ԿԳՆ-ի դիմաց հավաքված մանկավարժներն ու «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր նախարարության շենքի մոտից հեռացան «Աշոտյան, ամոթ» վանկարկելով:
Հավաքվածներին այդպես էլ չհաջողվեց տեսնել Արմեն Աշոտյանին բակում, ինչպես իրենք էին պահանջում: Նախարարության աշխատակիցներից մեկը ցուցարարներին ասաց, որ նախարարը շենքի հետնամուտքից հեռացել է:
«Գողից ոչ մի բանով չեն տարբերվում, որովհետեւ գողեգող փախան եւ մեզ՝ մանկավարժներիս, այստեղ թողեցին առանց մեր հարցերի պատասխանի»,-դժգոհեց մանկավարժներից մեկը:
Նախարարին տեսնելու հույսը կորցրած ցուցարարները որոշեցին իրենց պահանջները գրավոր հանձնել ու սպասել նախարարի գրավոր պատասխանին:
Կարդացեք նաև
Ակտիվիստներն էլ հեգնեցին՝ facebook-ով պատասխանի չենք սպասում, պահանջում ենք անջատել նախարարության ինտերնետը: Մանկավարժների գրավոր պահանջը նախարարին փոխանցելու համար մոտեցավ ԿԳՆ ներկայացուցիչ Արթուր Բաղդասարյանը: Ցուցարարները նրանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ աշխատանքային ժամին նախարարը տեղում չէ: Պարոն Բաղդասարյանը չպատասխանեց այդ հարցին, ինչպես նաեւ լրագրողների ճշգրտող հարցին, թե իսկապես նախարարը հետնամուտքով դուրս է եկել շենքից, թե՝ ոչ:
Նա գնալուց առաջ մանկավարժներին հիշեցրեց, որ նրանց հետ հանդիպման նախարարի առաջարկն ուժի մեջ է. «Կտանք մեր հեռախոսահամարը, կզանգեք, կկազմակերպենք հանդիպում»: Մանկավարժները, ցույց տալով բակը, կրկին պնդեցին. «Մենք նրան սպասում ենք միայն այստեղ»:
«Մենք ձեր տված հեռախոսահամարով կզանգեք ու կխնդրենք, որ իջնի ներքեւ»,- պատասխանեց մանկավարժներից մեկը:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն էլ նկատեց. «Պարոն նախարար, ձեր այսօրվա պահվածքով ձեր իրական վերաբերմունքը փաստեցիք կրթության եւ գիտության ոլորտի աշխատակիցների հանդեպ: Ու դրանով չեք էլ գիտակցել, որ լուրջ հնարավորությունից եք զրկել գոնե facebook-ի մակարդակով գեղեցիկ, ամպագոռգոռ ու իբրեւ թե հարգալից ստատուսներ գրելուց, հիմա դա էլ չեք կարող անել, դրանից էլ ձեզ զրկեցիք: Հաջողություն ձեզ, Աստված ձեր միտքը լուսավորի»:
Մանրամասները շուտով` տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