ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները Ազգային ժողովում հնչած հարցերին
Թևան Պողոսյան. Թուրքիայի վարչապետը ապրիլի 23-ին հղել է պաշտոնական ուղերձ, որին Երևանը պատասխանել է, որ դա Ցեղասպանության մերժման նոր ձև է: Բնականաբար, կիսում եմ Ձեզ հետ այս կարծիքը, իսկապես՝ շատ ցավալի է, որ 99րդ տարելիցին այդ տեսակի իրավիճակ է, բայց Ձեր պատասխանից հետո, այնուամենայնիվ, Էրդողանը շարունակում է խոսել, շարունակում է հիացած լինել իր իսկ ուղերձով, և ավելին՝ ապրիլի 29-ին արել է “հերոսական” հայտարարությունն առ այն, որ, քանի որ Թուրքիայում ապրում են հայեր, նրա ապացույցն է, որ Թուրքիայում Ցեղասպանություն տեղի չի ունեցել։ Այդ հարցով մեր կողմից դեռևս որևէ պատասխան չի եղել: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը դրա վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյան. Գերմանիայում այսօր մեծ թվով հրեաներ են ապրում, բայց որևէ մեկը չի հանդգնի կասկածի տակ դնել Հոլոքոստի իրողությունը։ Թուրքիան ճիշտ կաներ հետևեր Գերմանիայի օրինակին՝ ճանաչեր, դատապարտեր և ներողություն խնդրեր։
1915 թ. Թալեաթը Գերմանիայի Գլխավոր Հյուպատոսին ասում էր, թե հայկական հարց չկա, որովհետև այլևս հայ չկա: 99 տարի անց հայերը միջազգային հանրության հետ միասին պայքարում են նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների բացառման համար և սպասում են Թուրքիայի կողմից քաղաքակիրթ քայլերի:
Թևան Պողոսյան. Շնորհակալություն: Ձեր՝ այստեղ գտնվելու առիթն օգտագործելով՝ նաև կցանկանայի Ձեր տեսակետը լսել հետևյալի մասին. մի քանի օրից Ադրբեջանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Վերջին մի քանի օրերին մենք տեսնում ենք, թե ինչպիսին է այնտեղ մարդու իրավունքների իրավիճակը, և քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են ձերբակալված, մեղադրված կամ ծեծված: Որպես արդեն նախագահած երկրի արտաքին գործերի նախարար՝ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը դրա մասին, և չեք պատրաստվում արդյո՞ք բարձրաձայնել Եվրոպայի Խորհրդում այս խնդիրը և ի՞նչ գործողություններ եք ծրագրում իրականացնել:
Կարդացեք նաև
Էդվարդ Նալբանդյան. Դրա մասին բարձրաձայնել են հենց ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաները։ Վերջին շաբաթվա ընթացքում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը երկու հայտարարություն է արել, որ հիմնարար ազատությունների, հատկապես խոսքի ազատության և ընդհանրապես մարդու իրավունքների ոլորտում վիճակը Ադրբեջանում վատթարանում է:
Մենք լավ գիտենք, որ հայատյացության, անհանդուրժողականության խտրականության դրսևորումները Ադրբեջանում սովորական երևույթ են դարձել: Ես կարծում եմ, որ նման երկրի ոչ միայն նախագահությունը Եվրախորհրդում, այլ նաև անդամակցությունը պատիվ չի բերում այդ կազմակերպությանը:
ԱԺ-ում հարցուպատասխանից հետո, արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը Եվրախորհրդում բարձրաձայնում է Ադրբեջանում հայատյացության դրսևորումների մասին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Այո, բարձրաձայնում ենք։ Սակայն այդ դրսևորումներն այնքան կոպիտ են, որ ակնհայտ են: Օրինակ՝ ինչ է նշանակում ադրբեջանցի ոստիկանապետի երեկ արված հայտարարությունը, որ Լեյլա Յունուսի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը արդարացված է նրա իբրև թե հայ լինելու հանգամանքով։ Այդպիսի բազմաթիվ դրսևորումներ հայտնի են, թե Եվրախորհրդին, թե այլ կազմակերպություններին»:
ՀՀ ԱԳՆ