Լրահոս
Օրվա լրահոսը

Իսագուլյանը՝ ԲՀԿ-ի՝ քառյակից դուրս գալու մասին

Ապրիլ 30,2014 14:17

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությունները՝ ցեղասպանության 100 –րդ տարելիցին ընդառաջ, փորձ էր կանխել արտաքին ճնշումներն իրենց վրա:

«Շատ ցավալի է, որ դեռ օրակարգում մնում են հայ-թուրքական արձանագրությունները: Վստահ եմ, որ շատ շուտով թուրքերը սկսելու են կրկին այդ խնդիրը օրակարգի հարց սարքել, փորձելու են տպավորություն ստեղծել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ընթանում են լուրջ գործընթացներ եւ կարիք չկա, որ որեւէ մեկը միջամտի այդ հարաբերությունների զարգացմանը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Իսագուլյանը:

Նրա խոսքով, Էրդողանի հայտարարության մեջ Հայաստանի համար առանձնահատուկ գովելի ոչինչ չկար. «Բայց բավականին աշխուժություն է առաջացել, եւ արտաքին աշխարհը ոգեւորվել է, թե Էրդողանը կարեւոր հայտարարություն արեց, հնարավոր է Թուրքիան ցեղասպանության խնդիրը բերի օրակարգ, դարձնի քննարկման առարկա: Բայց նման բան չի լինի»:

Պարոն Իսագուլյանն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է հետ կանչի արձանագրությունները խորհրդարանից եւ ստորագրությունը համարեն չեղյալ.«Սա լավագույն քայլը կլինի: Բնականաբար ճնշումներ կլինեն Հայաստանի վրա Արեւմուտքից, բայց Հայաստանը ծանրակշիռ փաստարկներ ունի եւ կարող է ասել, որ այդ խնդիրը այդպես թողնել նշանակում է աշխատել ի վնաս Հայաստանի… մի բան հստակ է, որ հայկական քաղաքական միտքը, Հայաստանի իշխանությունները, ԱԳՆ-ի արտաքին քաղաքականության մեջ գործոն չեն: Օրինակ, մինչեւ վերջերս չգիտեին՝ Մինսկ գնալո՞ւ են, փաստաթուղթ ստորագրելո՞ւ են, թե՞ ոչ: Որովհետեւ այդ հանգամանքը Հայաստանից կախված չէ, Հայաստանին պետք է ասվի, որ գնան»:

Անդրադառնալով լուրերին, թե ԲՀԿ-ն դուրս է գալիս քառյակից, պարոն Իսագուլյանը պատմեց, որ վերջերս ինքը անձամբ հանդիպել է Գագիկ Ծառուկյանին ու կարող է վստահեցնել, որ ասեկոսեներ են: Ըստ նրա, ԲՀԿ-ի գործոնը բավականին մեծ ազդեցություն ունի. «Այդ լուրերը տարածում են նրանք, որոնց համար երազանք է, որ ԲՀԿ-ն դուրս գա քառյակից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930