Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության ցինիզմը շարունակվեց նոր կառավարության ձեւավորման շրջանում». Լեւոն Մութաֆյան (Տեսանյութ) 

Ապրիլ 30,2014 14:06

«Սա արդեն ծերացող եւ որեւէ սպասելիքներ չներշնչող կառավարություն է»,- այսօր՝ ապրիլի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց թատերագետ Լեւոն Մութաֆյանը:

Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ իրեն չի հետաքրքրում որոշակի ծրագիր ունեցող կառավարություն, այլ ընդամենը իրեն պետք է ձեւավորել դոլարային միլիոնատերերի ակումբ՝ «նոր նշանակված նախարարների 90 տոկոսն ակնհայտ միլիոնատերեր են»:

Թատերագետի կարծիքով՝ նոր կառավարությունն որեւէ հույս չի ներշնչում եւ որեւէ բան անհնար է ակնկալել նրանից, քանի որ ի սկզբանե հայտարարվել էր, որ շարունակվելու է այն ծրագիրը, որը կյանքի էր կոչել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Եթե խորհրդարանական չորս ուժերը եւ հանրությունն իրենց դժգոհությունն էին արտահայտում վարչապետի ծրագրից, վարչապետի քաղաքականությունից եւ վարչապետի գործունեությունից, հետեւաբար՝ շարունակել նույն կուրսը, նույն քաղաքականությունը, նշանակում է դատապարտել երկիրը պարտության եւ դատապարտել երկիրը կործանման, իսկ այն, որ այսօր մեր երկիրը տնտեսապես գնում է դեպի կործանում՝ ակնհայտ է: Բյուջեն դատարկ է, չկան տարածաշրջանային ծրագրեր, Հայաստանը դուրս է դրված տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերից»:

Լեւոն Մութաֆյանի կարծիքով՝ Հայաստանը վերածվել է ինքնաբավ պետության՝ ինքնիրեն է ապրում եւ որեւէ մեկի հետաքրքրությունն առաջ չի բերում, այդ ամենը պարոն Մութաֆյանը վերագրում է նախկին կառավարությանը, քանի որ կարծում է՝ նույն մարդիկ այսօր կառավարությունում շարունակում են այդ նույն քաղաքականությունը. «Նրանք, ովքեր արդեն նշանակվել են, եւ ովքեր նոր պետք է նշանակվեն, նույնպես հույս չեն ներշնչում, որովհետեւ ոչ այնքան հաշվի են առնված այդ անձանց մասնագիտական հատկանիշները, որքան խնամիածանոթական կապը: Առողջապահության նախարար նշանակվում է կաթողիկոսի հովանավորության ներքո եւ տխրահռչակ Արմեն Սմբատյանի միջնորդությամբ, սա արդեն խայտառակություն է: Մշակույթի նախարարը վերանշանակվում է՝ Արմեն Սմբատյանի հովանավորությամբ: Կարեն Ճշմարիտյանը, որը թաղված էր բազմաթիվ խայտառակ պատմությունների մեջ եւ այսօր նորից գալիս է որպես էկոնոմիկայի նախարար: Այսինքն՝ իշխանության ցինիզմը, հասարակությանը ծաղրելու, արհամարհելու գործունեության ձեւը շարունակվեց նոր կառավարության ձեւավորման շրջանում»:

Խոսելով ոչ իշխանական քառյակի մասին՝ թատերագետը բացականչեց՝ մենք բոլորս հայտնվել ենք մեծ քաղաքական թատրոնում, քանի որ երեկ՝ ԱԺ նախագահի ընտրության ընթացքում, ակնհայտ դարձավ, որ բոլորը, բացի ՀՅԴ-ից, Սերժ Սարգսյանի դրածոներն են, Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան խաղի խամաճիկներն են, իսկ ՀՅԴ-ն ունի իր սեփական խաղը:

Մանրամասները՝  տեսանյութում

 

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930