Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազար Գալոյան. «Ես այդպես ապտակեցի գործող իշխանության դեմքին». «Ժողովուրդ»

Ապրիլ 30,2014 11:12

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որին ներկա երիտասարդ գիտնականներից մեկը՝ Ղազար Գալոյանը, անդրադառնալով գիտնականների սոցիալական ծանր պայմաններին՝ հայտարարեց, որ նրանց համար պետք է ստեղծվեն նպաստավոր պայմաններ: Նա նաեւ նշեց, որ շքեղ մեքենաների փոխարեն հայ նախարարները կարող են հեծանիվ քշել։

Մինչդեռ մեր պաշտոնյաները «Ջիպ»-երով, «Բրաբուս»-ներով են աշխատանքի գնում, իսկ գիտնականների մեծ մասը՝ կոշիկ անգամ չունի։ Գալոյանի ելույթից հետո, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոստացավ հեծանիվ նվիրել նրան։ Իսկ ժողովին ներկա Սերժ Սարգսյանը սա լսելուց հետո բարձրաձայն կատակելով՝ հարցրեց Մարտիրոսյանին. «Հեծանիվը նախարարի՞ն, թե՞ երիտասարդին»։ Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ղազար Գալոյանի հետ։

– Պարոն Գալոյան, ի վերջո Ռադիկ Մարտիրոսյանը Ձեզ հեծանիվ նվիրե՞ց։

– Անկեղծ ասած, հեծանիվ ես ոչ ոքից ոչ խնդրում եմ, ոչ ակնկալում եւ ոչ էլ՝ պահանջում։ Ես չեմ ասել՝ ինձ հեծանիվ տվեք, ընդամենն առաջարկել եմ՝ նվերներ, մրցանակներ տալու փոխարեն կարող են արժեքավոր իր նվիրել, եւ որպես օրինակ նշել եմ հեծանիվ, քանի որ այն համարվում է քաղաքակիրթ տրանսպորտի միջոց։ Եթե Ռադիկ Մարտիրոսյանը խոսքի տերը լինի, ապա պատրաստ եմ այդ հեծանիվը նվիրել նախարարներից որեւէ մեկին։

– Դահլիճում նստածները ծիծաղեցին, նույնիսկ Սերժ Սարգսյանը ծիծաղեց։ Անլուրջ վերաբերվեցին Ձեր առաջարկին։

– Ես առաջարկում եմ, որ մեր պաշտոնյաները հարգալից վերաբերվեն մարդկանց այն շերտին, ովքեր աշխատում են եւ աշխատանքի գնալիս կոշիկ չունեն, այդ թվում նաեւ գիտնականները։ Իսկ նախարարները թանկարժեք մեքենաների փոխարեն կարող են հեծանիվով էլ հաճախել աշխատանքի։ Արդյունքում, մեծ ծախսեր չեն անի, չէ որ երկիրը սոսկալի վիճակի մեջ է, բայց իրենք իրենց մեքենաների համար չեն խնայում ոչինչ, նույնիսկ ամենաթանկ միջոցները՝ լինի պետական, թե սեփական։

– Պարոն Գալոյան, Ձեր խոսքերը շատերին ոգեւորեցին, բայց ցավալի է, որ երկրի առաջին դեմքն անլուրջ վերաբերվեց։

–Իհարկե, իրենք իրավունք չունեին կատակելու հեծանիվի կապակցությամբ. թե՛ Ռադիկ Մարտիրոսյանը, թե՛ հանրապետության նախագահը։ Իմ կարծիքով՝ ես այդպես ապտակեցի գործող իշխանության դեմքին։ Չի կարելի, որ իրենք իրենց նման շքեղություն թույլ տան։ Այն սրբազանը (Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասին է խոսքը), եթե ես հիշեի իր մեքենայի ֆիրման՝ «Բենթլի»-ն, ապա դա էլ կասեի։ Նրանք պետք է զգային, որ ես իրենց եմ կպնում, թե չէ ինձ հեծանիվ պետք չէ։ Ձեզ մեքենաներ մի գնեք, փոխարենը գիտությանն ուշադրություն դարձրեք, չէ որ այն մեր երկրի պարծանքն է։ Այսօր մարզիկը գնում է մի մեդալ շահում ու ամբողջ աշխարհով մեկ ճանաչում է ձեռք բերում, իսկ գիտնականը, երբ այլ երկրում Հայաստանի դրոշն է բարձրացնում եւ հաղթանակով հետ վերադառնում, օդանավակայանում նրան դիմավորող չկա։ Անտեսված է, մոռացված, աչքից ընկած։ Խնդիրը դրա մեջ է : Եվ ես հենց դրա համար էլ սկսեցի խոսել:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930