Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղու» տնօրենը եկավ, ստեց՝ գնա՞ց

Ապրիլ 30,2014 15:20

Ինչպես հայտնի է` Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մոտ 120 աշխատակիցներ` մեքենավարներն ու նրանց օգնականները, օրերս նախազգուշական գործադուլ էին հայտարարել` պնդելով, որ «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրինությունը օր օրի նվազեցնում է իրենց աշխատավարձը՝ վերջին ամիսներին 20-25 տոկոսով կրճատել է: Փոխարենը, ըստ նույն աշխատակիցների, ուռճացնում են վարչական աշխատակիցների հաստիքներն ու աշխատավարձը, օրինակ` գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի աշխատավարձը 18 հազար դոլար է կազմում, եւ սա այն դեպքում, երբ հաշվապահներ Սեդան, Ռիման եւ Վեներան աչքի չափով են հաշվում իրենց գումարը: Ըստ նրանց՝ իրենք վճարվում են ժամավարձով, սակայն չգիտես՝ ինչ-ինչ ֆոկուսների արդյունքում այս երեք կանայք 100 ժամի դիմաց էլ նույն գումարն են վճարում, 200-ի դիմաց էլ: Գործադուլավորները նաեւ բողոքում էին, որ պարոն Ռեբեցը իրենց մարդու տեղ չի դնում, չի գալիս ու իրենց հետ չի հանդիպում:

Harav_2

Երեկ վերջապես Գյումրի էր ժամանել Վիկտոր Ռեբեցը: Նա, սակայն, եկել էր ոչ թե բողոքավորներին լսելու, նրանց առաջարկները քննարկելու, այլ վարչական մասի աշխատակիցների հետ խորհրդակցություն անցկացնելու: «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենն էլ իր պարզաբանումները ուներ աշխատավարձերի կրճատման ու գործադուլի մասին: Պարոն Ռեբեցը՝ նախքան խորհրդակցությունը սկսելը, հարցազրույց տվեց լրագրողներին` ասելով, որ իր կարծիքով՝ գործադուլի պատճառն այն է, որ իրենց տեղի ղեկավարները չեն կարողացել համոզիչ փաստարկներ, հիմնավոր պատասխաններ տալ գործադուլավորներին, թե ինչ պայմաններում է աշխատում ամբողջ երկաթուղին: Իսկ աշխատավարձերի հետ կապված, ըստ ռուս պաշտոնյայի, ցուցանիշները տարբեր են, օրինակ՝ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարների աշխատակիցների` մարտ ամսվա աշխատավարձը կազմել է 280 հազար դրամ, քանի որ ուղեւորափոխադրումները նորմալ ծավալի են եղել, իսկ փետրվարին 185 հազար դրամ է կազմել: Իսկ թե ինչու է այսքան տարբեր երկու ամսվա աշխատավարձի չափը՝ գլխավոր տնօրենը պարզաբանեց. «Գյումրիի լոկոմոտիվային դեպոն եւ «Հարավկովկասյան երկաթուղին» արտադրական ձեռնարկություն են, որը ապահովում է փոխադրումներ, իսկ փոխադրումների պահանջարկը թելադրվում է շուկայով, հանրապետության տնտեսական վիճակով, մենք չենք արտադրում պեռաշկի կամ կոնֆետներ, որոնք կախված են գնորդի պահանջարկից, ասենք՝ դո՞ւր գալիս է նրանց, թե՞ ոչ, մենք փոխադրում ենք կատարում. դա սպեցիֆիկ արտադրանք է: Եթե ուսումնասիրել եք մարքսիզմ-լենինիզմը, այնտեղ ասված է, թե ինչ է փոխադրումը: Իսկ աշխատավարձը փետրվարին նվազեց այն պատճառով, որ փոխադրումների ծավալն էր ծայրահեղ քիչ՝ 2013 թվականի համեմատ 30 տոկոսով նվազել էր: Եթե մեր աշխատավարձը լիներ ցածր, բայց կայուն, ինչպե բյուջետային հիմնարկներում` մանկապարտեզներում, դպրոցներում… դրանք բացարձակ կախված չեն փոխադրումներից: Մենք բյուջետային հիմնարկ չենք եւ ֆինանսավորման այլ աղբյուր չունենք»:

Նշենք, որ պարոն Ռեբեցի պարզաբանումներից անմիջապես հետո երկաթուղայինները շտապեցին մեզ ցուցադրել իրենց աշխատավարձի թերթիկը, որտեղ հստակ ֆիքսված էր, թե փետրվար ու մարտ ամիսներին ինչքան աշխատավարձ են ստացել (տե՛ս լուսանկարում): Փետրվարին մեքենավարներից մեկը ստացել էր 121 հազար դրամ, իսկ մարտ ամսին` 161 հազար դրամ: «Հո ասելով չէ՞, դուք փաստաթղթերը տեսեք, Ռեբեցի ստերին մի լսեք»,- ասացին աշխատակիցները:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mamikon says:

    Փաստորեն պարտադիր կուտակայինը այդպես էլ պարտադրաբար է գանձվում, դա բոլոր հիմնարկներում էլ այդպես է, ասում են մի բան, անում մեկ այլ: Վստահ եմ, որ այս մարդուց էլ են ստիպողաբար գանձել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930