Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այսօր դավաճանեց, առեւանգեց, սնանկացրեց իր ընկերոջը, մի՞թե նա ԱԺ պատգամավոր դառնալուց հետո չի թալանի մեր հայրենիքը

Ապրիլ 30,2014 15:00

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Սարգսյան, որպես ՀՀ նախագահ, խնդրում եմ Ձեր միջնորդությունը եւ հայցում Ձեր օգնությունն այս անօրինականությանը վերջ դնելու համար:
Դիմումներիս եւ հարցումներիս կարուսելային պատասխաններն այլեւս հիասթափեցրել են, առիթ հանդիսացել կառավարման մարմինների նկատմամբ անվստահության խորացմանը։
Հարգարժան պարոն նախագահ, դժվար է ականատեսը լինել ապօրինի գործողությունների այս շղթային ու չժայթքել: Մի՞թե կարելի է այսքան սադիստ լինել: Այս պատմությունը թույլ է տալիս մտածել, կարծիք ձեւավորել առ այն, որ զբաղեցնելով բարձր պաշտոն՝ մեր երկրում հնարավոր է շրջանցել բոլոր օրենքները, ավելին՝ դառնալ Ազգային ժողովի պատգամավոր: Անպատժելիության ամբարտավան հոգեբանությամբ ներծծված այդ գործելաոճին վերջ տալու նպատակով` արդարադատության պատրանքի ներքո օբյեկտիվ իրականությունը նենգափոխելու դավադիր մտադրությամբ շարունակվում է տուժողին մեղավոր դարձնելու դավադիր փորձը: Մարդկանց մեջ սասանված հավատի պայմանում նույնիսկ անմեղ ամուսնուս արդարացնելն արդեն մեծ խնդիր է:

Պարոն նախագահ, ինչու է մեր երկրում Վահրամ Մկրտչյանի, Արման Սարգսյանի, Գուրգեն Սարգսյանի, Մաթեւոս Մելիքսեթյանի կողմից թույլ տրվում ոտնահարել ընտանիքիս եւ ամուսնուս իրավունքները:

Հարգարժան պարոն նախագահ, թիվ 13200812 քրգործում առկա են բազմաթիվ փաստեր, վկաների ցուցմունքներ, որոնք վկայում են ամուսնուս նկատմամբ առեւանգման, ծեծի, թալանի, ապօրինի գործողությունների մասին, սակայն մեր կողմից ներկայացված փաստերը ՀՔԾ-ի քննիչ Է.Հակոբյանը հաշվի չի առնում: Քրեական գործի բոլոր դրվագներն ակնհայտորեն ՀՔԾ-ի կողմից կառուցված են մեղադրանքը «անցկացնելու» միտումով:
Շուրջ 2 տարի ես եւ ընտանիքս ապրել ենք վախի ու կրիմինալի մթնոլորտում:

Ամուսնուս՝ ԵՊՏՀ դասախոս Արտակ Ղուկասյանի առեւանգումը կազմակերպել եւ իրականացրել են «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը, նրա սանիկ՝ Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ բաժնի պետ Արման Սարգսյանը, նրա բաժնի աշխատակիցները, Արման Սարգսյանի եղբայրը՝ Գուրգեն Սարգսյանը:
Տարիներ շարունակ գործին ներգրավված բոլոր անձինք, այդ թվում՝ Վահրամ Մկրտչյանը, ամուսնուցս ստացել են տոկոսներ, իսկ այսօր նենգափոխում են ողջ իրականությունը: Եթե Վահրամ Մկրտչյանն այսօր դավաճանեց, առեւանգեց, թալանեց, սնանկացրեց իր ընկերոջը՝ Արտակ Ղուկասյանին, մի՞թե նա կարող է ունենալ պետական մտածողություն եւ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո չթալանել մեր հայրենիքը: Եթե Վահրամ Մկրտչյանը Հուդայի նման ուրացավ տարիներ շարունակ իրեն տոկոս տվող ընկերոջը, նրա հետ կիսած աղն ու հացը, մի՞թե նա կարող է ունենալ ազգային եւ պետական մտածողություն եւ պաշտպանել հայ մարդու շահերը:

