Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի խոշորների վճարած հարկերը երբեմն շատ կտրուկ փոփոխությունների են ենթարկվել. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 30,2014 12:58

Վճարած հարկերի մեծությամբ Հայաստանի գլխավոր հարկատուն նախկին «ՀայՌուսգազարդն» է, որ վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա»։ Տարեսկզբի առաջին երեք ամիսներին այն պետական բյուջե է փոխանցել 17,7 մլրդ դրամ։

Ընկերության վճարները նախորդ տարվա համեմատ ավելացել են 4,5 միլիարդով։ Աճը պայմանավորված է ոչ այնքան ընկերության գործունեությամբ, որքան գազի ներմուծման թանկացմամբ։ Վճարված հարկերի ավելացման հարցում որոշակի դեր է կատարել նաեւ սպառման ծավալների ավելացումը։

Խոշորներից երկրորդը գործարար Ս.Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը երեք ամսում պետական բյուջե է վճարել 5,2 մլրդ դրամ, նախորդ տարվա 3,8 միլիարդի դիմաց։

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե Ս.Ալեքսանյանը կտրուկ բարելավել է պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները։ Սակայն այդ լավատեսությունն անհետանում է, երբ դիտարկում ենք նույն սեփականատիրոջը պատկանող «Սամ Սեր Գրուպի» կողմից առաջին եռամսյակում կատարած վճարումները։ Այս ընկերությունը տարեսկզբի երեք ամիսներին բյուջե է փոխանցել 849 մլն դրամ, որը գրեթե երեք անգամ քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 2013թ. առաջին եռամսյակում «Սամ Սեր Գրուպը» վճարել էր ավելի քան 2,5 մլրդ դրամ։

Երբ համադրում ենք Ս.Ալեքսանյանին պատկանող այս երկու ընկերությունների վճարած հարկերը, ստացվում է, որ դրանք ոչ միայն չեն ավելացել, այլեւ նվազել են. նախորդ տարվա առաջին եռամսյակում դրանք միասին վճարել էին շուրջ 6,4 միլիարդ, այս տարի՝ 6,1 մլրդ դրամ։

Խոշորների եռյակը եզրափակում է «ԱրմենՏելը»։ Նրա կատարած պարտավորություններն ավելացել են գրեթե 500 մլն դրամով՝ կազմելով 4,2 միլիարդ։

Հակառակ դրան, անտրամաբանական հետընթաց է տեղի ունեցել «Ղ-Տելեկոմի» դեպքում, որը գրեթե մշտապես եղել է հեռահաղորդակցության ոլորտի թիվ մեկ հարկատուն։ Տարեսկզբի երեք ամիսներին «Ղ-Տելեկոմը» պետական բյուջե է վճարել ընդամենը 811,5 մլն դրամ՝ հայտնվելով խոշորների ցանկում իր համար անսովոր 30-րդ հորիզոնականում։ Անցած տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը երրորդ խոշոր հարկատուն էր, որը պետական բյուջեի նկատմամբ կատարել էր ավելի քան 3,8 մլրդ դրամի պարտավորություն։

Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում «Ղ-Տելեկոմը» գրեթե 5 անգամ նվազեցրել է վճարած հարկերը։ Մի բան, որ հազիվ թե կարելի է պայմանավորել ընկերության գործունեությամբ, որովհետեւ այն նույն հաջողությամբ շարունակում է աշխատել հեռահաղորդակցության ոլորտում։

Մինչ «Ղ-Տելեկոմի» վճարները կտրուկ կրճատվել են, զգալիորեն ավելացել են ոլորտի մեկ այլ ընկերության՝ «Օրանժ Արմենիայի» պարտավորությունները։ Ընդ որում՝ դրանք նույնիսկ գերազանցել են «Ղ-Տելեկոմին»։ Տարեսկզբի երեք ամիսներին «Օրանժը» պետական բյուջե է փոխանցել գրեթե 1,5 մլրդ դրամ, որը 2,5 անգամ ավել է նախորդ տարվանից։
Կտրուկ ավելացել են նաեւ վերջին տարիներին հեռահաղորդակցության ոլորտում հայտնված մեկ այլ ընկերության՝ «Յուքոմի» հարկային պարտավորությունները, որոնք կազմել են շուրջ 670 մլն դրամ (գրեթե 2,6 անգամ գերազանցելով 2013թ. ցուցանիշը)։

… Խոշորների ցանկից իսպառ դուրս են մնացել հայտնի գործարար Մ.Բաղդասարովին պատկանող ընկերությունները։ «Արմավիայից» եւ «Միկա քորփորեյշնից» բացի, այստեղ չկա նաեւ «Միկա Ցեմենտը»։ Փոխարենը՝ Արարատի ցեմենտի գործարանը՝ «Արարատցեմենտը», պետական բյուջե է փոխանցել 231 մլն դրամ (շուրջ 44 մլն դրամ պակաս)։

Գործարար Գ.Ծառուկյանին պատկանող այլ ընկերությունները եւս չեն առանձնանում հարկային պարտավորությունների ավելացմամբ։ Տարեսկզբի երեք ամիսներին «Մուլտի-Լեոնը» վճարել է շուրջ 62 մլն դրամ՝ նախորդ տարվա 110 միլիոնի դիմաց։ «Մուլտի» գրուպ» ապրանքային նշանի տակ միավորված մեկ այլ ընկերություն՝ ի դեմս «Մուլտի գազի», վճարել է 38,5 մլն դրամ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում այն գերազանցել էր 57 միլիոնը։ Ավելացել են «Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» կատարած պարտավորությունները՝ կազմելով 214 մլն դրամ։

Հարկային պետական ծառայության հրապարակած առաջին եռամսյակի տվյալները վկայում են, որ այս տարի խոշորների վճարած հարկերը երբեմն շատ կտրուկ փոփոխությունների են ենթարկվել։ Նկատելի է նաեւ այն հարկատուների ավելանալը, որոնք նվազեցրել են կատարած պարտավորությունները։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930