Լրահոս
Օրվա լրահոսը

Մահափորձ Սևանի նկատմամբ

Ապրիլ 30,2014 16:39

Սևանա լճում ազոտի արտազատումը ցանցավանդակային ձկների կողմից համապատասխան քանակությամբ խոշոր եղջերավոր անասունների բնական արտանետումների հետ ցուցադրական համեմատությամբ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճում իշխանի հսկայական ցանցավանդակային տնտեսության կազմակերպմանը` 50 000 տոննա ապրանքային ձկան տարեկան արտադրական կարողությամբ: Համաձայն նախագծային հաշվարկների նշված ծավալի արտադրության իրականացման հետևանքով տարեկան Սևանա լիճ կարտանետվի 2000 տ ազոտ և 250 տ ֆոսֆոր:

Սովորական մարդուն դժվար է պատկերացնել այդ քանակությամբ արտանետումների մասշտաբներն ու հետևանքները: Ոմանց ազոտն ու ֆոսֆորը պատկերացվում են որպես վնասակար և թունավոր տարրեր, մյուսները լավ չեն ընկալում այն, որ այդ նյութերը որոշակի քանակությամբ պարունակվում են մարդկանց ամենօրյա սննդում, առավել ևս` ջրում, հողում, բույսերում, մանրէներում, կենդանիներում, մարդկանց մարմնում, որ մոլեկուլային ազոտը կազմում է մեր շնչած /հավասարապես` նաև արտաշնչած/ օդի շուրջ 80 տոկոսը: Ավելին, ի զարմանք պարզվում է, որ անգամ կենսաբանները և հարակից կրթությամբ մասնագետները բավականին աղոտ են պատկերացնում ջրակալների օրգանական աղտոտման խնդրի էությունը: Այս կապակցությամբ անհրաժեշտություն առաջացավ ստորև բերվող բավականին պարզ մեկնաբանման համար:
Ազոտը և ֆոսֆորը հանդիսանում են կարևորագույն կենսածին տարրեր և կենդանի աշխարհի նյութափոխանակության պարտադիր բաղադրիչներ: Ազոտը, մասնավորապես, հանդիսանում է սննդի հետ օրգանիզմ ներմուծվող սպիտակուցի /պրոտեինի/ հիմքը, որն ապահովում է նրա աճը, զարգացումը, բազմացումը և նորմալ գործունեությունը: Սննդի չմարսված մասը, այդ թվում սպիտակուցները և դրանց քայքայման արգասիքները, օրգանիզմից դուրս են մղվում կոշտ և հեղուկ արտաթորանքի ձևով:

Անուշահամ ջրերի ձկների մոտ /որոնցից են նաև Սևանի իշխանը/ սպիտակուցային փոխանակության արգասիքները օրգանիզմից հիմնականում հեռացվում են խռիկների միջոցով լուծված ամոնիակի /ամոնիումի/տեսքով, մասամբ էլ աղիների ու երիկամների միջոցով` կոշտ և հեղուկ արտանետումների ձևով: Ընդ որում, արտաթորվող ազոտի ողջ քանակության մոտ 80 տոկոսը օրգանիզմից շրջակա միջավայր է հեռացվում խռիկների միջոցով լուծված տեսքով: Այստեղից հետևում է, որ ցանցավանդակային ծրագրի կողմնակիցների պնդումները այն մասին, թե ազոտային արտանետումները կարող են յուրացվել խեցգետնի կամ ձկների այլ տեսակների կողմից, բացարձակապես անհիմն են:
Բնական լճային տիպի ջրակալներում կայուն ջրային ռեժիմի և արտաքին աղտոտման բացակայության պայմաններում գոյություն ունի կենսածին տարրերի հարաբերական դինամիկ հաշվեկշիռ, դրանց թվում նաև ազոտի և ֆոսֆորի /անգամ ձկնորսության կողմից դրանց որոշակի օտարման պայմաններում/:
Արտաքին աղտոտման առկայության պայմաններում կենսածին տարրերի հաշվեկշիռը խախտվում է, տեղի է ունենում օրգանական նյութի կուտակում, ջրակալը ճահճանում է և, ի վերջո, դրա գոյությունը դադարում է: Գործընթացի արագությունը ուղղակիորեն կախված է արտաքին կենսածին աղտոտման ծավալներից:

