«Մենք Եվրամիությանը նայում ենք որպես կթու կովի, որ պետք է գա ու Հայաստանին ֆինանսավորի: Բայց կարևոր է, որ հասարակությունը ներսից ոչ միայն ենթարկվի Եվրոպայից իջեցված միջոցառումներին, այլև թելադրի ներսից: Այսինքն՝ պետք է ունենանք հասարակական ներքին ինքնակազմակերպում»,-այսօր «Եվրամիության Արեւելյան գործընկերության 5 տարին. ձեռքբերումներ եւ բացթողումներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Հարցի կապակցությամբ` ի՞նչ է տալիս Արևելյան գործընկերությունը Հայաստանին, տիկին Սեդրակյանը փաստեց, թե այդ ինչպե՞ս է, որ ՀՀ պաշտոնյաները կողմ են արտահայտվում Մաքսային միությանը, բայց իրենց երեխաներին ուղարկում են սովորելու Եվրոպա, կամ իրենց գույքը գրանցում Եվրոպայում: Ու շեշտեց, թե դեռ ունենք քաղաքակիրթ ճանապարհով գնալու ընտրություն:
«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը, ամփոփելով Արեւելյան գործընկերության 5 տարիների արդյունքները, կարևորեց Քաղաքացիական հասարակության ֆորումի ձևավորումն ու նշեց. «Եվրոպան ցանկանում էր ունենալ ավելի կառավարելի, սկզբունքային և կանխատեսելի գործընկերներ: Լինելով սկզբունքորեն տարբեր բաների մասին մտածող գլուխներ ունեցող մի մարմին, Եվրամիության մոտ արագ արձագանքման գիտակցությունը բավականին թերի է, դա է պատճառը, որ շեշտադրումները դնում էին երկարաժամկետ գործընթացների վրա, օրինակ՝ ասոցացման գործընթացը»:
Պարոն Հովհաննիսյանը անդրադարձավ Եվրամիության Արեւելյան գործընկերության գործընթացներում գրանցված խնդիրներին. «Անունը կար, դերը դեկլարացված կար, բայց մեխանիզմներ չէին առաջադրվել: Մեր հասարակությունում այդ համաձայնագրի գիտելիքի և ընկալման աստիճանը ցածր էր, ուստի համաձայնագրի ստորագրման տապալման պատճառը նաև քաղհասարակությանն էր: Ստեղծվում էր հնարավորությունների և ցանկությունների անհամաձայնություն: Հույս ունեմ, որ Եվրոպան դասեր քաղելով՝ կկենտրոնանա այն բանի վրա, որ տեղեկատվությունը արդյունավետ կերպով տարածվի»:
Իսկ թե ինչ տվեց Արևելյան գործընկերությունը ՀՀ-ին, պարոն Միքայելյանը նկատեց, թե փորձարկվեց ՀՀ-ի՝ մանևրելու ունակությունը և պարզվեց, որ դա նվազել է:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