Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի շուկայի «դատական էպոպեան» շարունակվում է

Ապրիլ 30,2014 21:24

Իջեւանի քաղաքապետարանը 2013թ. քաղհայց է ներկայացրել «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի դեմ՝ գործարքն անվավեր ճանաչելու եւ որպես հետեւանք իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջներով: Քաղաքապետարանը դատարանին հայտնել է, որ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի 2005թ. փետրվարի 24-ի թիվ 30 որոշմամբ Իջեւանի Երեւանյան թիվ 1 հասցեում գտնվող 448 քառակուսի մետր մակերեսով հողամասն առանց մրցութային կարգի, 90 տարի ժամկետով, տարեկան 12 հազար դրամ վարձավճարով, շուկայի ընդլայնման նպատակով վարձակալությամբ տրամադրվել է «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ին; Որոշումը կայացնելու համար հիմք է հանդիսացել քաղաքաշինության խորհրդի դրական եզրակացությունը եւ կառավարության 2003թ. մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշման 8-րդ գլխի 44-րդ կետի Է) ենթակետը: Որոշման հիման վրա 2005թ. մարտի 9-ին Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի միջեւ նոտարական կարգով կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր եւ կատարվել պետական գրանցում:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացնելիս հաստատել է , որ Իջեւանի շուկայի հարեւանությամբ, միջպետական ճանապարհի կողքին գտնվող այդ հողամասի նպատակային նշանակությունը եղել է էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, մինչդեռ պետական գրանցման մատյանում եւ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում հողամասի նպատակային նշանակությունը նշվել է որպես բնակավայրերի եւ առկա չէ որեւէ ապացույց լիազոր մարմնի կողմից հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ: 2013 թ. հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը վճռել է Իջեւանի քաղաքապետարանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի միջեւ 2005 թվականի մարտի 9-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը եւ որպես հետեւանք անվավեր ճանաչել 448 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2005թ. մարտի 14-ին կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը:
«Իջեւանի շուկա» ՍՊԸ-ն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել: 2014թ. փետրվարի 6-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը(նախագահող դատավոր՝ Ի. Վարդանյան) որոշել է վերաքննիչ բողոքը մերժել եւ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. հոկտեմբերի 4-ի վճիռը թողնել անփոփոխ: Շուկայի տնօրինությունը վճռաբեկ բողոք է բերել: 2014թ. ապրիլի 9-ին վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ,որ վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են դատական սխալը,նոր երեւան եկած կամ նոր հանգամանքները, որ ներկայացված վճռաբեկ բողոքում չի հիմնավորվել դատական սխալի առկայությունը: Վճռաբեկ դատարանը որոշել է բողոքի թերությունները վերացնելու եւ այն կրկին ներկայացնելու համար սահմանել մեկամսյա ժամկետ՝ որոշումը հրապարակելու պահից:

Իջեւանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ դեպի միջպետական ճանապարհ շուկայի ընդլայնման պատճառով ավելի է դժվարացել երթեւեկությունն առանց այդ էլ հաճախ խցանվող այդ հատվածում, շուկային ավելացված տաղավարները աղճատում են շենքի ճարտարապետական դիմագիծը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930