Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ավելի դինամիկ կզբաղվի Հայաստանի Մաքսային միության անդամակցությամբ. «Առաջին լրատվական»

Ապրիլ 30,2014 10:21

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:

– Արևմուտքը պատժամիջոցների հերթական ալիքը գործի դրեց՝ հաշիվների սառեցում, վիզային սահմանափակումներ և Արևմուտքում ռուսական ընկերությունների աշխատանքի որոշակի սահմանափակումներ: Չի բացառվում, որ Արևմուտքը ստիպված ուժի մեջ մտցնի տնտեսական պատժամիջոցները, որոնց մասին արդեն մի քանի ամիս է, ինչ խոսվում է: Ըստ Ձեզ՝ տնտեսական պատժամիջոցներն ինչպե՞ս կանդրադառնան ռուսական տնտեսության վրա և հատկապես ինտեգրացիոն նախագծերի վրա, որոնք Ռուսաստանի համար բավականին ծախսատար են, քանի որ Ռուսաստանն է վճարողի դերում:

– Մի կողմից` իրականում պատժամիջոցները կսահմանափակեն ռուսական տնտեսության եկամուտները՝ փոքր տարածություն թողնելով մեծ ծախսերի համար,առավել ևս, երբ գումարներ պետք է սկսենք հատկացնել նաև նոր տարածքներին, ինչպիսին Ղրիմն է: Բայց, մյուս կողմից, որքան կտրուկ և դաժան են պատժամիջոցներ, այնքան ավելի մեծ է հետաքրքրությունը դրանք հաղթահարելու և հետսովետական տարածքում մեր բարեկամական երկրների նկատմամբ ռուսական ծրագրերը հաջողելու համար: Ուստի ես կարծում եմ, որ որքան կտրուկ լինեն պատժամիջոցները, այնքան արագ կզարգանան հետսովետական տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտները, քանի որ քաղաքական զարգացումները տարածաշրջանում ստիպելու են քննարկել միասնական արժույթի հարցը, և միությունը վերածվելու է տնտեսական միության:
Այսինքն՝ Ռուսաստանն ավելի հետաքրքրված է լինելու տնտեսական հարաբերությունների զարգացման խորացմամբ և ուզած թե չուզած` ստիպված կլինի վճարել, չնայած նրան, որ կա պարզ տրամաբանություն, թե պատժամիջոցների դեպքում Ռուսաստանը քիչ գումար կունենա և ինտեգրացիոն նախագծերի զարգացումը կկանգնի: Ես մտածում եմ, որ այս տրամաբանության հակառակ զարգացմանն ենք ականատես դառնալու: Հետսովետական տարածքում մեծ թափով առաջ են գնալու ինտեգրացիոն նախագծերը:

– Եթե նույնիսկ հարցը հասնի նավթի գների՞ն: Չէ՞ որ Արևմուտքը գիտի` ինչպես կարճ ժամանակահատվածում Ռուսաստանի տնտեսությանը կործանարար վնաս հասցնել նավթի գնանկմամբ:

– Համաշխարհային շուկայում նավթի գնանկման հավանականությունը ծայրահեղ փոքր է: Այս մասին խոսակցությունները և Ռուսաստանին սնանկության հասցնելու մասին խոսակցությունները PR հիստերիայի ժանրից են: Ես հիշում եմ այս մասին Օբամայի հայտարարությունները և այլն: Իրականում մարդիկ չեն հասկանում մեկ պարզ բան, որ այսօր ԱՄՆ-ն հետաքրքրված է թանկ նավթով, ուստի եթե հարց են տալիս` Արևմուտքը կարո՞ղ է նավթի գին գցել, ես ասում եմ` իհարկե, կարող է, դրա համար ընդամենը մեկ պայմանավորվածություն է անհրաժեշտ, բայց ԱՄՆ-ին սա պետք չէ, քանի որ այսօր ԱՄՆ-ն ակտիվ զարգացնում է սեփական թերթաքարային յուղի արտադրությունը, և դրանք բավականին թանկարժեք նախագծեր են, ուստի նավթի գին գցել նշանակում է, հարվածի տակ դնել սեփական նավթարտադրությունը: ԱՄՆ-ն դրան չի գնա: ԱՄՆ համար այս ոլորտը նոր տնտեսական առավելություն է, որը մտադիր է զարգացնել, ուստի պետք չէ մտածել, թե ԱՄՆ-ն ողջ օրը մտածում է Ռուսաստանին կործանելու և դավադրություններ մշակելու մասին, կան շատ ավելի կարևոր և շահավետ նախագծեր: Եթե կշեռքի մեկ նժարին դրվի ռուսական տնտեսությունն ու մյուս նժարին ամերիկյան նավթային արտադրությունը, ապա սա ավելի ծանրակշիռ է, ուստի նավթի գինը կպահպանվի բավականին բարձր: Այս իմաստով գիտակցաբար այս ռիսկերը մեծացվում են: Նավթի գինը բարձր կլինի ոչ այն պատճառով, որ Ռուսաստանին բոլորը սիրում են, այլ` որ դա առաջին հերթին պետք է հենց ԱՄՆ-ին:

 ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930