Տվյալ դեպքում հետաքրքրություն է ներկայացնում կենսածին տարրերի ավելցուկը, գլխավորապես ազոտը, որը Սևանա լիճ կներմուծվի ցանցավանդակային ձկների արհեստական կերերով սնուցման արդյունքում:

Պետք է նկատի ունենալ, որ եվրոպական առաջատար կեր արտադրող ընկերությունների կողմից թողարկվող սաղմոնային կերերը քիչ են տարբերվում քիմիական կազմով, հումքային բաղադրիչների կազմով, մարսելիության ու սննդալիության ցուցանիշներով:
Կերերին շնորհվող տարբեր`”էկո”, “բիո” և նման այլ նախածանցները մեր, տեղական ծագման հնարքներ են: Ճանաչված արտադրողները երբեկ այդպիսի հնարքների չեն դիմում, պահպանելով սեփական հեղինակությունը, սակայն տրամադրում են տեղեկություններ սպասվելիք աղտոտումների վերաբերյալ: Կերերի “էկոլոգիականության” թեման եզրափակելով, բերենք Սևանում օգտագործման համար առաջարկվող Efico Enviro 975 կերի արտադրողի կողմից հայտարարված հումքային բաղադրիչների կազմը.
ձկնալյուր, ցորեն, գլուտեն, սոյայի քուսպ, սոյայի սպիտակուցային խտանյութ, ոլոռի պրոտեին, արևածաղկի քուսպ, կերային բակլա, ձկան յուղ, ռապսի յուղ, վիտամիններ, հանքանյութեր:
Այս ցուցակից հետևում է, որ ցանցավանդակային ծրագրի հեղինակները և դրանց սատարող անձիք, դրանց թվում պարոն բնապահպանության նախարարը, մեղմ ասած, խորամանկում են, գովաբանելով կերերի “էկոլոգիականությունը”: Լայնորեն հայտնի է, որ սոյան և դրանից ստացվող ապրանքները ամբողջապես գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ /ԳՁՕ/ են, որ ցորենի և ռապսի աճեցման համար օգտագործվում են ԳՁՕ, ինչպես նաև անխուսափելի պարարտանյութեր, թունաքիմիկատներ, որ վիտամիններն և վիտամինա-հանքային պատրաստուկները հանդիսանում են մանրէաբանական ու կենսաքիմիական սինթեզի արդյունք և այլն:

Պետք է նկատի ունենալ նաև, որ բոլոր տեսակի կերերը, բացի սննդանյութերից, պարունակում են սինթետիկ պահածոյանյութեր և հակաօքսիդանտներ, որոնք ապահովում են կերի պահպանումն ու որակական ցուցանիշները: Բացի դրանից, ըստ գնորդի ցանկության, կեկերը կարող են պարունակել բնական և սինթետիկ ներկանյութեր /աստա-կամ կանտաքսանտին/, դեղամիջոցներ, դրանց թվում հակա բիոտիկներ, սուլֆանիլամիդներ, նիտրոֆուրաններ և այլ:

Սնվող ձկների կենսագործունեության հետևանքով առաջացած կոշտ և հեղուկ արտանետումների ազոտ պարունակող նյութերը ենթարկվում են մանրէաբանական քայքայման ամոնիֆիկացնող և նիրիֆիկացնող մանրէների մասնակցությամբ, հաջորդաբար առաջացնելով ամոնիակ /ամոնիում/, նիտրիտներ, նիտրատներ:
Ի դեպ, 1 մգ ամոնիումի մինչև նիտրատ օքսիդացման համար ծախսվում է 3,4 մգ թթվածին: Ցանցավանդակային ծրագրի իրականացման դեպքում Սևանա լճից տարեկան կպակասի 7000 տոննա թթվածին:

