Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճընցիները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլ 29,2014 22:42

Այսօր՝ ապրիլի 29-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում, արմատներով հաճընցիները մասնակցեցին «Հաճըն» հայրենակցական միության կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ոգեկոչման երեկոյին, որն նվիրված էր նաեւ Հաճընի ութամսյա հերոսամարտին: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, Գուսան Հայկազունը եւ այլք:

IMG_1352

Ոգեկոչման երեկոյին ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, նա իր խոսքում նշեց, որ  ծանոթ է Արեւմտյանի Հայաստանին եւ այնտեղ տարին մի քանի անգամ այցելում եւ շփվում է տեղի բնակիչների հետ: Նա հայտարարեց, որ հայ ժողովուրդը պետք է տեր կանգնի իր տարածքներին եւ դատական գործընթացներ սկսի՝ ընդդեմ Թուրքիայի նախկին կառավարության՝ որպես այդ երկրի նախկին քաղաքացիների ժառանգներ. «Մենք գործ ունենք անելու, մենք բոլորս գիտենք, որ այսօրվա Թուրքիան՝ իբրեւ «քաղաքակիրթ» պետություն, դուռ է ծեծում Եվրոպային եւ այլ միջազգային ասպարեզներում փորձում է հանդես գալ որպես քաղաքակիրթ, որպես դեմոկրատ երկիր՝ մոռանալով Հայոց եղեռնի խնդրի մասին: Առանց իր պատմությունը սրբագրելու ոչինչ չի ստացվելու: Որոշ քաղաքական գործիչների թվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների մեջ ինչքան պատը հաստ շարեն եւ բարձր, այնքան ապահով կլինեն, դա ճիշտ ճանապարհ չէ: Ես կարծում եմ այդ պատն ինչքան թափանցիկ լինի ու ցածր այնքան կդառնա կառավարելի մեր  թշնամին»:

IMG_1365

Արագած Ախոյանին «Հաճըն» հայրենակցական միության կողմից շնորհվեց միության պատվավոր անդամի կոչում: Պատվավոր անդամի կոչում ստացան մի շարք արմատներով հաճընցիներ, Նոր Հաճըն քաղաքի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը, Նոր Հաճընի եկեղեցու նախագծի հեղինակ, ճարտարապետ Արտակ Ղուլյանն եւ այլք:

«Հաճըն» հայրենակցական միության նախագահ Հովհաննես Գրիգորյանը հայտարարեց, որ հաճընցիները պետք է միշտ արթուն մնան եւ պահանջատեր լինել եւ այդպիսով կկարողանան հասնել իրենց նպատակներին: Պարոն Գրիգորյանը կոչ արեց ավելի հասուն սերունդին փոխանցել ունեցած գիտելիքները երիտասարդներին, որպեսզի վերջիններս ավելի իրազեկված լինեն. «Հայրենակցական միությունները շատ ակտիվորեն պետք է բարձրացնենք այն հարցը, որ կոչվում է ցեղասպանություն, պահանջատիրություն: Մենք պետք է շատ աշխատենք, հայրենակցական միությունները մեծ անելիքներ ունեն»:

Հաճընը քաղաք է Լեռնային Կիլիկիայում, այն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում: 1915 թվականին՝ ցեղասպանության ընթացքում, քաղաքի բնակիչները տեղահանվել եւ տարվել եւ Դեր Զոր, որտեղ նրանց մի մասը սպանվել: 1919 թվականին կենդանի մնացածների մի մասը հետ է վերադարձել Հաճըն, որն այդ ժամանակ գտնվում էր Ֆրանսիայի իշխանության ներքո, սակայն Ֆրանսիան Թուրքիային է հանձնում Կիլիկիան, եւ այդպիսով 1920 թվականին թուրքերը պաշարում են Հաճընը: Պաշարումից փրկվածներն էլ ապաստան են գտնում տարբեր երկրներում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սեպուհ says:

    Հարգելի Ամի,
    Հաճընի մասին գրելիս չի կարելի մոռանալ 192Օթ. ութամսյա դյուցազնամարտը:
    “1920 թվականին թուրքերը պաշարում են Հաճընը: Պաշարումից փրկվածներն էլ փախուստի են դիմում՝ ապաստան գտնելով տարբեր երկրներում”: Ու վերջ:
    Սա մեր պատմության եզակի հերոսական էջերից է, ու պաշարմանը հերոսաբար դիմադրած քաղաքի անկումից հետո 6 հազար մարդ է մի օրում ողջակեզ լինում, իսկ մոտ 3ՕՕ-ը Արամ Կայծակի գլխավորությամբ կարողանում են ճեղքել մահվան օղակն ու փրկվել: Որևէ ազգ սրանից անսպառ նյութ կսարքեր, ամեն դեպքում մոռանալ չի կարելի:
    Միգուցե Դուք տեղյակ չեք պատմությանը, բայց “փախուստ” բառն ամեն պարագայի անընդունելի է, իսկ Հաճընի դեպքում` ամոթալի:
    Հոդված գրելուց առաջ բարի եղեք դույզն-իսկ ուսումնասիրել թեման:

  2. Հայուհի says:

    Համաձայն եմ նախորդ մեկնաբանողի հետ: Հարգելի´ Ամի Չիչակյան, դա ոչ թե փախուստ էր, այլ փրկություն` ութ ամիս հերոսաբար մաքառումից հետո: Հաշվի առնենք, որ թշնամին մեր նկատմամբ թե´ թվաքանակի, թե´ զինվածության առումով առավելություն ուներ: Փախուստ բառը վախկոտներին է վերաբերում, մինչդեռ հաճընցիների պայքարն իսկական հերոսամարտ էր: Այնպես որ` խնդրում եմ հանել այդ բառը նյութից, որովհետև այն վիրավորական է ու նվաստացնում է հերոս հաճընցիների ազնիվ ու արդար պայքարը թուրքի դեմ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930