Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր մնացին Նաիրա Զոհրաբյանի բոցավառ ելույթները». քաղաքագետ

Ապրիլ 30,2014 18:31

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով ԲՀԿ-ականների կողմից ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին ընտրելու փաստը, կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր խաղացող քաղաքական այս ուժը ավելի վատ բան չէր կարող անել, քան արեց երեկ:

«Ինչպե՞ս ստացվեց, որ 70 հոգանոց ՀՀԿ խմբակցության թեկնածուն Ազգային ժողովում միամիտ տեղը 101 կողմ ձայն հավաքեց: Բացեիբաց երևաց, որ 4 իբրև թե ընդդիմադիր կուսակցությունների ֆորմատը իրականում ֆիկցիա է, գոյություն չունի: Այսինքն, մինչև հիմա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը աջ ու ձախ բոլոր տեղերում հայտարարում էր, որ ինքը երրորդ ուժ է, հետագայում հայտարարեց, որ ինքը ընդդիմություն է, և ուզում էր չմտնելով նոր կոալիցիայի, կառավարության մեջ` ուզում էր էսպես ասած իր երեսը պահել, ցանկություն չուներ դառնալ երկրորդ «Օրինաց երկիր», որը 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո բավական կտրուկ կորցրեց իր ընտրազանգվածը և վարկաբեկվեց հասարակության մոտ, միամիտ տեղը ընտրեց մի մարդու, որի մասին բավական մեծ թվով ԲՀԿ-ականներ բացասական դիրքորոշում են միշտ ունեցել և շատ դեպքերում քննադատել են նրա աշխատաոճը:

Այսպիսով` կարող եմ ասել, որ իրականում չորս ընդդիմադիր ուժերի ֆորմատ գոյություն չունի, և ասեմ հետևյալը. ԲՀԿ-ն ավելի մեծ հարված չէր կարող ինքն իրեն հասցնել, քան արեց երեկ ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ: Եթե ԲՀԿ-ն մտներ իշխանության մեջ, կոալիցիայի մեջ և գոնե իր ծրագրերից մի քանիսը անցկացներ, դա ավելի նորմալ կընդունվեր ժողովրդի կողմից, քան այն, ինչ իրենք երեկ արեցին: Չմտնելով կոալիցիայի մեջ, իբրև թե ընդդիմադիր խաղալով` 36 ԲՀԿ-ականների մեծ մասը ընտրեց Գալուստ Սահակյանին` որպես ԱԺ նախագահ: Եթե իրենք ուզում էին պահպանել իրենց ընտրազանգվածը , չէին ուզում վարկաբեկվել, ուրեմն իրենք ավելի վատ բան չէին կարող անել, ինչ-որ արեցին երեկ, իրենք «Օրինաց երկրից» էլ ավելի վատ վիճակում իրենց գցեցին: Ես չգիտեմ ովքեր են Գագիկ Ծառուկյանի խորհրդատուները կամ ով է զբաղվում ԲՀԿ-ում կարևորագույն որոշումների ընդունմամբ, բայց, երևի թե, շատ վատ խորհրդատուներ ու պոլիտտեխնոլոգներ ունի Գագիկ Ծառուկյանը, որ էդպիսի խայտառակ վիճակում հայտնվեց ԲՀԿ-ն»:

