Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Հովիկ Աբրահամյանից հաշիվ է ուզում՝ ընտրակեղծիքների համար՝ որպես նախագահի շտաբի պետ

Ապրիլ 30,2014 14:44

«Ես կարծում եմ, որ գործող վարչապետը դե ֆակտո վարչապետ է, գործող կառավարությունը նույնպես դե ֆակտո կառավարություն է, ինչպես գործող նախագահը»,- այսօր «Հայացք» ակումբում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց, որ գործող վարչապետը միայնակ չէ. «Ես կարծում եմ, որ շատ ու շատ պաշտոնյաներ ապրում են շահերի բախման տիրույթում, երբ իրենք ստանձնել են պետական լծակներ եւ պատասխանատվություն եւ միաժամանակ իրենք տնօրինում են տնտեսության այս կամ այն բաժինը՝ ձկնաբուծություն է, հանքեր են, գյուղատնտեսություն է՝ ուղղակի կամ անուղղակի: Գործող վարչապետը նաեւ Սերժ Սարգսյանի շտաբի պետն էր վերջին ընտրությունների ժամանակ: Բոլորս գիտենք, որ այդ ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ ընտրակեղծիքների մեծ, աննախադեպ համալիր, իմ կարծիքով՝ պետական հանցագործություն: Եվ կարծում եմ, որ պատասխանատվությունը մինչեւ հիմա չի իրացվել: Ներկա դրությամբ կարծում եմ, որ ինքը պետք է հաշվետու լինի ժողովրդին այդ մասով: Ես ոչ մի ակնկալիք չունեմ, բացի կոսմետիկական ինչ-որ փոփոխությունից»:

Քառյակի հետագա անելիքների մասին խոսելիս պարոն Հովհաննիսյանն ասաց, որ սպասելու է կառավարության ծրագրին: Լրագրողները հիշեցրեցին, որ Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է եւ կառավարության ծրագրին էլ, սպասելի է, որ ԲՀԿ-ն կողմ քվեարկի՝ խնամուն դեմ չգնալով: Նաեւ հիշեցրին, որ նախագահական ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին լրագրողներին մեկնաբանելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ Գագիկ Ծառուկյանն իրեն բառացիորեն ասել է՝ «ես իշխանությունների դեմ երբեք դուրս չեմ գա»: Այս առնչությամբ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Անցյալ տարի ինքը խոսեց այդ մասին: Այս տարի երբ նա խոսի մեր հանդիպումների մասին, ես կա՛մ կհաստատեմ, կամ կհերքեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930