Արդեն շուրջ 8 տարի է անցել այն օրից, երբ տեղի ունեցավ Վարդուհի Վարդանյանի չարաբաստիկ ավտովթարը, որը խլեց նրա կյանքը: Սակայն նրա ընկերները, բարեկամները, աշակերտները շարունակում են հիշել երգչուհուն և վառ պահել նրա հիշատակը:
Այսօր Համազգային պետական թատրոնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական hամալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր համերգ՝ նվիրված Վարդուհի Վարդանյանին, որը հանդիսանում է ԵՊԼՀ շրջանավարտ:
«Վ. Վարդանյանի երգերը բրյուսովականների շուրթերից» խորագիրը կրող միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ԵՊԼՀ ուսանողներ, շրջանավարտներ, այդ թվում նաև երգչուհի Մարին, Հայաստանի Ձայնի մասնակից Օվսաննա Խուբլարյանը և այլք:
Սոնա Ռուբենյանը, որը հինգերորդ Հայսուպերսթարի հաղթողն է և այս տարի Հայաստանը ներկայացնելու է «Новая Волна» երգի մրցույթում, նույնպես հանդես եկավ Վ. Վարդանյանի երգերի կատարմամբ: Ի դեպ, Սոնա Ռուբինյանը և Մարին Վարդուհու սաներն էին և հիշեցին մի քանի պատմություններ՝ կապված երգչուհու հետ. «Մենք Երգի պետական թատրոն գնում էինք ոչ թե դասի, այլ որ ամեն օր Վարդուհի Ռուբենովնայի հետ նկարվեինք ու ստորագրություն վերցնեինք»:
Վարդուհու երգերի մեծամասնության հեղինակը Արթուր Գրիգորյանն է: «Նրա յուրաքանչյուր երգ ունի իր պատմությունը, ինչպիսին նրա կերպարն էր՝ վառ, անհատական, և այժմ կրկին նրա երգերը երգելը շատ մեծ պարտականություն է ու շատ դժվար»,– ասում է Ավետ Բարսեղյանը:
Ի դեպ, Վ. Վարդանյանի «Только ты» երգի հեղինակը այժմյան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Այն սկզբում գրված էր տղամարդու անունից, և հետո Վարդուհու կողմից ներկայացվել է որպես իգական սեռի խոսք:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին փոքրիկ տեսանյութեր, որտեղ Վարդուհու ընկերները՝ Սյուզան Մարգարյանը, Անդրեն, Արմինկան, Նաիրա Գյուրջինյանը, Արսեն Սաֆարյանը, Եղիշ Վերդյանը, Վ. Վարդանյանի հարազատ քույր Քրիստինե Վարդանյանը և այլք պատմություններ են հիշում երգչուհու հետ կապված: «Ես ինձ կարող եմ համարել Վարդուհու մայրը»,– ասում է Նաիրա Գյուրջինյանը, որը Վ. Վարդանյանին ճանաչում էր դեռևս 10 տարեկանից:
Աննա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բարև ձեզ… Կարող ենք միջոցառումը տեսնել….