Լրահոս
Օրվա լրահոսը

Սաուլիս Վառնաս. «Թատրոնը երկխոսություն է, որը կարող է կայանալ նույնիսկ առանց բառերի»

Ապրիլ 30,2014 17:18

Երեկ ավարտվեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը, որն անցկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հիշեցնենք, որ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել 2003 թվականին, իսկ փառատոնի հիմնադիրը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է: Այս տարի փառատոնի մեկնարկը տրվել էր ապրիլի 25-ին:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին գոհացնում են փառատոնի արդյունքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Նրան, մասնավորապես, ուրախացրել է սկսնակ դերասանների խաղը. «Ես շատ ուրախ եմ Ռոմեոյի կերպարը մարմնավորած սկսնակ դերասան Նարեկ Հարությունյանի համար, որը բոլորիս գրավեց իր խաղով, հուզումով ու հմայքով: Շատ ուրախ եմ Արա Գևորգյանի համար, որը փայլեց իր դերակատարմամբ, ուրախ եմ Վարազդատ Փանոյանի համար, որի Դորիան Գրեյը շատերին է գրավել, ուրախ եմ բոլորիս համար»,- ասաց Մ. Մխիթարյանը:

Նա դժվարացավ ասել, թե հանդիսատեսը հատկապես որ ներկայացումներն է հավանել:
«Մեր հանդիսատեսը շատ տարբեր է,- ասաց Մ. Մխիթարյանը,- մեկին մի բան է դուր գալիս, մյուսին՝ մեկ այլ: Եվ հետաքրքիրն էլ հենց դա է, որովհետև թատրոնը շատ բազմերանգ է, և չի կարող մի ներկայացումը դուր գալ բոլորին: Իսկ եթե տարբեր կարծիքներ ու խոսակցություններ կան ներկայացումների մասին, նշանակում է՝ փառատոնը կայացել է»:

Ամփոփելով փառատոնը՝ նա նաև հիշեցրեց, որ այս տարի ցուցադրվել է 17 ներկայացում՝ Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Ռուսաստանից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Հայաստանից փառատոնին մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Զրույց գիշերին», Զարուհի Խաչատրյանը՝ «Խարույկ լուսաբացին», Արա Գևորգյանը՝ «Ծխախոտի վնասի մասին», Յուրի Իգիթխանյանը՝ «Ամիսը գյուղում. Իսլաև», Վարազդատ Փանոյանը՝ «Դորիան Գրեյ», Մարի Գրիգորյանը՝ «Քուչակն ու Մարին» մոնոներկայացումներով և ուրիշներ:

Մ. Մխիթարյանը միջազգային այս փառատոնը կարևորում է ոչ միայն փոխադարձ շփումների արդյունավետության առումով, այլև դրսում ճանաչված լինելու անհրաժեշտությամբ, ինչի հնարավորությունը, ըստ նրա, տալիս է այս փառատոնը. «Ինչպես գիտեք, փառատոնին նաև տարբեր երկրների փառատոնների տնօրեններ են մասնակցում, որոնք, հավանելով այս կամ այն ներկայացումը, առաջարկում են դա ցուցադրել իրենց երկրում: Նախորդ տարի, օրինակ, Մուրադ Ջանիբեկյանի և Նարինե Գրիգորյանի մոնոներկայացումները դրսում մեծ հաջողություններ ունեցան»,- ասաց բանախոսը:

Լիտվացի բեմադրիչ Սաուլիս Վառնասը նույնպես շատ է կարևորում այս փառատոնը, որովհետև, նրա խոսքով, դա ևս մեկ հնարավորություն է, որ տարբեր երկրների սկսնակ և արդեն փորձառու դերասանները հանդիպեն, շփվեն միմյանց հետ, կիսվեն իրենց մտքերով, գաղափարներով ու գիտելիքներով, մոտիկից ճանաչեն իրենց արվեստը. «Ի վերջո, կարևոր է տեսնել և իմանալ, թե ինչ են անում քո գործընկերները,- կարծում է Ս. Վառնասը,- Իսկ թատրոնը մշտապես երկխոսություն է, որը կարող է կայանալ նույնիսկ առանց բառերի կամ օտար լեզվով, որը թարգմանելու կարիք կարող է և չլինել, որովհետև հաղորդակցությունը միայն բառերով չի իրականացվում: Ավելին՝ թատրոնը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է բառը»:

Ամփոփելով՝ Մ. Մխիթարյանը նկատեց, որ «Արմմոնո»-ն ժամանակի ընթացքում նպաստել է մոնոներկայացումների զարգացմանը Հայաստանում, և հավելեց. «Մոնոժանրը հիմա շատ տարածված ժանր է աշխարհում: Հետաքրքիր է, որ մեկ-երկու հոգով կարող ես գնալ աշխարհի տարբեր երկրներ և ներկայացնել քո երկիրը, քո գործը: Դա շատ կարևոր է, որովհետև գաղտնիք չէ, որ հատկապես մեզանում բարդ է շատ երկրներ տեղափոխվելը՝ ճանապարհներ, ինքնաթիռներ, ավիատոմսեր և այլն: Իսկ մոնոժանրն այս առումով ավելի լայն հնարավորություններ է ստեղծում դերասանի համար, մինչդեռ, որպես ժանր՝ շատ բարդ է: Ինչո՞ւ: Որովհետև դու չես կարող «թաքնվել» քո զուգընկերոջ հետևում՝ ինչ-որ պահ քեզնից շեղելով հանդիսատեսի ուշադրությունը: Այստեղ ողջ ուշադրությունը քեզ վրա է, և քո ներկայացման հաջողությունը միմիայն քեզնից է կախված»:

Մ. Մխիթարյանը կարծում է, որ մոնոժանրը մեծ փորձ է հատկապես երիտասարդ դերասանների համար, որպեսզի նրանք հասկանան՝ կարո՞ղ են արդյոք գրավել դահլիճը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930