Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստական լինելու հանգամանքը երկրորդ անգամ ապացուցման կարիք չունի

Ապրիլ 30,2014 15:10

Հայաստանի վարչական դատարանում հրապարակվել է
փախստական Շուշանիկ Կարակոզյանի հայցով դատական վճիռը

Վերջերս «Առավոտն» անդրադարձել էր Շուշանիկ Կարակոզյանի հայցով դատական նիստերի լուսաբանմանը եւ նշել, որ անձնագրի բացակայության հետեւանքով աշխատանքից հեռացվելու կարգավիճակում էր գտնվում եւ չէր կարողանում աշխատավարձ ստանալ փոխանցման միջոցով: Այդ հարցն այլեւս շտկվել է, քանի որ վարչական դատարանի որոշմամբ Շ.Կարակոզյանին ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության կողմից կտրամադրվի տեղեկանք, նրա՝ փախստական լինելու վերաբերյալ, որն էլ կհանձնվի ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար:
Հայցի հիմքում փախստական հանդիսանալու փաստը հաստատող տեղեկանք տրամադրել պարտավորեցնելու պահանջն էր:

Դատական քննություններն անցկացվեցին դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ:

Դատավորը բավարարել է հայցվորի պահանջը, քանի որ գտել է՝ Շուշանիկ Կարակոզյանի փախստական լինելու հանգամանքը երկրորդ անգամ ապացուցման կարիք չունի:
Այդ մասին է վկայում հայցվորի եւս մեկ հայցով դատական վճիռը, որը նա ներկայացրել էր Հայաստանի վարչական դատարան 2010 թվականին՝ վիճարկելով իր փախստական լինելու փաստը: Այդ ժամանակ դատարանը հաստատված է համարել հայցվորի փախստական լինելու հանգամանքը, սակայն չի պարտավորեցրել Միգրացիոն ծառայությանը, որ նրան տրամադրեն փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք:

Դա եղել է հանգամանք, որ ծառայությունը մերժի Շուշանիկին՝ տեղեկանք տրամադրելու հարցում:

ՄՊԾ-ն մեկնաբանել է, որ դատարանը չի պարտավորեցրել տրամադրել տեղեկանք: Այդ փաստն էլ իր հերթին հայցվորը վիճարկել է դատարանում, որը դատարանը բավարարել է՝ պարտավորեցնելով ծառայությանը տրամադրել տեղեկանք:

Հիշեցնենք, որ Շուշանիկի փախստականի կարգավիճակը դադարեցվել էր Միգրացիոն ծառայության կողմից, մեկնաբանությամբ՝ Շուշանիկ Կարակոզյանը ծնվել է Հայաստանում: Ընդ որում, Միգրացիոն ծառայությունը Շուշանիկին ճանաչել էր Հայաստանի քաղաքացի, որի մասին անդրադարձել է նրա՝ փախստականի կարգավիճակը դադարեցնող որոշման մեջ: Տեղեկացնենք նաեւ, որ քաղաքացիության շնորհման կամ ճանաչման լիազորություն Միգրացիոն ծառայությունը չունի:

Այդ կապակցությամբ հարցում կատարվեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, որտեղից պատասխան եկավ, որ Շ.Կարակոզյանը չի համարվում ՀՀ քաղաքացի, քանի որ նրա՝ քաղաքացիության մասին տեղեկություն ավտոմատացված համալիրի պահոցում չկա: Այդ փաստը վիճարկվել է նաեւ դատարանում, որտեղ Շուշանիկին հաստատված են համարել ճանաչել որպես փախստական: Այդ մասով՝ դատավոր Արթուր Թովմասյանը նաեւ քաղվածք է արել թիվ ՎԴ/3763/05/09 վարչական գործից, որտեղ մասնավորապես նշվում է. «Թիվ ՎԴ/3763/05/09 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 01. 07. 2010 թվականին կայացված եւ օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով, ՀՀ վարչական դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ Շուշանիկ Կարակոզյանը օրենքի ուժով հանդիսանում է փախստական, քանի որ 1988 թվականին բռնագաղթվել է Հայաստանի Հանրապետություն եւ 1988 թվականից որպես փախստական գտնվել է հաշվառման մեջ ու ստացել է փախստականի կարգավիճակ»:

Այդպիսով, դատարանը հանգել է նրան, որ հայցվորի փախստական լինելու հանգամանքը եւս մեկ անգամ ապացուցման կարիք չունի, որի հետ կապված՝ դատարանը միայն կպարտավորեցնի Միգրացիոն ծառայությանը, որ հայցվորին տրամադրեն տեղեկանք, նրա՝ փախստական լինելու վերաբերյալ: Նշենք նաեւ, որ նմանատիպ մեկ այլ գործով, բոլորովին վերջերս, «Առավոտն» անդրադարձել էր Շուշանիկի եղբոր՝ Գեւորգի դատական նիստի լուսաբանմանը եւ նշել՝ նրա հայցը նույնպես բավարարվել է:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930