«Այդ մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում: Դա սուտ է եւ զրպարտանք: Պարզապես, իմ` պատգամավոր դառնալը փորձ է արվում օգտագործել, հերյուրանքներ տարածելու համար: Հաճելի չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Հիշեցնենք, վերջինս լուծարված ՀԺԱՄ-ի նախագահն է, ով պատգամավոր դարձավ վերջին քաղաքական վերադասավորումների արդյունքում: Խոսքն այսօր մեր թերթում տպագրված Գ. Ֆ. Բաղրամյանի բաց-նամակի մասին է, որում մեղադրանքներ կան, այդ թվում, նաեւ Վահրամ Մկրտչյանի հասցեին`Արտակ Ղուկասյանին թալանելու, սնանկացնելու, առեւանգելու եւ այլնի մասին: «Եթե Վահրամ Մկրտչյանն այսօր դավաճանեց, առեւանգեց, թալանեց, սնանկացրեց իր ընկերոջը՝ Արտակ Ղուկասյանին, մի՞թե նա կարող է ունենալ պետական մտածողություն եւ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո չթալանել մեր հայրենիքը: Եթե Վահրամ Մկրտչյանը Հուդայի նման ուրացավ տարիներ շարունակ իրեն տոկոս տվող ընկերոջը, նրա հետ կիսած աղն ու հացը, մի՞թե նա կարող է ունենալ ազգային եւ պետական մտածողություն եւ պաշտպանել հայ մարդու շահերը»,- մասնավորաբար ասված է նամակում:
ԵՊՏՀ դասախոս Արտակ Ղուկասյանի գործին, վերջին երկու ամիսների ընթացքում «Առավոտը» մի քանի անգամ է անդրադարձել` հրապարակելով Ղուկասյանի ընտանիքի անդամների բաց-նամակները եւ դիմում-բողոքները: Վահրամ Մկրտչյանը հիշեցնում է, որ Ղուկասյանների բողոքներին ինքը եւ մնացյալ տուժողները չեն արձագանքել, քանի որ գործը նախաքննության փուլում է եղել: Բայց ապրիլի 3-ին ՀՔԾ-ն սույն գործի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում մասնավորաբար ասվում է. «Ըստ ՀՔԾ-ի, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2009-2012թթ. Արտակ Ղուկասյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 28 քաղաքացուց հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 1 մլրդ 761 մլն 781 հազար 986 ՀՀ դրամ, յուրացման եղանակով` 9 քաղաքացուց հափշտակել է խոշոր չափերի` 1 մլն 372 հազար ՀՀ դրամ: Բացի այդ, Ա. Ղուկասյանը օգտագործել է իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր»:
Վահրամ Մկրտչյանը ցավում է, որ ՀՔԾ-ի հաղորդագրությունից հետո անգամ, մամուլում շարունակվում են զրպարտչական բնույթի հրապարակումները` հավելելով, որ Արտակ Ղուկասյանը ոչ թե իր ընկերն է եղել, որին ինքն իբր դավաճանել է, այլ իր ենթական, ում հետ գործնական հարաբերությունների մեջ է եղել: «Ինչ վերաբերվում է ծեծին, առեւանգման եւ այլն, որն իբրեւ իմ սանիկի հետ ենք արել, նման բաներ չեն եղել: ՀՔԾ-ն նման հայտարարություն տվողներից հանգամանալից բացատրությունն է վերցրել եւ կայացրել է որոշում` քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Դա եղել է մարտի 14-ին, երբ ես դեռ պատգամավոր չէի եւ որեւէ կերպ չէի էլ կարող պատգամավորական դիրքս չարաշահել` տարբեր մարմիններից որոշակի բաներ կորզելու համար»,- ասաց մեր զրուցակիցը հավելելով, որ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որի անունը հոլովվում է բաց-նամակում եւ որի հովանավորը հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանն է, բարեգործական հիմնադրամ է, որը ուսման վարձի տեսքով համեստ գումարներ է տրամադրում երիտասարդ ուսանող-գիտնականներին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վահրամ Մկրտչյանը մի քանի կուսակցություն փոխած, շահամոլ ու երկդիմի մի էակ է,որը ո’չ գիտության հետ կապ ունի, ո’չ էլ ` կրթության, ինչը հարիր է հհկ ,,դատարկ դհոլի,, համաստեղությանը….!!!