Մանրէների գործունեության արդյունքում գոյացած ավելորդ նիտրատները յուրացվում են բակտերիաների, ջրիմուռների և բարձրակարգ բուսականության կողմից: Ջրիմուռների չափազանց բազմացման հետևանքով առաջանում է լճի ջրի “ծաղկում”, ջրաքիմիական, ջրակենսաբանական և սանիտարական ռեժիմների խախտում, օրգանական նյութի կուտակում և, ի վերջո, բերում է լճի վերափոխմանը ճահճի:
Ստորև բերվում է ցանցավանդակային ձկան արտաթորանքի ազոտի վերահաշվարկը խոշոր եղջերավոր անասունի համապատասխան քանակության գոմաղբի /այստեղ և այսուհետ նկատի ունենք տարրական ազոտը, այլ ոչ դրա միացությունները/:
Առաջարկվող վերահաշվակը նպատակ ունի պարզ և պատկերավոր ներկայացնել լայն հասարակությանը Սևանա լճին սպառնացող աղետի մասշտաբները ցանցավանդակային տնտեսության հնարավոր գործունեության հետևանքով:

Սևանա լճում ցանցավանդակային իշխանի աճեցման ծավալը – 50 000 տոննա
1 корова средним весом 450 կգ միջին քաշով մեկ կովը մեկ օրում արտադրում է
27 կգ կարծր և հեղուկ արտաթորանք /թրիք և մեզ, այդ թվում 19 կգ թրիք/:
Չոր քաշի վերահաշվարկով արտաթորանքը կազմում է 4,05 կգ/օր, կամ թարմ արտաթորանքի մոտ. 15%:

Մեկ տարվա հաշվարկով մեկ կովի արտաթորանքի չոր քաշըկազմում է`
4,05 кг * 365 сут = 1478 кг.
Կովերի համար ազոտի քանակությունը կազմում է արտաթորանքի չոր նյութի 2 %, այսինքն. 30 կգ/տարի;
Ձկան 1000 կգ քաշաճի համար ըստ կեր արտադրողի արտաթորվում է 44 կգ ազոտ:
Հաշվարկային ընդհանուր տարեկան քաշաճը կազմում է 47500 տ, ազոտի արտաթորանքը 1,0 կերային գործակցի համար կազմում է`
47500000 կգ/1000 * 44 կգ = 2090000 կգ:
Կովերի գլխաքանակի վերահաշվարկով ստացվում է`
2090000 кг/30 кг/год = 69700 գլուխ:

Ստացվում է, որ 70000 գլուխ գեր կովեր տարիներ շարունակ, օր ու գիշեր անկաշկանդ արտաթորում են անմիջապես Սևանա լճի մեջ:

Սա միանշանակ պետք է գնահատվի որպես Սևանը սպանելու ևս մի փորձ:

Է.Տիգրանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Էդվարդ Գևորգյան says:

    Շնորհակալություն հարգարժան Է. Տիգրանյանին Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի հնարավոր բնապահպանական ռիսկերի վերաբերյալ իր կարծիքը և մտահոգությունները ներկայացնելու համար:
    Այդուհանդերձ կներկայացնեմ ծրագրի վերաբերյալ մի քանի պարզաբանում.

    1. 50000 տ ձկան արտադրությունը ծրագրի հնարավոր առավելագույն արտադրողականությունն է, որին նախատեսվում է հասնել 10 տարի հետո և միայն այն դեպքում, եթե նախորդ տարիներին լճի միջավայրի վրա ազդեցության գնահատման եզրակացությունը լինի դրական և ցույց տա, որ լճի էկոհամակարգի վրա զադեցությունը թույլատրելի նորմերի սահմաններում է: Յուրաքանչյուր տարվա մայիսին կամփոփվեն նեխորդ տարի տեղադրած ցանցավանդակների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները, ինչի հիման վրա ՀՀ կառավարությունը կասհմանի հաջորդ տարվա համար տրվող՝ ցանցավանդակային ձկնաբուծության թույլտվությունների քանակը: Ցանկացած ժամանակ, երբ կարձանագրվի, որ ցանցավանդակային տնտեսությունների ազդեցությունը մոտենում է սահմանային թույլատրելի նորմերին, ծրադրի հետագա ընդլայնումը կդադարեցվի: Նշեմ նաև, որ առաջին երեք տարիներին նախատեսվում է արտադրել համապատասխանաբար 90, 1000 և 3000 տ ձուկ:

