Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարգինալ» լինելը երբեմն վատ չէ

Ապրիլ 30,2014 13:45

Վերջերս «Ռեգնումում» կարդացի լրատվություն այն մասին, որ ապրիլի 28-ին մոտ մի տասնյակ «մարգինալներ հակառուսաստանյան ակցիա էին անցկացրել» Ազատության հրապարակում: «Հակառուսաստանյան» է համարվում ցույցը, որի մասնակիցները դեմ են արտահայտվել Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելուն: Որքան գիտեմ, Մաքսային միությունն ու Ռուսաստանը նույն բանը չեն: Ինձ, օրինակ, թվում է, որ այդ ՄՄ-ն հակասում է Ռուսաստանի, ինչպես նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի շահերին, այդ երկրները տնտեսապես ոչ մի բան էլ չեն շահում այդ միությունից, որը իզուր տեղը պետությունների միջեւ ավելորդ լարվածություն է ստեղծում: Բայց դա իրենց ժողովուրդների գործն է` նրանք կամ գտնում են, որ ղեկավարները միշտ ճիշտ են, կամ էլ համաձայն չեն այդ ղեկավարների հետ, բայց ձայն չեն հանում:

Եթե մարդիկ ցույց են անում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության դեմ, ապա դա նույնպես չի նշանակում, որ նրանք «հակառուսաստանյան» կամ, առավել եւս` «հակառուսական» դիրքորոշում ունեն: Այդպիսի նույնականացում կարող է տեղի ունենալ միայն տոտալիտար հասարակարգերում: Մեր երկրում ոչ ոք չի կարծում, չէ՞, որ Սերժ Սարգսյանի ընդդիմախոսները պայքարում են Հայաստանի կամ հայության դեմ: Պուտինը Ռուսաստանի մարմնավորումը չէ. ճիշտ նույն ձեւով շատ մարդկանց աշխարհում կարող են դուր չգալ, ասենք, Դեւիդ Քեմերոնի քայլերը, բայց այդ մարդիկ կարող են միաժամանակ ջերմ բրիտանասերներ լինել:

Բայց ամենահետաքրքիրն այստեղ, իհարկե, «մարգինալներ» բառն է: Կա, այսինքն, «մեյնսթրիմ», եւ կան նրանք, ովքեր գտնվում են լուսանցքից դուրս: Այդ կարգավիճակում լինելը լա՞վ է, թե՞ վատ: Նայած, թե որն է «լուսանցքից ներս» գտնվող հոսանքը: Եթե այդ հոսանքի ներկայացուցիչները որոշել են փողոցում շորերով քայլել, իսկ նրանց հակադրվողները` փետուրներով, ապա այս հարցում մարգինալ լինելը թերեւս այնքան էլ դրվատելի երեւույթ չէ: Բայց եթե «մեյնսթրիմը» պնդում է, որ երկրագունդը տափակ է, իսկ մի քանի «մարգինալ» եկել է այն եզրակացության, որ մեր մոլորակը կլոր է, ապա գուցե գերադասելի է հայտնվել լուսանցքից դուրս:

Ոչ մի գիտություն, ոչ մի արվեստ չի կարող զարգանալ առանց այդ «մարգինալ» շերտի, որովհետեւ մեծամասնության հայացքները բոլոր ժամանակներում եւ բոլոր հասարակարգերում պահպանողական են, կաշկանդված, կաղապարված, եւ եթե չլինեն նոր ճանապարհներ ցույց տվողներ, տվյալ ոլորտներում բացարձակ լճացում է տիրելու:
Հիմա ո՞վ է այս՝ «մաքսային» հարցում «մարգինալ». մեծամասնությո՞ւնը, որն ասում է` «այ ախպեր, սաղ կյանք ռսի շվաքի տակ ապրել ենք, բա մեզ թուրքից ո՞վ ա պաշտպանելու», թե՞ նրանք, ովքեր կարծում են, որ ինքնիշխանությունը կորցնելու դեպքում Հայաստանն ավելի անպաշտպան է լինելու: Ժամանակը ցույց կտա, թե ով է ավելի մարգինալ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. ՄԱՐԴ says:

