Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Չարխչյանի սեւակյան «գրասերիալը» շարունակվում է

Ապրիլ 30,2014 14:55

«Սուլամիթա. Սեւակի մեծ սերը» կվերահրատարակվի երկհատորյակով
Արեւմտյան իրականության մեջ վաղուց «թույլատրելի» է եւ ընդունված անդրադառնալ արվեստի ու գրականության մեծերի անձնական կյանքին, նրանց ինտիմ հարաբերություններին: Դա մեզանում իրենց «թույլ են տվել» գրականագետներ Դավիթ Գասպարյանը՝ Չարենցի առնչությամբ, եւ Հովիկ Չարխչյանը՝ Պարույր Սեւակի: Ընդ որում, Չարխչյանը «չի հանգստացել» իր՝ Սեւակի անձնական կյանքին վերաբերող առաջին գրքի «պարունակությունից», եւ մոտ ժամանակներս ընթերցողը կծանոթանա նրա «Սուլամիթա. Սեւակի մեծ սերը» վերահրատարակված գրքին՝ երկհատորյակին, որտեղ կան նոր փաստեր, նամակներ, լրացումներ՝ Սեւակի եւ ազգությամբ հրեա Սուլամիթայի մեծ սիրո անտիպ էջերի մասին:

«Առավոտը» հանդիպեց հեղինակին՝ Հովիկ Չարխչյանին, գրքի հրատարակիչներին՝ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանին եւ դիզայներ Սոֆի Հարությունյանին:

Հետաքրքրությանը, թե ինչը ոգեւորեց, որպեսզի «գրասերիալ» դարձնի Սեւակի եւ Սուլամիթայի կապը, Հովիկ Չարխչյանը հայտնեց, որ մեծ պոետի մեծ սիրո մասին գիրքը տպագրվել է դեռեւս 10 տարի առաջ, հետագայում ունեցել նաեւ վերահրատարակումներ: Ինչ վերաբերում է նոր հրատարակվող գրքին, հեղինակի խոսքերով՝ ինքը ոչինչ չի հորինել, նյութերի հիմնական մասը պահվում են Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, Սուլամիթայի անձնական արխիվում: Ասաց նաեւ, որ տիկինը, ով Սեւակի հետ սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում եւ հենց այդտեղ է հիմք դրվել նրանց հարաբերություններին, այժմ բնակվում է Թել-Ավիվում: Պարոն Չարխչյանը հավելեց նաեւ, որ այս գրքում տեղ են գտել իրական պատմություններ Սեւակի մյուս սերերի մասին, մինչ վրացուհի տիկին Նելլի Մենաղարաշվիլիի հետ ամուսնանալը:
Իսկ թե ի՞նչը դրդեց «Անտարեսին»՝ կրկին անդրադառնալ Չարխչյանի սեւակյան անձնական կյանքին, գուցե ժամանակին հրատարակված այս գրքի սպառո՞ւմը… Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ըստ էության մեր առաքելությունն այս գրքի դեպքում կարելի է ասել՝ խնդրի ճիշտ մատուցելն է: Իսկ դա նշանակում է՝ ճիշտ գովազդային ուղերձ, ճիշտ մարքետինգային լուծումներ, ճիշտ շապիկ եւ այլն: Իմ համոզմամբ՝ ստեղծագործողների հակասություններն են իրենց հարստությունները կամ ստեղծագործության մեջ հարմոնիկ հակասությունն է հարստություն: Ի վերջո, յուրաքանչյուր մահկանացուի համար ապրած կյանքի ամեն ակնթարթ՝ ճիշտ թե սխալ, յուրատեսակ ձեռքբերում է, ինչն էլ հանդիսանում է տվյալ անձի կյանքի հարստությունը: Ինձ հետաքրքրում է ընթերցողը, եւ ես պարտավոր եմ ընթերցողիս տալ ամբողջական նյութ՝ հնարավոր բոլոր մանրամասներով: Ասեմ նաեւ, որ մենք հնարավորինս պահպանում ենք նորմերը եւ եթե դրանք խախտում ենք, ապա գիտակցելով՝ հանճարն ենք առաջ բերում: Օրինակ՝ Սեւակի ընթերցողը վաղը քվանտային ֆիզիկա կընթերցի, Սեւակը կամուրջ է բազմաճյուղ ու բազմապիսի հետաքրքրություններից դեպի գլոբալ ճանաչողություն»:

Իսկ հանդուգն որոշում չէ՞ գրքի շապիկին Սեւակի եւ Սուլամիթայի կիսադեմերը միացնելը, դիզայներ Սոֆի Հարությունյանը պատասխանեց. «Մեծանուն պոետի եւ տիկին Սուլամիթայի ավելի քան 70 լուսանկար ենք մանրազնին ուսումնասիրել եւ եկել այն համոզման, որ հրեա տիկինը կանացի այլ գրավչություններից բացի, արտաքնապես էլ է նման եղել Սեւակին, ինչը եւ գրավել է պոետին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930