Այսօր ժամը 12.30-13.30-ը խորհրդարանում տեղի ունեցան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություններ: Առաջադրված միակ թեկնածուն ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն է: Քվեարկությանը մասնակցեցին նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները:
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց, որ խմբակցության նիստ էլ չի եղել այս հարցով ու որոշում չկա: Հարցին`ինչո՞ւ է ինքը որոշել մասնակցել քվեարկությանը, պատգամավորն ասաց. «Որպես ԱԺ պատգամավոր, որոշեցի ընտրությանը մասնակցել: Զարմանալու բան կա՞»: Դիտարկմանը`իբրեւ ընդդիմադիր պատգամավոր ճիշտ չի՞ լինի բոյկոտել ընտրությունները, Լյովա Խաչատրյանը հակադարձեց. «Անհասկանալի բաներ եք ասում, ես զարմանում եմ»:
Իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանին բարկացրել էին որոշ հրապարակումներ այն մասին, որ ԲՀԿ-ականները քվեարկել են Գալուստ Սահակյանի օգտին: «Եթե իմ գործունեությունը, քաղաքական կուրսը եւ տարիների անելիքը դեռ կասկած է հարուցում որեւէ մեկի մոտ, թեպետ եւ վստահ եմ, որ չի հարուցում, ընդամենը որոշ «վերլուծաբաններ» եւ «մամուլի միջոցներ» շարունակում են պատվեր իրականացնել, այնուամենայնիվ, եթե կասկածներ կան`ես որեւէ մեկի ապացուցելու որեւէ բան չունեմ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ ճիշտը դիրքորոշում հայտնելն է ու եթե որեւէ մեկն այն կարծիքին է, որ անգամ «մթագնած երեւակայությամբ ես կարող եմ Գալուստ Սահակյանին ընտրել`իր խնդիրն է»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Aravot.am-ը հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց`ընդդիմադիր պատգամավորներից եկե՞լ են քվեարկության, պարոն Ավետիսյանն ասաց, որ ընտրության մեկնարկից կես ժամ անց ՀՅԴ-ից, ՀԱԿ-ից, ՕԵԿ-ից եւ «Ժառանգությունից» ոչ ոք չի քվեարկել, ԲՀԿ-ից եկել են ու հումոր արեց. «Կոնկրետ ասեք`ո՞ւմ եք հարցնում`ասեմ, թե չէ մենք էլ չենք կողմնորոշվում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