Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ոչ իշխանական» իշխանություն

Ապրիլ 30,2014 14:45

Ինչպես դիրքերն ամուր պահել «ոչ իշխանական» դաշտում

Երեկ Ազգային ժողովում ձայների 101 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանի նախագահ ընտրվեց իշխող Հանրապետականի թեկնածու Գալուստ Սահակյանը: Իշխանական թեկնածուի օգտին քվեարկեցին նաեւ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի պատգամավորները, ովքեր, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների` դեռ մինչեւ քվեարկության արդյունքների հրապարակելը մոտեցել, շնորհավորել են Գալուստ Սահակյանին: Քվեարկությանը չմասնակցեցին Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության եւ «Ժառանգության» ներկայացուցիչները:

Այսինքն՝ «ոչ իշխանական» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, որոնք, ինչպես հայտնի է, ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս որպես «այլընտրանք» իշխանությանը, նաեւ՝ «հրաշալի քառյակի» գլխավոր դերակատարներից են, ոչ միայն մասնակցել են քվեարկությանը, այլեւ կողմ են քվեարկել իշխանության թեկնածուին: ԲՀԿ-ից ի սկզբանե հայտարարեցին, թե խմբակցության անդամները ազատ են թողնվել, եւ յուրաքանչյուրը քվեարկել է իր խղճի մտոք:

Փաստորեն, ԲՀԿ-ն նույնիսկ այսպիսի «ազատության» պայմաններում ոչ թե «հրաշալի քառյակի» գործընկեր կառույցի ներկայացուցչի` Հրանտ Բագրատյանի օգտին է քվեարկում, այլ այն իշխանության թեկնածուի, որի դեմ պարբերաբար հանդես էր գալիս քննադատությամբ: Հրանտ Բագրատյանի դեպքում, իհարկե, կարող են հակադարձումներ լինել, թե ԲՀԿ-ն ինչո՞ւ պետք է քվեարկեր նրա օգտին, երբ նույնիսկ սեփական խմբակցությունը չի պաշտպանել նրա թեկնածությունը, ինչի արդյունքում էլ Հրանտ Բագրատյանը երեկ ստացավ ընդամենը 3 ձայն:

Հայաստանի խորհրդարանում «ոչ իշխանականների» գործունեության առումով Հրանտ Բագրատյանի առաջադրումը, անկախ նրա ստացած ձայներից, պետք է դրական փաստ համարել, որովհետեւ երեկ հենց նրա առաջադրմամբ ի հայտ է եկել խորհրդարանական «ընդդիմադիրների» կեցվածքը. մի «ընդդիմադիր» խմբակցություն իր խմբակցության անդամի օգտին չի քվեարկում, մյուս «ոչ իշխանական» խմբակցությունն էլ իշխող մեծամասնության հետ կողմ է քվեարկում ՀՀԿ թեկնածուին: ՀՀԿ-ն, որը խորհրդարանում ունի 70 պատգամավոր, իր թեկնածուի ընտրությանը ստացել է գումարած 31 «ոչ իշխանականների» աջակցություն (այս թվից կարելի է հանել ՕԵԿ-ականների ձայները, բայց դա էլ չի փրկում իրավիճակը), իսկ Հրանտ Բագրատյանը ստանում է երեք ձայն:
ՀՀԿ-ի թեկնածուն` Գալուստ Սահակյանը, խորհրդարանում «ոչ իշխանական» ուժերի առկայության պայմաններում ջախջախիչ մեծամասնությամբ ԱԺ խոսնակ է ընտրվել: Նրան, իհարկե, այսպիսի ընտրության համար միայն շնորհավորել է մնում, քանի որ նա ընտրվել է ԱԺ նախագահ` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ միահամուռ ուժերով: Սակայն մեր հասարակությանը պետք է ցավակցել, որովհետեւ իրականում խորհրդարանական «ընդդիմություն» կամ խորհրդարանի «ոչ իշխանական ուժեր» ասվածը ընդամենը բառեր են, որոնցից խորհրդարանական «ոչ իշխանական ուժերը» հարկ եղած ժամանակ պարզապես օգտվում են` հասարակության առջեւ հանդես գալով «կործանվող» երկիրը փրկելու մասին սրտաճմլիկ ճառերով:

Գործնականում «ոչ իշխանական» ուժերը ամրապնդում են «հանցավոր ռեժիմի» գոյությունը, ավելին` նրանք հենց այսպիսի գործունեությամբ միայն կարող են իրենց դիրքերն ամուր պահել «ոչ իշխանական» դաշտում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Ուշեղ ընդդիմություն է ԲՀԿ-ն ու նրա ղեկավարը,ուժեղին էլ տեղ չկա,,,

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930