Հայաստանում ֆրանսիական համալսարանում օրերս օտար լեզուների ամբիոնի դասախոսների աջակցությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Բուհի 2-րդ կուրսի ուսանողները անգլերենով ներկայացրեցին ցեղասպանության եւ նրա հետեւանքների մասին պատմող գրական-գեղարվեստական բեմականացում: Տպավորված էին ե՛ւ մասնակիցները, ե՛ւ լսարանը: Ֆրանսիական համալսարանն ընդհանրապես ՀՀ ամենաակտիվ բուհերից է. որեւէ տարելից կամ տոն այստեղ աննկատ չի անցնում: Իսկ ֆրանկոֆոնիական համատեքստում անցկացվող միջոցառումներն ուղղակի տոնախմբության են վերածվում:
Ավելի վաղ բուհը «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ընդունել էր ՀՀ դպրոցների ավելի քան 150 աշակերտների, ուսուցիչների եւ ծնողների: Այս միջոցառումը եւս սկսվել է ուսանողների կողմից կազմակերպված երաժշտական կատարումներով, որին հաջորդեց ՀՖՀ ռեկտոր, պրոֆեսոր Ժան-Ժակ Մոնտուայի ողջույնի խոսքը, ռեկտորը, ՀՖՀ Արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, ՀՖՀ վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը ներկայացրել են բուհի հնարավորությունները:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