Ըստ քաղաքագետի, առանց ԲՀԿ-ի մասնակցության էլ Գալուստ Սահակյանը կընտրվեր: «Այն, որ «Օրինաց երկիր»-ը Սերժ Սարգսյանի կողմից ձևավորած կուսակցություն է, դա բոլորին հայտնի էր դեռևս 2003 թ-ին, և այն, որ «Օրինաց երկիր»-ը նորից քվեարկեց Գալուստ Սահակյանի կողմը իր ղեկավարի` «Արմենիա» հեռուստաընկերությամբ ունեցած բոցավառ ելույթից հետո, դա էլ ոչ մեկի համար նորություն չէր: Ընդդիմություն, բայց իրականում Գալուստ Սահակյան… «Օրինաց երկիր»-ը իր ամպլուայի մեջ է , և դա ոչ մեկի համար էլ նորություն չէ, բայց այն, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը պիտի աներ, դա բոլորի համար նոնսենս էր: Այն, ինչ բոլորը ասում էին ԲՀԿ-ի համար, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի կրկնօրինակը, կրկնապատճենահանածն է, նույն իշխանությունն է, բայց կարևոր դեր ունի հասարակության մեջ, որպեսզի ընդդիմադիր ընտրազանգվածին իր կողմը հավաքի, այսինքն` ջլատի ընդդիմությանը…ԲՀԿ-ի ընդդիմախոսները հենց սա էին ասում, պարզվեց, որ ցավոք սրտի իրականությանը արդեն համապատասխանում է: Նույնիսկ այդպիսի բան իրեն թույլ չտվեց ՀՅԴ-ն, որը կարելի է ասել իշխանության մեջ է: Ինչքան ուզում է ասեն ՀՅԴ-ն իշխանության մեջ չէ, երբ որ Վահան Հովհաննիսյանը կամ այլ ՀՅԴ-ականներ ստանում են դեսպանի պաշտոններ արտասահմանում, դա նշանակում է, որ նրանք համագործակցում են իշխանության հետ: Բայց ՀՅԴ-ն իր փոքրիկ ֆրակցիայով 5 հոգանոց շատ լավ գիտեր, որ հարցեր չէր կարող լուծել էդտեղ: ԱԺ-ում ոչ մեկը հարցեր չի կարող լուծել, բացի ՀՀԿ-ից, գոնե ընդդիմադիր խաղալու համար ԲՀԿ-ն կարող էր չքվեարկել ընդհանրապես: Եթե պիտի քվեարկեին Գալուստ Սահակյանի օգտին, բա ո՞ւր մնացին Նաիրա Զոհրաբյանի բոցավառ ելույթները: Հիմա ի՞նչ են ուզում ասեն. կոալիցիայի մեջ չենք, բայց Գալուստ Սահակյանի կո՞ղմն ենք, դա անտրամաբանական և անիմաստ քայլ էր», -ասում է քաղաքագետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    ԲՀԿ-ն «տրոյական ձի» է ընդդիմության շարքերում, որը եւ ժամանակ առ ժամանակ բացահայտվում է ( ասել է թե՝ա- լյա Ա.Բաղդասարյան)։

    • Արտակ says:

      Ձեզ էլ էր նման առիթ պետք ներսի թույնը դուրս թափելու համար?? իսկ ԲՀԿ-ի այն քայլերը, որոնք ուղղված են ժողովրդի վիճակը թեևթացնելու, երկրում առկա խնդիրները լուծելուն, արդեն մոռացաք հա?? լավը չի հիշվում փաստորեն, այլ միայն նման փոքրիկ դրվագներն են առիթ հանդիսանում ԲՀԿ-ին թնովելու համար. ամոթ է

      • Ettentc CHi says:

        Արտակ ջան կասես էտ որ քյլերն են, որ ժողովրդի վիճակը թեթևացրել է, երևի իրոք եղել է բայց չենք զգացել:

  2. Մատթէոս says:

    Ապացոյց մը եւս որ Հայաստանի ժողովուրդը իրեն արժանի իշխանութիւններն ունի։

  3. Արտակ says:

    Լավ էլի, արդեն զզվացրիք էս թեմայով. էնպիսի տպավորություն է, կարծես շատեին ընդամնեը մի փոքրիկ առիթ էր պետք ԲՀԿ-ին փնովելու և սևացնելու համար. ամեն մի “քաղաքագետ”, որի մասին երբևէ չենք էլ լսել, այսօր մեկնաբանում և “վերլուծում է ” ԲՀԿ-ի քայլերը. հոգնեցինք արդեն

  4. Հրանտ Խաչատրյան says:

    Սա արդեն անընդունելիա, որովհետև քաղաքական վերլուծությունը պետքա հիմնվի փաստերի վրա, այլ որ թե անհիմն խոսքերի: Ստացվումա, որ ամեն ոք իրեն քաղաքագետ է համարում և պառտադիր մեկնաբանում է այս թեման: Իսկ դա անընդունելիա:

  5. Հ.Հ says:

    Որ փաստի մասին ես ասում?որ ԲՀԿ պատգամավորները քվեարկել են Գալուստ Գրիգորիչի օգտին?դա է դառը ճշմարտությունը:շատել լավ է անում մեկնաբանում է….ի՞նչը դուրտ չի գալիս:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930