Քիչ առաջ «Ժառանգություն» խմբակցությունում մեկնարկեց խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» հերթական քննարկումը: Հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցում են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ քարտուղար Թեւան Պողոսյանը: ՀԱԿ-ից միայն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն է: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ինչպես տեղեկացրեց Լեւոն Զուրաբյանը, իր փոխարեն վարելու է խմբակցության նիստը:
Քառյակի պատգամավորները քննարկման օրակարգի մասին ոչինչ չասացին: Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ «օրակարգը տեղում է ձեւավորվում»: Սակայն, ենթադրաբար, քառյակը քննարկելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ կառավարությունը նախագիծ է ներկայացրել պարտադիր բաղադրիչը կասեցնելու մասին, որով այդքան էլ հստակ չեն շատ այլ ածանցյալ հարցերի պատասխաններ: Այդ հարցը այսօր քննարկվելու է լիագումար նիստում:
Քառյակի նախորդ նիստին անակնկալ կերպով ներկայացած վարչապետ Հովիկ Աբրահամյանին ընդդիմադիր պատգամավորները փոխանցել էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող իրենց առաջարկները: Վարչապետը խոստացել էր քննարկել դրանք: Կախված կառավարության արձագանքից՝ քառյակի պատգամավորները պետք է այս քառօրյայի ընթացքում արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գային, որի օրակարգում մեկ հարց էր լինելու՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ընդդիմադիրների պատկերացումները ամփոփող նախագծով:
Քառյակի այսօրվա քննարկմանը ենթադրաբար հստակեցումներ կտրվեն հենց այս հարցերին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