թիրախում է հայտնվել ժողովրդական դիվանագիտությունը` միջազգային համաժողովներում ու արեւմտյան հիմնադրամների ֆինանսավորմամբ ծրագրերում հայերի հետ շփումներ ունեցող ադրբեջանցիները:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