Այս գործով առեւանգման մասնակիցը, ով պետք է լիներ ամբաստանյալի աթոռին, այսօր դառնում է Ազգային ժողովի պատգամավոր: ՀՔԾ-ում տիրող արդարադատության լիակատար դեֆիցիտի պայմաններում՝ բացահայտորեն ծաղկում է անօրինականությունը: Օբյեկտիվ իրականությունը նենգափոխելով եւ առեւանգման փաստերն անտեսելով՝ ՀՔԾ-ի քննչական խումբը ակտիվորեն զբաղվում է գործը կոծկելով: Այսօր ՀՔԾ-ի քննիչ Հակոբյանն արդարացնում է բոլոր վաշխառուներին՝ բացահայտ անտեսելով մի շարք ապացույցներ:
Վահրամ Մկրտչյանին ես ճանաչում եմ վաղուց, երբ նա աշխատում էր սեփականաշնորհման նախարարությունում՝ որպես բաժնի պետ: Աշխատելով Վահրամ Մկրտչյանի ենթակայությամբ՝ շատ լավ ճանաչում եմ նրան: ՀՔԾ-ի քննչական խումբը բարի լիներ ուսումնասիրեր Վահրամ Մկրտչյանի եւ մի շարք վաշխառուների ունեցվածքը մինչ ամուսնուցս՝ Արտակ Ղուկասյանից տոկոսով գումար ստանալը եւ դրանից առաջ:
Զավակներս Հայաստանի Հանրապետության վաղվա տերն ու քաղաքացիներն են, եւ ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք մեծանան անառողջ: Արման եւ Գուրգեն Սարգսյանները, Վահրամ Մկրտչյանը, Մաթեւոս Մելիքսեթյանն արդեն խաթարել են երեխաներիս մանկությունը, զրկել տնից եւ ողջ ունեցվածքից, ուրախ մանկությունից: Այսքանն արդեն բավական է անչափահաս զավակներիս համար: Հիմա էլ ուզում են զրկել հայրական գուրգուրանքից ու սիրուց: Ես դա թույլ տալ չեմ կարող:

Պարոն նախագահ, կարծում եմ, որ մենք կկարողանանք կառուցել այն երկիրը, որը բոլորս ցանկանում ենք ունենալ, եթե կարողանանք «Հավատալ եւ փոխել» այն, երբ կկարողանանք պատժել կեղծիքի դիմած եւ օրենքի պահանջը չկատարած անձանց, այդ թվում՝ նաեւ «մեծապատիվ որոշ պաշտոնյաների»:

ՀՀ Սահմանադրությունում ամրագրված է՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք» (18-րդ հոդված): Գիտակցել, որ հարազատ երկրում իրավունքներդ ոտնահարող, անձդ վիրավորող ու վարկաբեկող անօրենների նկատմամբ համարժեք վերաբերմունք չդրսեւորել, թողնել անպատիժ եւ ապրել լռելյայն` չի կարելի, անթույլատրելի է:

Մեր երկրից մարդը գնում է ոչ թե տնտեսական, նյութական պայմաններից դրդված, այլ՝ նրա համար, որ պաշտպանված չէ, ապահով չէ, սպանում են՝ սպանողին չեն դատում, թալանում եւ առեւանգում են՝ տուժողին են պատժում: «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանին, նրա սանիկ՝ Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ բաժնի պետ Արման Սարգսյանին, նրա բաժնի աշխատակիցներին, Արման Սարգսյանի եղբորը՝ Գուրգեն Սարգսյանին անպատիժ թողնելը նշանակում է խորտակել այս պատմության ականատեսների եւ ընտանիքիս հավատը: Նույն հաջողությամբ այդ ամենի զոհ կարող է դառնալ նրանց կողմից ցանկացած անձ:

Հարգարժան պարոն նախագահ, մի՞թե հասարակ քաղաքացին Հայաստանի դատական համակարգում արդարության հասնելու համար ստիպված պետք է դիմի միջազգային ատյանների եւ լրատվամիջոցների:

Խնդրում եմ Ձեր լիազորությունների ուժով հանձնարարել դադարեցնել ամուսնուս՝ Արտակ Ղուկասյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել, վերականգնել ամուսնուս եւ ընտանիքիս խաթարված իրավունքները, պատժել իրական մեղավորներին:

Հայցում եմ Ձեր օգնությունը:

Գ. Ֆ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930