Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Այս քվեարկությամբ ոչ իշխանական ուժերը հավատարմության երդում տվեցին իշխանությանը»

Ապրիլ 29,2014 21:44

«Կարծում եմ, որ այն, ինչ պիտի իրականացվեր ապրիլի 28-ին սպասվող «հուժկու» հանրահավաքի ձեւով, իրականացվեց «հուժկու» քվեարկության արդյունքում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ խոսքն այն մասին է, որ այդ քվեարկության արդյունքում ժողովրդի համար տեսանելի դարձավ, թե ինչի՞ է հանգեցրել 2011 թ. նոյեմբերից բեմադրված  եւ մեր ժողովրդի թիկունքում ձեւավորված այս գործընթացը. «Դա հանգեցրել է նրան, որ այսօր, ըստ էության, ոչ իշխանական ուժեր Հայաստանում գոյութուն չունեն: Կան իշխանության կողմից վերահսկվող ուժեր, իսկ մնացածը պարզապես մասնակցում են այդ թատրոնում իրենց համար վերապահված հատվածին: Ես ցավում եմ դրա համար, բայց մյուս կողմից՝ դա սկիզբ է դնում մի այլ գործընթացի՝ վերջապես մեր երկրում քաղաքական գործընթացները կմաքրաջրվեն, եւ ժողովուրդը շատ արագ ձեռնամուխ կլինի իրական ընդդիմության ձեւավորման խնդրի լուծմանը»:

Մեր հարցին՝ 2011թ. նոյեմբերի 25-ին Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ սկսված գործընթացը պատճառաբանվում էր բուրժուադեմոկրատական հեղափոխության անհրաժեշտությամբ, արդյո՞ք այսօրվա քվեարկությունից հետո ՀԱԿ-ը կընդունի, որ այդ հեղափոխությունը չի կայանա, համենայնդեպս՝ ԲՀԿ-ի օգնությամբ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ՀԱԿ-ում ինչ են մտածում: Նրանք այդ ամենը հասկանալու հնարավորությունն ունեին, երբ բացահայտվեց Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումը, որն իր մեջ նաեւ առեւտրի տարրեր էր պարունակում: Այդ ժամանակ ՀԱԿ-ը պետք է լուրջ եզրահանգման գար, որ ինչ-որ գործընթացներ են գնում, որոնք իրական քաղաքական դաշտի զարգացումների հետ որեւէ առնչություն չունեն: Այդուհանդերձ, դեպքերն այսպես զարգացան, եւ ես կարծում եմ, որ այն, ինչ այսօր տեղի ունեցավ՝ խոսում է բուրժուադեմոկրատական հեղափոխության ավարտի մասին: Այդ հեղափոխությունը վաղուց է եղել, պարզապես ՀԱԿ-ում դրա մասին չգիտեին: Իսկ դա եղել եւ ավարտվել է, երբ մեր ազգային հարստությունը վաղուց բաժանվել է այդ ուժերի կողմից իրար մեջ: Այնպես որ, այլեւս ընդդիմադիր դաշտի գործիչները պետք է չունենային բուրժուադեմոկրատական հեղափոխություն ակնկալիք եւ պետք է հենվեին միայն ու միայն ժողովրդի միասնական պայքարի վրա: Ես ափսոսում եմ, որ այս տարիները մենք զուր կորցրինք, բայց լավ է ուշ, քան երբեք:

Այսօրվա քվեարկությունը հստակեցրեց ամեն ինչ, եւ կարծում եմ, որ տարբեր թատերականացված հանդիպումները երկնագույն սրահներում կամ տարբեր ալկոհոլային խմիչքների  շրջանակներում արդեն պետք է ավարտվեն, եւ երկրում պետք է իրականացվեն իրական քաղաքական գործընթացներ, եւ մեր երկրում կձեւավորվի այն ընդդիմությունը, որն ի վիճակի կլինի լուծել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները»:

Հետաքրքրվեցինք՝ վարչապետի փոփոխությունը ընդդիմությունն իրեն էր վերագրում, ասելով, որ «ռեժիմը խուճապի մեջ է», սակայն այսօրվա քվեարկությունից հետո իր հայտարարության ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք «բացառում են որեւէ քաղաքական համագործակցության այս իշխանության հետ՝ Սերժ Սարգսյանի հետ եւ այն իշխանության, որը ներկայացված է այս դահլիճում», արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ից հույսը կտրել է: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Արամ Մանուկյանը լավ կաներ՝ այսօրվա վիճակից ելնելով, պարզապես մյուսների հետ միասին մանդատները վայր դնեն եւ փորձեն շտկել իրենց թույլ տված սխալները: Եթե խորհրդարանում կա իրական ընդդիմություն, ապա այսօրվա ԱԺ-ի ներսում այլեւս ոչ մի անելիք չունի, քանի որ պառլամենտում այսօր կա միայն իշխանություն, եւ այսօրվա քվեարկությունը դրա մասին է խոսում: Երբ Հրանտ Բագրատյանը երեք ձայն է ստանում, այդտեղ արդեն Կոնգրեսը պետք է մտածի, թե տարիների ընթացքում ինչ կորցրինք մենք բոլորս՝  ժողովրդի վստահությունը կորցնելու արդյունքում»:

Մեզ նաեւ հետաքրքրում էր, թե Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, ինչո՞ւ, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը քվեարկեցին Գալուստ Սահակյանի օգտին, չէ՞ որ ՀՀԿ-ի ձայները բավարար էին, որ նա ընտրվեր, ուրեմն ինչո՞ւ այդ ուժերը, որոնցից մեկն իրեն առնվազն ոչ իշխանական է համարում, իսկ մյուսը՝ ընդդիմադիր, գնացին այդ քայլին: Մեր զրուցակիցը նշեց, որ այս քվեարկությունը վերջապես հստակություն մտցրեց քաղաքական դաշտի բոլոր խաղացողների վերաբերյալ. «Այս քվեարկությամբ ոչ իշխանական այդ ուժերը, ըստ էության, հավատարմության երդում տվեցին գործող իշխանությանը, քանի որ կարող էին չքվեարկել, բայց քվեարկեցին եւ ցույց տվեցին իրենց հավատարմությունը»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentc CHi says:

    ՀԱԿ-ին հանեք ետ ցուցակից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930