Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության կպչուն հոտը

Մայիս 01,2014 13:45

Ամեն անգամ, երբ որեւէ նորմալ մարդու պաշտոն են տալիս, ես անհանգստանում եմ նրա համար: Պարտադիր չէ, որ այդ մարդիկ իրենց պաշտոնավարության ժամանակ անպարկեշտ արարքներ թույլ տան: Սակայն համապատասխան միջավայրը, որոշակի մտավոր եւ հոգեւոր մակարդակը չեն կարող իրենց հետքը չթողնել: Եվ եթե նույնիսկ նրանք մի քանի ամսում կամ մի քանի տարում այդ միջավայրին հատուկ հայհոյանքները չեն սերտել, ուտելու ժամանակ չփչփացնելու սովորություն չեն ձեռք բերել եւ իրենց նյութական վիճակը չեն բարելավել, միեւնույն է, այդ` հիմնականում դրական ներուժ ունեցող մարդիկ ընկալվում են որպես «նրանցից» մեկը: Մի քանի ներկա եւ նախկին նախարարների մասին դա կարելի է ասել անվերապահ եւ վերապահումներով` երկրորդ դեպքում այն պատճառով, որ, իմ տպավորությամբ, նրանք էապես փոխվել են պաշտոնավարության ընթացքում:

Պատկերացրեք, նույն տագնապն ունեմ, երբ իմ շրջապատի կամ, ենթադրաբար, իմ արժեքները դավանող մարդիկ դառնում են պատգամավոր: Նույնիսկ խիստ ընդդիմադիր: Որովհետեւ ինչքան էլ դու «քլնգես» իշխանությանն ու նրա ներկայացուցիչներին, ամիսը առնվազն 8 օր Շմայսի կողքը նստելուց դու, ուզած-չուզած, որոշակի «շմայսություն» ես ձեռք բերում, վարակվում ես նրա աշխարհընկալմամբ: Հաշվի առնենք նաեւ, որ քաղաքականությունը, ինչպես գիտենք, պրագմատիկ ոլորտ է. այսօր դու ընդվզում ես նման կերպարների դեմ, իսկ վաղը գալիս ես այն եզրակացության, որ հենց Շմայսը կամ Թոխմախի Մհերն է հայկական Իվանիշվիլին, եւ հենց նա՛ է փրկելու հայ ժողովրդին` իրականացնելով օլիգարխա-դեմոկրատական հեղափոխություն:

Նոմենկլատուրան իշխանական կամ անգամ ընդդիմադիր ցանկացած մարդու հաղորդում է որոշակի «քառակուսիություն»` մտահորիզոնի եւ վարքի վրա դնելով կաղապարներ, պարտադրում է աշխարհայացք, որը հեռու է կյանքի իրական ընկալումներից: Բայց իրական կյանքի հետ չառնչվելը նրանց չի խանգարում կրկնել «էս խեղճ ժողովրդի մասին» ավանդական մտահոգությունները:

Բայց, իհարկե, առավել վտանգավոր է իշխանական լծակներին մոտ գալը: Ընդ որում, ինչպես ասել է անգլիացի մի պատմաբան՝ իշխանությունը այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակապես: Այն իշխանությունը, որը կա Հայաստանում, մոտ է բացարձակին` այն իմաստով, որ գրեթե անվերահսկելի է, եւ իշխանության լծակները մեր տիպի երկրներում մեխանիկորեն նշանակում են նաեւ «փողային լծակներ»: Ոչ ոք չի հավատում, որ մարդիկ ձգտում են պաշտոնների` «հայրենիքին ծառայելու» նպատակով: Լուծումը, իհարկե, վերահսկելիությունը բարձրացնելն է, ինչի սաղմերը վերջին 3-4 տարում նկատվում են:

…Մի խոսքով՝ ուրախ եմ Վաչե Գաբրիելյանի եւ Հրայր Թովմասյանի համար, որ նրանք այլեւս նախարարներ չեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Երբ սկսեցի կարդալ Ձեր հոդվածը, առաջինը հենց Վաչե Գաբրիելկանի մասին մտածեցի: Ես էլ եմ ուրախ, որ նա այլևս նախարար չէ՚: Ավելին, հուսով եմ՝ նրա պաշտոնն ավելի կիջեցնեն և նա կրկին կդասախոսի: Որպես նրա նախկին ուսանող կարող եմ պնդել, որ նա ամենակիրթ և բազմակողմանի զարգացած դասախոսներից է ոչ միայն Հայաստանում, և նման դասախոսներ մեզ շատ են պետք, եթե ուզում ենք կիրթ սերունդ ունենալ:
    Իսկ Հովիկ Աբրահամյանի թիմը առանց Գաբրիելյանի էլ յոլա կգնա, ի վերջո մի ծաղկով գարուն չի գա:

