Երեկ այն օրերից մեկն էր, որ ԱԺ ոչ իշխանական քառյակի՝ մեկ ամիս առաջ արած հայտարարությունների համաձայն, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ պետք է տեղի ունենային՝ կառավարության հրաժարականի պահանջով։
Հանրահավաքը պետք է հրավիրեին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», որոնք միասնաբար պահանջում էին Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը։
Այս գաղափարի նկատմամբ հոռետեսական տրամադրվածներին ՀԱԿ-ի կարկառուն դեմքերը հակադարձում էին, թե կառավարության հրաժարականը ընդամենը միջանկյալ քայլ է Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու ճանապարհին, որ ռեժիմը փլուզվում է, իսկ վարչախումբը խուճապի մեջ է։ Հետո կառավարության հրաժարականը տեղի ունեցավ, բայց՝ վաղաժամ։ Ապրիլի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց։ Քառյակի ներկայացուցիչները հայտարարում էին, որ դա իրենց հաղթանակն է։ Այս հայտարարությունից բխում էր, ուրեմն, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու ճանապարհին անհրաժեշտ միջանկյալ խնդիրը լուծված է, կառավարությունը հրաժարական է տվել, եւ ուրեմն՝ եկել է Սերժ Սարգսյանով զբաղվելու ժամանակը։
Երեկ, սակայն, Ազատության հրապարակի շուրջօրյա հանրահավաքի համար նախատեսված երկրորդ օրը, զարմանալի տեսարան էր Ազգային ժողովում։ Տեղի էր ունենում ԱԺ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը։ Թեկնածուները երկուսն էին. ընդդիմադիր Հրանտ Բագրատյան եւ իշխանական Գալուստ Սահակյան։ Քառյակի դոմինանտ ուժի՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչները հերթ էին կանգնել իշխանության ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի օգտին քվեարկելու համար։
Քվեարկության արդյունքների մակերեսային ուսումնասիրությունն ակնհայտ է դարձնում, որ «Բարգավաճ Հայաստանը» գրեթե ողջ կազմով քվեարկել է Գալուստ Սահակյանի օգտին։ Ինչո՞ւ, որն է նման պահվածքի պատճառը, երեկ այդպես էլ ԲՀԿ ներկայացուցիչների կողմից որեւէ հոդաբաշխ պատասխան չհնչեց։ Քառյակում ԲՀԿ-ի դաշնակիցների ներկայացուցիչները նույնպես որեւէ հոդաբաշխ բացատրություն չէին տալիս թե՛ իրենց դաշնակցի, թե՛ հենց իրենց վերջին օրերի պահվածքի մասին։ Մեծ հաշվով, չնայած, որեւէ բացատրության անհրաժեշտություն չկա։
Պարզապես իրականանում են բոլոր այն կասկածներն ու մտավախությունները, որ գոյություն ունեին ԲՀԿ-ի գործունեության եւ ընդդիմադիրացման կապակցությամբ։ Բայց բացատրության կարիք չունեն նրանք, ովքեր այս եւ այսօրինակ զարգացումների մասին ահազանգում էին, զգուշացնում, բացատրում։ Մյուս կողմից, սակայն, ԲՀԿ-ին ընդդիմություն հռչակածները, ԲՀԿ առաջնորդի հետ լուսանկարվողներն ու նկարահանվողները պետք է բացատրություն տան, թե ինչ է կատարվում եւ ինչու։ Գուցե սա հերթական գիգանտ քաղաքագիտական սցենա՞րն է՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության, գուցե հիմա էլ Գալուստ Սահակյանի՞ն են պոկում իշխանական բուրգից, բայց հասարակ մահկանացուները սրանից ոչինչ չեն հասկանում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում