Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտե՞ս ինչպիսի հեղինակավոր մարդկանց որդիներ են հերթ կանգնած քննչականի համար…»

Ապրիլ 30,2014 13:40

Մեծարգո պարոն նախագահ.

Ստիպված եմ դիմել Ձեզ՝ հույս ունենալով, որ Դուք կանդրադարնաք նման անարդար երևույթներին: 2004-2006 թթ. ծառայել եմ ԼՂՀ Պաշտպանության բանակում: 2007 թվականին ընդունվել եմ ՀՀ ոստիկանության ակադեմիա և անմիջապես գործուղվել եմ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի համալսարան և մինչև 2012 թվականը: Սովորել և ավարտել եմ նույն համալսարանի քննչական ֆակուլտետը՝ գերազանցությամբ: Սովորելու հինգ տարիների ընթացքում, պետական ոչ մի աջակցություն չստանալով, սակայն պատշաճ վարքի և աշխատասիրությանս շնորհիվ պրոֆոսորա-դասախոսական կազմի և ուսանողության շրջանում վաստակել եմ օրինակելի ուսանողի համբավ և բարձր պահել Հայաստանի Հանրապետության և ոստիկանության համբավը:

Դեռևս 2007 թ-ից մինչև ուսման ավարտը մեծ հույսեր և ակնկալիքներ ունեի ոստիկանությունում ծառայելու և ինչ-որ բանով օգուտ տալու հայրենիքիս: Վերադառնալով ՀՀ, 2012թ-ի հուլիսին ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել եմ օպերլիազորի պաշտոնին: Իմանալով, որ ինձ նշանակել են օպերլիազորի պաշտոնին, զեկուցագրով դիմեցի ՀՀ ոստիկանապետին, խնդրեցի, որ ինձ տեղափոխեն քննչական մարմիններ, քանի որ ավարտել էի ՌԴ Մոսկվայի համալսարանի քննչական ֆակուլտետը, սիրում եմ իմ ստացած մասնագիտությունը, այդ իսկ պատճառով չէի կարող արդյունավետ աշխատել որպես օպերլիազոր: Պատկերացրեք, դա նույն բանն է, եթե բժշկության մեջ սրտաբանին նշանակեին որպես մաշկաբան: Մի՞թե հնարավոր է ինչ-որ արդյունք ակնկալել նրանից:
Զեկուցագիր գրելուց մի քանի օր հետո ինձ կանչեցին ոստիկանության կադրերի բաժին և հայտնեցին, որ իմ խնդրանքը հնարավոր չէ բավարարել` պատճառաբանելով , թե քննչական մարմիններում ազատ տեղեր չկան, բառացիորեն ասելով «գիտես ինչպիսի հեղինակավոր մարդկանց որդիներ են հերթ կանգնած քննչականի համար»: Դա այն պարագայում, որ հենց այդ նույն պահին երեք թափուր տեղ կար միայն իմ բաժնում, երևի դրանք ինձ համար չէին, այլ ծանոթ, ընկեր, բարեկամների կամ էլ աճուրդի էին դրված: Ինձ համոզեցին, որ գոնե մի տարի ծառայեմ, դրանից հետո կտեղափոխեն: Այդ օրվանից ես սարսափելի հիասթափություն ապրեցի և ինքս ինձ հաճախ հարց էի տալիս. մի՞թե ես մեղավոր եմ, որ իմ ծնողներս «հասարակ» մարդիկ են, չունեն պաշտոնավոր բարեկամ կամ գումար:

Մեկ ու կես տարի ծառայելով օպերլիազորի պաշտոնին՝ շփվելով ինձ ծանոթ Գավառի ու Իջևանի համալսարանների հեռակա ֆակուլտետներն ավարտած քննիչների հետ, հասկացա, որ հենց այնպես, առանց ծանոթ բարեկամի ու հնարավորության, անկախ մասնագիտական ունակություններից, անհնար է տեղափոխվել քննչական մարմիններ: 2013թ-ի սեպտեմբերին իմ զեկուցագրի հիման վրա ազատվեցի ՀՀ ոստիկանությունից:
Այս պահին իմ միակ ցանկությունը կլիներ այն, որ ինչ-որ մեկը ինձ հետ կանգնեցներ արտագաղթելու և հայրենիքս լքելու մտքից :

Հարգանքներով՝ ՀՀ քաղաքացի Վաղինակ Տոնոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930