    Հիշենք ինչու չէ ՛Հիպպիների՛ մարշարժումը 60 ական թվականների.Շատ ոչ պահպանողական եվ լավ շարժում էր, ««::

  2. Hakob says:

    ձեր սորոսակեր պրոպագանդան արդեն լրիվ չաթն անցել ա:
    կատարյալ դեգրադացիա: մնաց, մենակ գեյերին էլ հայտարարեք մարդկության առաջամարտիկներ ու հարցերը կփակեք: ինչի՞ չեք անում:
    վախենում եք չէ՞՞՞

  3. Hayk says:

    Ահա, այսինքն Դուք համաձայն եք, որ այդ տաս հոգին մարգինալ են, բայց գտնում եք, որ մարգինալն էլ գոյություն ունենալու իրավունք ունի: Դա Ձեր կածիքն է ու Ձեր իրավունքը:………. Իսկ, այ, ՄՄ-ի մասին(3 երկրների ունեցած տնտեսական օգուտների) Ձեր ունեցած տեղեկությունները ճիշտ չեն, միգուցե ճշտեիք, հետո նոր գրեիք, պ: Աբրահամյան? Մանավանդ, որ արդեն երկրորդ անգամ սխալ ինֆորմացիա եք մատուցում ընթերցողին(առաջինը ՌԴ քաղաքացիության մասին էր):

  4. Զավեն says:

    Ես ԵՄ ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելուն դեմ չեմ եթե նրանք դա իրականացնեն շատ արագ,այլ ոչ թե 4 տարի բարեխոխում կատարեն Հայաստանում,հետո նախասորագրեն ու հետո ելի մի 4 տարի սպասեն: Այդ ընթացքում մենք բա ինչ պիտի անենք? Ռուսը մեր պանդուխտներին կքշի,գազը կթանկացնի,Ադրբեջանին զենք կվաճառի,կամ կնվիրի:Ես չեմ ասում եկեք վախենանք այս ամենից և մտնենք ռուսի ձեռքի տակ,բայց կոնկրետ առաջարկներ եմ ուզում լսել և քննարկել թե ինչ մենք պետք է անենք եթե Ռուսաստանը նման կերպ սկսի վարվել,իսկ Եվրոպան տարիներով ձգի ասոցացման պայմանագրի ստորագրումը:

  5. Hayk says:

    Պ Աբրահամյան: Ինչքան պետք է Ձեր անձնական ատելությունը Պուտինի նկատմամբ փաթաթեք ընթերցողի վզին ? Ինչ հաճախականությամբ? Ամոթ է: Չափի զգացողությունը կորցրել եք: «Առավոտ»-ը դարձրել եք հատուկ հակապուտինյան խոսափող: Ես շատ հիասթափված եմ:

    • Գալուստ Ենոքյան says:

      Պարոն Հայկ, ուրեմն Ձեր ազգանունը Կուրղինյան է…այդպես էլ գիտեի, Շուշանիկի թոռնիկն եք, ոնց չէ…Այդ մենք ենք գալիս ճղված բաճկոններ…

  6. Ruben says:

    Երբ մարդ արաըածը կորցնում է ինքնիշխանությունը, ստանն էլ է դառնում անպաշտպան:
    Եւ գիտությունն ու արվեստն էլ է անցնում «մարգինալների» (դիտող՝քյոխվաների) շվաքի տակ:
    Իհարկե, եթե չլինեն նոր ճանապարհներ ցույց տվող «գորշ կարդինալները», ոչ «մարգինալները» գործ կսարքեն ու կտան, ոչ գիտություն, ոչ էլ արվեստ կզարգանա: Պահպանողական հասարակարգը կկաշկանդվի, կկաղապարվի ու կսկի՝ կլճանա:

  7. Narek says:

    Մեկնաբանությունները միայն պնդում են հոդվածի միտքը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930