    2. Ծրագրով նախատեսվում է օգտագործել բացառապես օրգանական կեր և զբաղվել բացառապես օրգանական ձկան արտադրությամբ, իսկ Սևանի ձկնամթերքի արտադրությունից մինչև իրացում ողջ շղթայի օրգանական սերտիֆիկացման գործընթացն իրականացնել ԵՄ հավատարմագրված ընկերության միջոցով: Իսկ նման սերտիֆիկատի առկայությունը հավաստում է, որ լճի վրա զադեցությունը թույլատրելի նորմերի սահմաններում է: Մեր գործընկերների ուսումնասիրած Էֆիկո Էնվիրո 975 կերն օգտագործվել է միայն փորձնական ծրագրի սկզբնական շրջանում, միայն այն պատճառով, որ բացակայում էին միջպետական համաձայնագրերը, օրգանական կերի ներմուծման համար: Այդ համաձայնագրերի կնքումից հետո օգտագործվել է բացառապես օրգանական կեր: Պնդումները, որ չկան որպես օրգանական կամ էկո մակնշված կերեր, անհիմն են: Որպես օրինակ նշեմ ծրագրում օգտագործվող՝ ԲիոՄար Էկոլայֆ կամ Ալլեր Աքուա Օրգանիկ կերերը, որոնցում, ի դեպ, ԳՁՕ-ի պարունակությունը ցածր է 0.9-ից, ինչը Եվրոմիության օրենսդրությամբ հիմք է այդ կերերը մակնշելու համար՝ որպես ԳՁՕ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ:

    Նշեմ նաև, որ ծրագրի յուրաքանչյուր գործնական փուլ պետք է պարտադիր անցնի ՇՄԱԳ: Այս ուղղությամբ ներկայումս բանակցություններ են վարվում մի քանի հեղինակավոր արտասահմանյան կազմակերպությունների հետ, որոնց եզրակացությունը ոչ ոքի մոտ կասկածներ չի առաջացնի:

  2. Էդվարդ Գևորգյան says:

    Նաև կցանկանայի ավելացնել, որ ծրագրով նախատեսվում է ձևավորվող գումարների հաշվին կանխարգելել ամեն տարի տարբեր աղբյուրներից 7000 տ ազոտի, 400 տ ֆոսֆորի, 135 տ ծանր մետաղների և 13 տ թունաքիմիկատների լիճ թափվելը: Սրա, մասին չգիտես ինչու, ոչ ոք չի խոսում: Հիմա եթե այս ծրագիրը հնարավորություն տա լճից հեռացնել 7000 տ ազոտ և 400 տ ֆոսֆոր, բայց փոխարենը լիճ լցնելի օրինակ՝ մեր գործընկերների նշած 2000 տ ազոտը և 250 տ ֆոսֆորը, սա լավ է, թե վատ: Ավելի շատ օգուտ է լճին, թե վնաս: Ի դեպ նշեմ, որ այս գործընթացը հնարավոր է ամբողջովին իրականացնել արդեն ծրագրի 4-5 տարիներին, երբ արտադրության ծավալը կլինի 10000 տոննա, ոչ թե 50000: Իսկ 10000 տ արտադրության դեպքում արտանետումների առավելագույն ռիսկը 400 տ ազոտ է և 50 տ ֆոսֆոր: Օգուտների և վնասների համեմատությունը թողնում եմ Ձեզ:

  3. Էդվարդ Գևորգյան says:

    Մեր գործընկերներին խնդրում եմ նաև հաշվեն, թե ծրագրի շրջանակներում ամեն տարի Սևան բաց թողնվող մի քանի միլիոն հատ ձուկը լճից որքան ազոտ և ֆոսֆոր է կլանելու: Հիշեցնեմ, որ ծրագրի 10 տարիների ընթացքում նախատեսվում է լիճ բաց թողնել շուրջ 58 մլն հատ Գեղարքունի և Ամառային իշխան:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930