Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով Վանաձորում

Ապրիլ 30,2014 12:21

Ապրիլի 29-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էին ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Զեկույցներում բանախոսներն անդրադարձան այն խնդիրներին, որոնք ծնում են արատավոր բարքեր և սպառնալիք են հասարակության համար:

ՎՊՄԻ հոգեբանության ամբիոնի վարիչ Ռ. Ավագիմյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ սոցիալական ցանցերում ներգրավվածության երիտասարդների մասին: Հոգեբանի կարծիքով` զգալի չափով ավելացել է համացանցից կախվածությունը, ինչը երբեմն երիտասարդների մոտ առաջացնում է կոնֆլիկտային վարքագիծ, իրական կյանքի փոխարեն վիրտուալ տարածության նախընտրություն:

Խոսելով դպրոցում աշակերտներին բացասական երևույթներից զերծ պահելու ուղիների մասին` մանկավարժական գիտությունների թեկնածու Արեգնազան Սարգսյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց դպրոցական դասագրքերի բովանդակության վրա: Բանախոսի կարծիքով` դասագրքերը պետք է առավել հագեցած լինեն պատմական իրադարձությունների և ազգային գործիչների մասին հիշատակումներով:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցող Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Սահակյանը իր զեկույցում նշեց, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ապավինել միայն ազգային արժեքներին և հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը:

Խոսելով բարոյական անհատի ձևավորման նախադրյալների մասին, Տեր Վահան քահանա Ազարյանը առաջնահերթ համարեց մարդու կողմից Քրիստոնեական արժեքների կրումը. ըստ նրա, միայն աստվածավախ լինելու դեպքում մարդը կարող է հետ կանգնել բացասական քայլից:

ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արայիկ Սարգսյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց զինծառայողների շրջանում արատավոր երևույթների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և պատասխանեց գիտաժողովի մասնակիցների հարցերին:

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930