Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նատուրոն բաշխո ի». հաճընցիները ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի և Հաճընի հերոսամարտի նահատակների հիշատակը

Ապրիլ 30,2014 11:45

«Մեր նատուրոն բաշխո ի»,-այսինքն` մենք ուրիշ ենք, ինչպես ասում են հաճընցիները. այս կարգախոսի ներքո ապրիլի 29-ին «Նարեկացի» արվեստի միության սրահում անցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդաջառ կազմակերպված միջոցառումը` նվիրված Հաճընի ութամսյա հերոսամարտին: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միությունը` հանձին ատենապետ Հովհաննես Գրիգորյանի: Ծրագիրը ներառում էր հայտնի ու սիրված երգիչների և համույթների (Դավիթ Ամալյան, Գուսան Հայկազուն և «Հայկազունք» համույթ, Անդրանիկ սարկավագ Մանուկյան և «Սասուն» համույթ, Արսեն Գրիգորյան) կատարումներ` ազգագրական, ժողովրդական, ռազմահայրենասիրական, Կիլիկիայի Հաճըն քաղաքի հերոսամարտին նվիրված փոքրիկ ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև երեք հաճընցիների մեծարում` Համլետ Թուր-Սարգսյանի, Արուսյակ Մուշյանի և Լիպարիտ Ալմասակյանի: Ի դեպ` վերջինս ՀԽՍՀ վաստակավոր և Խորհրդային Միության սուզալողի ավագ մարզիչ է:

Երեկոյին ներկա էին ճանաչված հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչներ` ցեղասպանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի գլխավոր ճարտարագետ Հակոբ Ալթունյանը, «Տրապիզոն-Արդվին-Բաթում» հայրենակցական միության նախագահ Լևոն Անդրիասյանը և այլք: Նրանցից ոմանք ստացան «Հաճըն» հայրենակցական միության պատվավոր անդամի կոչում, արժանացան պատվոգրի և շնորհակալագրի: Երեկոն վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը:
Միջոցառումը միտված էր ևս մեկ անգամ ինչպես մեզ, այնպես էլ աշխարհին ցույց տալու, որ Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ, և որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել, վկա` աշխարհասփյուռ հայերն ու տվյալ դեպքում` հաճընցիների սերունդները, ովքեր այսօր էլ բարձր են պահում հաճընցու պատիվը թե´ Սփյուռքում, թե´ Հայաստանում:
Ի դեպ` «Հաճըն» հայրենակցական միությունը Սփյուռքում ևս ունի մասնաճյուղեր, իսկ միության կենտրոնական վարչությունն Արգենտինայում է: Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը վստահեցնում է. «Մեր Միությունն ուժերի ներածին չափով փորձում է հավատարիմ մնալ հայրենակցական միությունների առաքելությանը, այն է` կապեր հաստատել «Հաճըն» հայրենակցական միության արտասահմանյան մասնաճյուղերի, ինչպես նաև` Արգենտինայի կենտրոնական վարչության հետ և համատեղել ջանքերն ազգային խնդիրների լուծման շուրջ` վառ պահելով հիշողությունը Հաճընի մասին և նոր սերունդներին հղելով հարազատ վայրերը մի օր անպայման վերադառնալու արդարացի պատգամը»:

Միջոցառման ընթացքում Հ. Գրիգորյանը «Հաճըն» հայրենակցական միության ինչպես տեղական, այնպես էլ Սփյուռքի մասնաճյուղերի կողմից հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն

Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Արդեն 21-րդ դարն է, սակայն աշխարհում կան ոչ միայն այնպիսի երկրներ, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությունը, այլև այնպիսիք, որոնք ժխտում են այն` որպես իրողություն: Այդ երկրներից մեկը տարածքային առումով Հայաստանի Հանրապետության հարևան Թուրքիայի Հանրապետությունն է` մեկ դար առաջ Հայոց ցեղասպանությունը մանրամասն ծրագրած և իրագործած երկիրը:
Արգենտինայի «Հաճըն» հայրենակցական միության կենտրոնական վարչության, ինչպես նաև Հունաստանի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հայաստանի մեր միությունների կողմից խստագույնս դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունն ու դրա վերաբերյալ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը և կոչ անում ընդունել Հայոց Ցեղասպանությունը:
Այսօր Թուրքիան, չնայած այլևայլ ոլորտներում գրանցած առաջընթացին, միևնույն է, իր վրայից չի ջնջի պատմության խարանն այնքան ժամանակ, մինչև չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, հիշողությունը հայի արյան մեջ է, և եթե Թուրքիան հետամուտ չլինի ճանաչման ու հատուցման գործընթացին, մենք մեր պահանջները` ինչպես բարոյական, այնպես էլ հողային, կտեղափոխենք իրավական հարթություն:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան ժխտողական քաղաքականության ավելի կատարելագործված դրսևորում: Պարո´ն Էրդողան, եթե խոսում եք Ցեղասպանության մասին, ապա բարի եղեք դեպքերը կոչել իրենց անունով. դրանք պարզապես 1915 թվականին տեղի ունեցած իրադարձություններ չեն, այլ ծրագրավորված կոտորածներ` հայ ազգի համար ունեցած կործանարար ու ողբերգական հետևանքներով: Այս ամենի անունն է ցեղասպանություն, և նույն ձեռագրի շարունակությունն այսօր Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք ևս դատապարտելի են: Անշուշտ, Ցեղասպանության մասին բարձրաձայն խոսելն արդեն իսկ դրական քայլ է, սակայն խոսքը պիտի ճշմարիտ լինի:

Ուստի կոչ ենք անում թույլ տալ Ձեր երկրի ժողովրդին` թոթափել իրենց ուսերից ոճրագործություն իրականացրած ազգի ծանր լուծը, հատկապես եթե որդեգրել եք քաղաքակիրթ երկրներին վայել ճանապարհով ընթանալու քաղաքականությունը:
Մենք ողջունում ենք ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից օրերս Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը և հուսով ենք, որ ԱՄՆ-ը չի բավարարվի դրանով, իսկ Հայոց ցեղասպանությունն առայսօր չճանաչած երկրները, մասնավորապես` Հոլոքոստ տեսած Իսրայելը, օրինակ կվերցնեն և ճանաչմանն ուղղված քայլեր կփեռնարկեն, քանի որ Հայոց ցեղասպանության ժխումը կարող է հնարավորություն ստեղծել նորանոր Ցեղասպանությունների համար:

Եվս մեկ անգամ ցանկանում ենք շեշտել, որ մենք պահանջատեր ենք, և որ Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ: Կոտորածներին զոհ գնացած մոտ 35 հազար հաճընցիներից փրկված մոտ 400 հոգու` աշխարհով մեկ սփռված սերունդները պահանջում են Հայոց ցեղասպանության ճանաչում, դատապարտում և հատուցում:

Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միություն, ատենապետ` Հովհաննես Գրիգորյան

Արգենտինայի «Հաճըն» հայրենակցական միության կենտրոնական վարչություն

Հունաստանի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի «Հաճըն» հայրենակցական միություններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930