Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Փաշինյանն էլ է մերը, Նաիրա Զոհրաբյանն էլ է մերը» (Տեսանյութ) 

Ապրիլ 30,2014 14:51

«Նիկոլ Փաշինյանն էլ է երեկ քվեարկել, կարծում եք ինքն է՞լ է իշխանության մաս»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի երեկ ԱԺ-ում ոչ իշխանական ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի քվեարկությունն հօգուտ Հանրապետական Գալուստ Սահակյանի, որպես ԱԺ նախագահ:

 

Լրագրողների դիտարկմանը, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե դեմ է քվեարկել, Աշոտյանն ասաց, որ դա կապ չունի, Փաշինյանը մասնակցել է քվեարկությանը:

Դիտարկմանն էլ, որ ակնկալիքն այն էր, որ ոչ իշխանական ուժերը կմասնակցեին, բայց դեմ կքվեարկեին, Աշոտյանն ասաց.«Քառյակի նախնական հայտարարություններն այն էին, որ նրանք չպետք է մասնակցեին, ժողովուրդ «ծյունինգ» մի արեք այն հայտարարությունները, որոնք ես լսել եմ շատ լավ: Ես շատ ողջունում եմ, որ ԱԺ-ում այդ ընտրություններին մասնակցել է պատգամավորների գերակշիռ մասը, ես ողջունում եմ, որ այդ ընտրություններին մասնակցել են նաեւ պատգամավորներ ոչ իշխանական խմբակցություններից, ինչպես անհատներ, այնպես էլ քաղաքական ուժեր, որովհետեւ կարծում եմ, որ այն ճանապարհը, որը որ որպես այլընտրանքային կարող էր դիտվել, ճիշտ ճանապարհ չէ պետականաշինության գործընթացում: Եվ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» անդամ Ալիկ Արզումանյանի եւ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ես շատ բարձր եմ գնահատում եւ կարծում եմ, որ քաղաքական գործընթացները որոշակի արժեհամակարգ ունեն»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ ԱԺ նախագահի եւ Ազգային ժողովի դերակատարությունն այնպիսին է, որ անկախ քաղաքական հայացքներից, պատգամավորներն իրավունք ունեն չմասնակցել, սակայն  քաղաքական հրամայական է լինել գործընթացների մաս, եթե անգամ դեմ ես այդ գործընթացներում կայացվող որոշումներին:
Լրագրողները պարոն Աշոտյանին հիշեցրին, որ Գալուստ Սահակյանը մի առիթով ասել էր` «Պարզ է, որ ԲՀԿ-ն մերն է», երեկվա քվեարկությունն արդյոք դա հաստատեց` ԲՀԿ-ն իշխանությա՞նն է, Աշոտյանն ասաց. «Գալուստ Սահակյանն այդ արտահայտությունն արել է ելնելով այն բանից, որ մենք բոլոր քաղաքական ուժերին, անկախ իրենց քաղաքական հայացքներից դիտում ենք մերը, որովհետեւ մենք էլ ենք մերը, քաղաքական դաշտի մաս ենք եւ մեր-ուրիշ, ախոյան-բարեկամ բաժանումը շատ արհեստական է»:
Ապա պարոն Աշոտյանը հարց ուղղեց լրագրողներին` ո՞վ է ամենաընդդիմադիր պատգամավորը, եւ երբ լրագրողները նշեցին Նիկոլ Փաշինյանին, Աշոտյանն ասաց. «Փաշինյանն էլ է մերը, Նաիրա Զոհրաբյանն էլ է մերը, մենք էլ` իրենցն ենք»:

Մանրամասն` տեսանյութում


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930