Նրանք այսուհետ կյանքի կկոչեն իրենց բիզնես ծրագրերը:
Այսօր Վանաձորում լոռեցի ութ կին իրենց բիզնես ծրագիրն իրականացնելու համար դրամաշնորհներ ստացան Եվրամիության կողմից:
Դրամաշնորհները տրամադրվեցին ՀՀ Լոռու մարզում կանանց միջոցով համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
Շնողի եւ Ախթալայի համախմբերի համայնքների (Շնող, Թեղուտ, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում եւ Ճոճկան) ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման արարողությունն իրականություն դարձավ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության շնորհիվ` «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը:
«Ծրագիրը հաջողությամբ անցել է հաջորդ մակարդակի, որը հստակ է եւ իրականանալի: Դրամաշնորհների միջոցով, որոնք ծրագրի շրջանակներում հանձնվեցին շահառուներին, մի կողմից, ապահովում է կանանց տնտեսական կայունությունը, եւ որպես Տեղական Տնտեսական Զարգացման ծրագրի արդյունք, կնպաստեն համայնքի սոցիալ- տնտեսական զարգացմանը, մյուս կողմից, խթանում են կանանց կարողությունների զարգացմանը»-, նշեց ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Կարդացեք նաև
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս ողջունեց ծրագիրը`նկատելով, որ այն կնվազեցնի մարզից արտագաղթողների եւ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը:
«Համոզված եմ, որ այս երկու տարիների ընթացքում մենք միասնական ծրագիրը պետք է ավարտին հասցնենք: Ինչպես գիտենք, գաղտնիք չէ` Լոռու մարզում մեծ է նաեւ արտագնա աշխատանքի տոկոսը, մեծ է նաեւ արտագաղթի տոկոսը, եւ ես համոզված եմ նաեւ, որ ծրագիրը նպաստելու է, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազի, ինչպես նաեւ այն ընտանիքների, որոնք արտագաղթում են»,-եզրափակեց Լոռու մարզպետը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