Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գյուղերի խանութ-կրպակների բիզնեսը կվերանա «Շրջանառության հարկի» ՀՀ օրենքի փոփոխության դեպքում»

Ապրիլ 30,2014 14:40

«Շրջանառության հարկի» ՀՀ օրենքի փոփոխության դեպքում փոքր բիզնեսը անմիջապես կկանգնի ոչնչացման վտանգի տակ: Այսպիսի կարծիք հայտնեցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիա» հ/կ նախագահ Հակոբ Ավագյանը եւ «Վաճառականների միություն» հ/կ նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը:

«Շրջանառության հարկի» ՀՀ օրենքի փոփոխության դեպքում պարտադիր պայման կդառնա առեւտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողների համար ձեռքբերման պարտադիր փաստաթղթավորումը, որի դիմաց առաջարկվում է շրջանառության հարկի 3.5 տոկոս տոկոսադրույքի փոխարեն վճարել 1 տոկոսը: Բանախոսների պնդմամբ` նախագծում այս փոփոխությունը պարզապես կոչնչացնի փոքր բիզնեսին եւ հատկապես մարզերում գործունեություն ծավալող կրպակներին, որոնք անգամ չեն կարող ապահովել բոլոր ապրանքների մասով ձեռքբերման փաստաթղթավորում: Իսկ հարկը չվճարելու դեպքում, պատժամիջոցները շատ խիստ են լինելու: «Եթե ՓՄՁ-ներում կատարվող ստուգումների արդյունքում, տեսուչը չի հայտնաբերում համապատասխան փաստաթղթերը, ապա ըստ օրենքի,ՓՄՁ-ները միանգամից կհայտնվեն ավելացված արժեքի հարկի դաշտում տվյալ եւ հաջորդ տարի»,- տեղեկացրեց Հակոբ Ավագյանը:

Պրն Ավագյանը կարծիք հայտնեց, որ փոքր բիզնեսով զբաղվողների համար ձեռքբերման փաստաթղթերի ապահովումը պարտադիր պայման չի կարող լինել. «Դա ունի իր պատճառահետեւանքային կապը: Այսօր ՀՀ-ում գործող փաստաթղթաշրջանառության վիճակը այդքան էլ բարվոք չի, ու փոքր բիզնեսը տուժում է նրանից, որ կատարում են ձեռքբերումներ առանց հիմնավորող փաստաթղթերի: Այսինքն, մատակարարվում են ապրանքներ` առանց փաստաթղթեր տրամադրելու»:

Նախագծով նաեւ առաջարկվում է ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն դրամից իջեցնել 30 մլն դրամի: «Շեմի իջեցումը , առանց ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական դաշտի կարգավորման, նույնպես անթույլատրելի է, քանի որ այն եւս կհանգեցնի ՓՄՁ-ների կործանմանը»:

Բանախոսները տեղեկացրին, որ խնդրին լուծում տալու նպատակով, հասարակական կառույցների ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ վարչապետին` առաջարկելով հրավիրել ՓՄՁ զարգացման խորհրդի նիստ` նախագծի քննարկման նպատակով եւ հաշվի առնել հասարակական կառույցների կարծիքը: Բանախոսները նաեւ առաջարկությամբ հանդես եկան` ազատել փոքր բիզնեսին հարկերից եւ հետ բերել պարզեցված հարկի ձեւը, ըստ որի, պետք չէր փաստաթուղթ ձեռք բերել, իսկ ձեռքբերման դեպքում ավելի քիչ հարկ էր վճարվում:

 

Տիկին Գեւորգյանն էլ իր տեսակետը հայտնեց, ասելով, որ հանրապետությունում գրեթե փոքր բիզնես չկա. «Դրա ապացույցը այն է, որ ցանկացած գիպերմարկետի բացման հետ մեկտեղ, 40-50 փոքր բիզնես փակվում է: Այսօր փոքր բիզնես կա միայն գյուղերում, այսինքն, մենք քննարկում ենք գյուղի խնդիրը:Գյուղի բիզնեսը ոչ մի ազդեցություն մեծ բիզնեսի վրա չի կարող ունենալ:Փոքր բիզնեսի խնդիրը ոսկորի նման կանգնած է իշխանությունների կոկորդին:Փոքր բիզնես չի կարող աշխատել ԱԱՀ-ի տակ: Այն չի կարող 3.5 տոկոս շրջանառության հարկի տակ աշխատել: Մենք շրջայց ենք կազմակերպել եւ հայտնաբերել ենք, որ գյուղ կա, որտեղ խանութը 5 մնլ դրամ պարտքով է աշխատում: Փոքր բիզնեսն է պահում գյուղը: Եթե, այդ խանութներին խեղդենք, խանութը կփակվի եւ գյուղացին կարտագաղթի: Գյուղը պահելու միակ հնարավորությունը գյուղի փոքր բիզնեսին հարկումից ազատելն է» :

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930