  2. Արսեն says:

    Որ ասում էի՝ «կզգաք», չէիք հավատում..)))..
    Փաստորեն, կառավարության մեջ եղածների նկատմամբ զգում եք մոտավորապես նույն բանը, ինչ ես զգում եմ Հայաստանում մնացած մարդկանց նկատմամբ։ Անհանգստություն, որ որպես մարդ արդեն փչացել են (հիմնականում՝ ճիշտ եմ դորս գալիս), և հույս, որ մի 10 տարի հետո (եթե Հայաստանյան որևէ բանի հետ չշփվեն), որ ձեռք կբերեն մարդկային արժեքներ։
    Կնշեի, որ ամբողջ կյանքը Հայաստանում ապրելուց, «լավ» տղերքի հետ շփվելուց, կաշառք տալուց, «գլխիդ ճարը» տեսնելուց, «մլիցեքի» հետ շփվելուց, աշխատելուց… «հալկականուքյուն» ես ձեռք բերում, և ինչքան էլ Հայաստանում այդ ամենը «քլնգես», մեկ է, վարակվում ես այդ աշխարհընկալմամբ:
    Հաշվի առնենք նաեւ, որ կյանքը, պրագմատիկ ոլորտ է. այսօր դու ընդվզում ես նման երևույթների դեմ, իսկ վաղը գալիս ես այն եզրակացության, որ հենց այսօրվա «լավ տղեն», «շուստրին», փնթփնթացող թոշակառուն (անկախ տարիքից)՛ է փրկելու հայ ժողովրդին` իրականացնելով դեմոկրատական հեղափոխություն ..)))..
    Հայաստանում ապրելը իշխանական կամ անգամ ընդդիմադիր ցանկացած մարդու հաղորդում է որոշակի «քառակուսիություն»` մտահորիզոնի եւ վարքի վրա դնելով կաղապարներ, պարտադրում է աշխարհայացք, որը հեռու է կյանքի իրական ընկալումներից: ..)))..
    …Մի խոսքով՝ ուրախ եմ բոլոր այն մարդկանց համար, որ նրանք այլեւս Հայաստանում չեն: ..))..

  3. Mher says:

    Հենց Վաչե Գաբրիելյանը ցույց տվեց, որ նորմալ մարդուն պաշտոն տալը չպետք է անհանգստացնի: Երևի թե կառավարության միակ անդամն էր որ պիտի մնար:

  4. Տիգրան says:

    Որոշ բաներ անհասկանալի մնացին թե հոդվածից, թե Մարիամի մեկնաբանությունից: Պարոն Աբրահամյանն ուրախ է, որ Վաչե Գաբրիելյանն ու Հրայր Թովմասյանն այլեւս նախարարներ չեն, ինչո՞ւ, որովհետեւ լավ մարդիկ են ու չարժե՞, որ ի դեմս լավ մարդկանց մենք նախարարներ կունենանք, թե՞ շատ վատն են ու չարժե, որ ի դմես նման վատ մարդկանց մենք նախարարներ ունենանք: Ի հավելումն Մարիամը գրում է, որ առաջինը հենց Վաչե Գաբրիելկանի մասին մտածեց: Եւ ուրախ է, որ նա այլևս նախարար չէ: Ավելին, հուսով է, որ նրա պաշտոնն ավելի կիջեցնեն և նա կրկին կդասախոսի: Որպես նրա նախկին ուսանող կարող է պնդել, որ նա ամենակիրթ և բազմակողմանի զարգացած դասախոսներից է ոչ միայն Հայաստանում, և նման դասախոսներ մեզ շատ են պետք, եթե ուզում ենք կիրթ սերունդ ունենալ: Իսկ Հովիկ Աբրահամյանի թիմը առանց Գաբրիելյանի էլ յոլա կգնա, ի վերջո մի ծաղկով գարուն չի գա: Փաստորեն, ըստ Մարիամի դասախոսը ավելի ցածր մարդ է, քան նախարարը: Անկեղծ` չգիտեի: Եւ շատ զարմանալի է, որ ամենակիրթ և բազմակողմանի զարգացած դասախոսներից մեկը կարողացավ ուրախության առիթ դառնալ, որ այլեւս նախախար չէ եւ հասցրեց համալրել Հայաստանին ոչ մի լավ բան չտվող չինովնիկների ստվար շարքը:

