«Ցավում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը զղջում է աղոթքի համար ու չեղած բաներ հորինելով կարծես ներում է հայցում՝ հասկանալի չէ ումից»,- ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը News.am-ի հետ զրույցում այսպես էր պատասխանել Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ Ծիծեռնակաբերդում համատեղ աղոթքի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը քմծիծաղ է տվել իր թիկունքում: Վլադիմիր Գասպարյանն ասել էր, որ «Քրիստոնյան գիտի՝ աղոթքի համար չեն ապաշխարում, աղոթքո՛վ են ապաշխարում: Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտի կամ այդպես չի ընկալում աղոթքը, ներում եմ նրան, որովհետեւ ներումն էլ մեր Տիրոջ պատվիրանն է»:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ քմծիծաղ եղել է. «Ասել եմ, որ ամիսներ անց ես վիդեոներ տեսել եմ, որտեղ քմծիծաղի նման մի բան եմ տեսել եւ դրանից հետո ես այլեւս ասելիք չունեմ: Դրան ի պատասխան՝ ոստիկանապետն իր գնահատականը տվեց: Դա իր իրավունքն է: Եթե աստվածավախ խոնարհումի իր անկեղծ արտահայտությունն է, դա, իհարկե, իր իրավունքն է: Ես պարզապես լռում եմ:
Դուք գիտեք, որ իմ ամբողջ քարոզարշավի ժամանակ աշխատեցի քաղաքացու եւ ոստիկանի համերաշխության ուղղությամբ: Նույն այդ օրը, երբ 18 տարեկան ոստիկաններ եւ բողոքավոր քաղաքացիներ դեմ դիմաց էին, ես որոշեցի եւ ճի՛շտ որոշեցի, որ ոչ մեկի արյունը չարժի թափել: Իսկ այն, որ Ծիծեռնակաբերդ մենք գնացինք, կարող է մարդիկ համաձայն լինեն կամ չլինեն, ես գնալու մասին հայտարարեցի հարթակից եւ ով միացավ այդ արշավին եւ մոմավառությանը՝ միացավ: Այդտեղ իմ կարծիքով ոչ անվանարկում կար, ոչ վիրավորանք: Եթե այդ հայտնի կադրի մեջ այլ բան է, քան քմծիծաղ, ուրեմն ես հերթական անգամ ներողություն կխնդրեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ախր զզուեցանք Ռաֆֆիէն ալ,ԲՀԿ-էն ալ,Մարզպետներէն ալ ,մնացեալ բոլոր դրածոյ արարածներէն ալ,
մեզի խօսեցէք,անծանօթ նոր սերունդի անծանօթ հեռոսներու մասին։Քիչ մը մաքուր օդ շնչենք։
Վովա Գասպարյանը փարիսեցիության չեմպիոն ու անդերազանցելի ռեկորդակիր է աստվածաշնչյան ժամանակներից:
Իսկ քմծիծաղը կար, դա տեսել և քննարկվել է, ողջ հասարակության տեսածը հերքելը հերթական ռեկորդ է