Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակում խոսվել է ԱԺ նախագահի ընտրություններում ԲՀԿ-ի քվեարկության մասին (Տեսանյութ)

Ապրիլ 30,2014 12:46

Խորհրդարանական քառյակի` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», արտահերթ նիստում այսօր բացի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերվող հարցից` քննարկվել է նաեւ երեկ ԱԺ նախագահի ընտրություններում ԲՀԿ խմբակցության քվեարկության հարցը :

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ԱԺ նախագահի ընտրության հարց քառյակի օրակարգում չի եղել, հետեւաբար յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում`ինչպե՞ս վարվել. «Գնահատականները`ով ինչպես է վարվում, այլ հարց է: Նկատի ունենալով, որ դա ԲՀԿ-ի ներքին հարցն է… ԲՀԿ-ի ներկայացուցիչներն ասացին, որ մենք այս հարցը քննարկում ենք…Այս հարցն իրենք պետք է կուսակցության ներսում քննարկեն: Որոշակիորեն, բնականաբար, մենք նաեւ կուզենանք լսել հենց իրենց մոտեցումները, որից հետո, եթե անհրաժեշտ լինի միասնական դիրքորոշման` կարող ենք…»:

Aravot.am-ի դիտարկման հետ, որ ԱԺ նախագահի ընտրությունը բավական կարեւոր հարց էր եւ արժեր, որ քառյակն այդտեղ միասնական դրսեւորվեր` նաեւ հետագա շահարկումներից խուսափելու համար, Ռուբեն Հակոբյանը համաձայնեց:

Ի՞նչը խանգարեց միասնական դիրքորոշմանը`մեր հարցին պատասխանեց. «Տրամաբանական հարց եք տալիս: Այո, ճիշտ կլիներ, որ քառյակն ունենար միասնական դիրքորոշում`դա կլիներ, միասնական թեկնածուի առաջադրումով, թե միասնական չմասնակցելով… Մինչեւ ԱԺ նախագահի ընտրությունները որոշակի քննարկում եղել է, բայց նաեւ հայտարարել ենք, որ որեւէ հարց դառնում է միասնական օրակարգ`եթե կա ընդհանուր համաձայնություն»:

Քառյակի խոհանոցն ավելի բացելուց խուսափելով`Ռուբեն Հակոբյանն ասաց, որ հարցը չդարձավ միասնական օրակարգ: Հիմա, քառյակի խնդիրն է, ըստ նրա, որեւէ հարց, որը կարող է չորս քաղաքական ուժերի միջեւ հակասությունների հարց դառնալ, քննարկման առարկա չդարձնել:

«Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն իր մոտեցումներն առաջիկայում կհայտնի, բայց նաեւ համաձայն չեմ այն մեկնաբանությունների հետ, որ ամեն ինչ ավարտված է: Բայց, իհարկե, լավ կլինի, որ չլինեն այդպիսի հարցեր, մոտեցումներ, որ հնարավոր չլինի թուլացնել չորս քաղաքական ուժերի այս կարեւոր հարցը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ կան շատ ավելի կարեւոր հարցեր եւ քառյակի համագործակցությունը պետք է շարունակվի:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

 

Aravot.am-ի հարցին`կարելի՞ է արձանագրել, որ այդ քվեարկությունը ցույց տվեց յուրաքանչյուր քաղաքական ուժի դեմքը, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Յուրաքանչյուրը կարող է յուրովի ձեւակերպել եւ իր գնահատականը տալ: Ես կոռեկտ չեմ համարում չորս քաղաքական ուժերից որեւէ մեկի պահվածքին գնահատական տալ: Ընդհանուր մոտեցում կա`պահպանել չերս քաղաքական ուժերի միասնականությունը»:

Ի դեպ, հանդիպումից դուրս գալիս, երբ լրագրողները ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանից փորձեցին երեկվա քվեարկության մասին կարծիք հարցնել` նկատելով, որ դա շահարկվեց, տիկին Զոհրաբյանն ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանում`հավելելով. «Թող իզուր չշահարկվի…»:

Քառյակի այսօրվա նիստում չի քննարկվել նաեւ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի`խորհրդարանում արդեն մեկնարկած ընտրություններին միասնական հանդես գալու հարցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930