Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Եթե որևէ մեկը հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան փողոցով (Տեսանյութ)

Ապրիլ 30,2014 14:33

«Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է հասունացել, որը կարծես դեռ բոլորը չէ, որ գիտակցում են: Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իշխանության ղեկն անձամբ ոչ մի ձևաչափում երրորդ ժամկետով չվերցնելու մասին հայտարարությունն իրականում խաղի նոր կանոնների հայտարարում էր, ինչը դեռ մինչև վերջ չի ընկալվել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«…Ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, եւ ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»,- մեջբերելով Սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման ժամանակ նախագահ Սարգսյանի արած հայտարարությունը`Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Այս մեկ պարագրաֆի մեջ իրականում խտացված ու կանխորոշված է նոր քաղաքական իրականությունը, որն այսօր թելադրվում է ապագա տասնամյակի համար: Քաղաքական դաշտն անցնում է ցանցային/հորիզոնական կառավարման մոդելին: Այլևս էապես նվազելու է մեկ մարդու դերը պետական կառավարման հիերարխիայում, և կտրուկ աճելու է քաղաքական կուսակցությունների դերը: Սա չգիտակցած գործիչներն այս օրերին կաշվից դուրս են գալիս իրենց ապագայի մեջ դիրքավորելով, ինչը միայն ժպիտ կարող է առաջացնել»:

ԱԺ փոխխոսնակի համոզմամբ, նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է իր համոզմունքը, «Գալիք տարիներին որոշիչ է լինելու հենց հանրապետականի ձայնը, ոչ թե որևէ մեկ անհատի, որևէ հայտնի գործչի, նախկին կամ ապագա ղեկավարի, այլ հենց կուսակցության ձայնը, Հանրապետական կուսակցության ձայնը: Ակնհայտ է, որ մոտակա առնվազն մեկ տասնամյակում Հանրապետական կուսակցությունն իր չափերով, իր կազմակերպվածությամբ ու իր քաղաքական ռեսուրսով շարունակելու է մնալ առաջատարը մեր քաղաքական դաշտում: Իր հայտարարությամբ Նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է, որ պետական կառավարման ամենաբարձր օղակներում իրենց տեսնող մարդկանց համար պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ միակ ճանապարհը Հանրապետական կուսակցությունն է: Եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան փողոցով»:

Պահի ամենաուշագրավ կողմը, ըստ Էդուարդ Շարմազանովի, հետեւյալն է. «Դա հենց Սերժ Սարգսյանի կողմից ինքնաբացառումն է, ինչը նշանակում է, որ դաշտը բաց է ու մրցակցային, բայց այդ մրցակցությունը առաջին հերթին հանրապետականի ներսում է: Վստահ եմ, որ այս գործընթացների արդյունքում մի քանի տարվա ընթացքում մենք ունենալու ենք որակական նոր թռիչք ապրող Հանրապետական կուսակցություն և ուղեցույց այլ քաղաքական ուժերի համար»:

 

Aravot.am-ի հարցին`արդյոք սա առաջա՞րկ է ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներին`անդամագրվել ՀՀԿ-ին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սա ընդամենն այն իրականության ամրագրումն է, որ ապագա տասնամյակում ամենաորոշիչը լինելու է ՀՀԿ-ն եւ ՀՀԿ-ն է լինելու Հայաստանի քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը: Այլ պարզաբանումներ, Էդուարդ Շարմազանովն առայժմ չցանկացավ տալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե says:

    Թռիչք եք ապահովելու Նեմեցով,Լիսկայով, Գալուստով,Սաշիկով ու մյուս ,,երևելիներով…???

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930