    • Մարիամ says:

      Հարգելի Տիգրան, ես բոլորովին ի նկատի չունեի, որ դասախոսի պաշտոնն ավելի ցածր է: Պարզապես նախարար դառնալուց հետո Վաչե Գաբրիելյանը ժամանակի սղության պատճառով այլևս չէր դասախոսում: Պաշտոնի իջեցման դեպքում կրկին կգտնի հուսով եմ անհրաժեշտ ժամանակը:
      Գաբրիելյանի և այլ գրագետ մարդկանց կարիքը շատ կա կառավարությունում և իրեն հարգող յուրաքանչյուր ազգ նման մարդկանց է ընտրում նախարարներ ու պատգամավորներ, այլ ոչ Սամվել բարերարների:
      Մեր իրականությունում պատկերը բոլորովին այլ է: Ասածս, որ մի ծաղկով գարուն չի գա այն է, որ Գաբրիելյանը և նման կիրթ մարդիկ Կառավարությունում հատուկենտ են, որոնք ի վերջո էական ազդեցություն չունեն կառավարման համակարգի վրա. միայնակ ոչ կարող են կաշառակերության դեմ պայքարել, ոչ էլ առավել ևս վերնախավին համոզեն, որ ժողովրդին անխնա չթալանեն:
      Իմ անձնական համոզմամբ, նրանք իրենց գիտելիքներն ու հմտություններն ավելի արդյունավետ կարող են ծառայեցնել մեր հասարակությանը, քան ներկայիս համակարգում Նախարար աշխատելով: Բայց դա իհարկե միայն իմ անձնական համոզմունքն է;

      • Տիգրան says:

        Ես` որպես գործարար, անձամբ եմ շփվել Գարբրիլեյանի եւ նրա ղեկավարած կառույցի` ֆիննախի հետ: Ցավոք, չեմ տեսել ոչ մի պրոֆեսիոնալիզմ: Տեսել եմ միայն անտարբերություն կոնկրետ իմ եւ իմ կողմից վերհանված բոլոր հարցերի նկատմամբ: Այդ մարդիկ ծառայում են միայն ռեժիմին ու ամեն ինչին նայում են միայն սեփական, անձնական շահի տեսանկյունից: Ամեն կերպ կարող եմ ասածս ապացուցել:

  5. Արտակ Գաբրիելյան says:

    Վերջի տարիներին պետական ծառայությունների որակի բարելավման բազմաթիվ օրինակներ կան սկսած պետական ռեգիստրից մինչև պետական կադաստր: Հնարավոր չի՞, որ հենց էտ Գաբրիելյանի ու էն մյուս նորմալ մարդ-նախարարներն էլ են որոշ դեր խաղացել էտ փոփոխություններում: Թե դրանք իրանք իրանց են եղել: 100 հազարավոր չինովնիկներ որ համակարգչից վախի ու զզվանքի խառր զգացում ունեին, հանկարծ իրանք իրանց որոշեցին էլեկտրոնային կառավարում զարգացնեն: Ոչ մի նախարար բան կապ չուներ: Նախարարները հիմնականում էտ ընթացքում նստած Շմայսի կողքը նստած փորձում էին Շմայսին նմանվեն:

    Կարողա փոխանակ էտ նորմալ մարդկանց հանելու վրա ուրախանալու, ուրախանաինք որ էտ մարդկանց նշանակել են, ու տխրեինք ոչ նորմալների նշանակվելու վրա: Էտ ժամանակ երևի թե հասկանալի կլիներ թե հասարակության որ շերտը ինչ նախարարների ա նախընտրում, և այլն …

  6. Stepan says:

    Վատ օրենքներով բաց լավ չինովնիկներով կարելի է երկիրը ղեկավարել, վատ չինովնիկներով լավ օրենքներով երբեք:

    Բիսմարկ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031