Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Եթե ուրիշ ժամանակ դրվեր քվեարկության՝ կարող է կողմ քվեարկեինք»

Ապրիլ 30,2014 15:01

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր 67 «կողմ» ձայներով 1-ին ընթերցմամբ ընդունվեց պատգամավորներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի, Արմեն Մխիթարյանի եւ Հովհաննես Սոֆոյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է թանկարժեք մեքենաների վրայից հանել «շքեղության»՝ ակցիզային հարկը: 67 կողմ քվեարկածները ՀՀԿ պատգամավորներն էին: Մյուս հինգ խմբակցությունները «կան որոշ մտահոգություններ՝ կապված օրենքի նախագծի հետ» ասելով՝ ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը:

Չմասնակցող խմբակցություններից էր նաեւ ԲՀԿ-ն, որի անդամներից մեկը օրինագծի հեղինակներից էր, մյուսն էլ երեկ ԱԺ ամբիոնից պաշտպանում էր նախագիծը :
Այս կապակցությամբ «Առավոտը» օրենքի համահեղինակ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի, որ իր խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, չպաշտպանեց իր հեղինակած օրենքը, «կողմ» չքվեարկեց: Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Այս նախագիծն ունի երկու կոնտեքստ: Առաջին հերթին օրենքի հիմքում դրված էր կոնկրետ բյուջեի եկամուտների ավելացման խնդիրը: Եթե թվերով ասեմ, անցած տարի 1000-ից ավելի թանկարժեք մեքենա չի ներկրվել, եւ ավելի քան 3 մլրդ դրամով բյուջեի մուտքերը պակասել են: Եթե դրան էլ ավելացնենք մինչեւ տարեվերջ մեքենաների ներկրման հավանական ծավալները, որովհետեւ հիմա մեքենաների ներկրման ահագին աճ է գրանցվում՝ Մաքսային միություն մտնելու հետ կապված, ուրեմն մենք պիտի հաշվենք, որ այս տարի էլ մինչեւ 5-5,2 մլրդ դրամի թերհավաքագրում կունենայինք բյուջե:

Մեր երկրորդ նպատակն էր նաեւ ոչ թե փակել թանկարժեք մեքենաների մուտքը շուկա, այլ գույքահարկը բարձրացնեինք, որը համայնքային մուտքերը կբարձրացներ: Այսինքն, օրենքի նախագիծը բազմապլան նպատակներ էր հետապնդում եւ մասնագիտական էր: Ես անձամբ մնում եմ իմ մասնագիտական որոշումների տերը, եւ գտնում եմ, որ մոտեցումներս ճիշտ են: Իսկ մեր խմբակցությունը, չմասնակցելով քվեարկությանը, ընդունեց քաղաքական որոշում: Այս հարցը մենք կուսակցությունում քննարկել ենք, եղել են էլի անդամներ, որոնք կողմ են իմ եւ Արսենյանի դիրքորոշմանը, էնպես չի, որ մեր խմբակցությունում էլ չկան մեր մոտեցումներին համաձայն մարդիկ, ուղղակի այս պահին կուսակցությունը որոշել է չմասնակցել քվեարկությանը՝ քաղաքական դրդապատճառներով:

Սա քաղաքական լուծում էր, եւ բնականաբար, թիմային աշխատանք է, ու մենք պետք է հարգեինք կուսակցության քաղաքական որոշումը եւ չհակադրեինք դա մեր մասնագիտական մոտեցումներին: Բնականաբար քաղաքական որոշումը քաղաքական ուժերի համար է: Այդպիսին էր իրավիճակը, կարող է ուրիշ ժամանակ դրվեր քվեարկության, եւ մենք կողմ քվեարկեինք, բայց այս փուլում կուսակցությունը գտել է, որ այսպես է պետք: Բայց ես անձամբ մնում եմ իմ հեղինակած օրենքի տերը, կողմնակիցը, եւ երկրորդ ընթերցմանը կողմ եմ քվեարկելու միանշանակ»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ դուք խոսում եք քաղաքական դիրքորոշման, սկզբունքների մասին, որքանո՞վ է ընկալելի, որ Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն համապատասխան սկզբունքայնություն, քաղաքական դիրքորոշում չցուցաբերեց, իսկ իր կուսակցի, խմբակցության անդամի հեղինակած օրենքի ժամանակ դրսեւորեց: Միքայել Մելքումյանը կոչ արեց չհակադրել մեկը մյուսին ու բարդ բաներ չտեսնել. «Քաղաքականության մեջ նեղացածության ռեժիմ չպետք է լինի: Մենք մարդիկ ենք, որ քաղաքականությամբ ենք զբաղվում: Այս նախագիծն էլ հարկային քաղաքականության վերաբերյալ էր, եւ մենք այդտեղ որեւէ միտում չենք տեսնում: Եկեք բարդ բաներ չտեսնենք դրանում: Նորմալ էր ամեն ինչ, բայց, էլի եմ կրկնում, որ մասնագիտականով ես կողմ եմ այդ օրենքին եւ կարեւորը, որ առաջին ընթերցմամբ ընդունվեց»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930