Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյան. «Էդ մարդիկ կրա՞կն են ընկել, որ օրուգիշեր աշխատում են, ստեղծում են»

Ապրիլ 29,2014 19:05

Այսօր Ազգային ժողովում հերթական նիստի հիմնական մասը նվիրված էր պատգամավորներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի, Հովհաննես Սոֆոյանի եւ Արմեն Մխիթարյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:

Այս նախագծով ենթադրվում է ակցիզային հարկից ազատել թեթեւ մարդատար մեքենաները: Բանն այն է, որ 2011 թվականին այս նույն օրենքում կատարված համապատասխան փոփոխությամբ «շքեղության» հարկով, ինչպես հաճախ կոչում են ակցիզային հարկը, սկսեցին հարկել նաեւ որոշակի տվյալների համապատասխանող թեթեւ մարդատար մեքենաները՝ թանկարժեք, բարձրակարգ եւ շքեղ: Այն ժամանակ կառավարությունը դա հիմնավորեց նրանով, որ նման թանկարժեք մեքենաներ գնում են հարուստ եւ լավ ապահովված մարդիկ, ում համար կարեւոր է այդ կարգի մեքենաների գոյությունն իրենց հաշվեկշռում, եւ որքան էլ մեքենան թանկանա, միեւնույն է, կգնեն: Ազգային ժողովն այն ժամանակ կառավարության ներկայացրած այդ նախագիծն ընդունել էր առանց որեւէ «դեմ»-ի, բոլորը համաձայն էին՝ ճոխությունների համար պետք է վճարել: «Դեմ» քվեարկողը ժողովրդի աչքի փուշը կդառնար:

Սակայն անցավ երեք տարի, եւ մեր իշխանությունները տեսան, որ թանկարժեք մեքենաների ներկրումը էապես, զգալիորեն նվազել է, եւ իրենց հաշվարկները, թե հարուստները, միեւնույն է, կգնեն մեքենան, որքան էլ դրա վրա բարձր հարկեր դրվեն, ու դրանով մեր երկրի բյուջե մտնող գումարները կավելանան, չեն համապատասխանում իրականությանը: Հարուստները չէին հասկանում, թե ինչու պիտի մեքենայի գնի կեսի չափ էլ հարկ մուծեն, եւ համեմատաբար էժան ու հին մեքենա էին գնում: Ինչպես ասաց օրենքի հեղինակներից մեկը՝ «պարզվեց, որ հարուստները հաշվել գիտեն»:

Հիմա եկել է «հետողորմյայի» ժամանակը: Եվ մի քանի պատգամավոր հաշվարկել են, որ բյուջեն ամենեւին չի շահել այդ օրենքից, ու հիմա նույն հիմնավորմամբ՝ բյուջեն հարկավոր է լցնել, առաջարկում են այդ մեքենաների վրայից հանել ակցիզային հարկը: Ընդ որում, նշում են, որ այս օրենքը շատ կարճ՝ մի քանի ամսվա կյանք կունենա ընդամենը, քանի որ մինչեւ տարեվերջ մենք կանդամագրվենք Մաքսային միությանը, եւ մեզ մոտ կսկսեն գործել այլ մաքսային դրույքաչափեր: Նրանք անկեղծորեն չէին խոստովանում, որ մի քանի ամսվա համար են ուզում այս օրենքն ընդունել, որպեսզի շքեղ մեքենա գնելու ցանկություն ունեցողները հասցնեն այն գնել՝ մինչեւ Մաքսային միություն մտնելը, բայց հասկացնում էին:

Հարցի վերաբերյալ Ազգային ժողովում քննարկումները բավականին բուռն էին: Ելույթ ունեցող պատգամավորների մեծ մասը, խոսելով սոցիալական համերաշխությունից, դեմ էր արտահայտվում օրենքի նախագծին, ասելով, օրինակ, որ «շքեղ մեքենայով երթեւեկելը անհամար է, երբ շուրջբոլորդ մարդիկ աղբանոցներից հաց են հավաքում» (հեղինակ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան):

Սակայն գտնվեցին նաեւ համարձակ պատգամավորներ, որոնք պաշտպանում էին նախագիծը, ասելով, որ թանկարժեք մեքենաները ակցիզային հարկի տակ պահելը որեւէ օգուտ աղքատներին չի տալիս, բայց խփում է հարուստների գրպանին: Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը իր ելույթը սկսեց հայտարարությամբ՝ «դուք խոսում էինք սոցիալական արդարությունից, ես կխոսեմ հարուստների անունից»: Ապա անցավ Տիգրան Սարգսյանի կառավարության քննադատությանը, պնդելով, որ այդ վարչապետի օրոք փոխվեց պետական կառավարման փիլիսոփայությունը, եւ նրա վեց տարվա վարչապետության արդյունքում երկիրը 0% տնտեսական աճ ունեցավ, 240-270 հազար մարդ հեռացավ Հայաստանից: Նա կոչ արեց պետական կառավարման ոլորտը հանել ստի, սուտ խոսելու ոլորտից եւ ստեղծող, արարող, գործարար մարդկանց չճնշել .«Հարուստների դեմ պայքարելը ամենալավ բանր չի: Ոչ թե պետք է հարուստների դեմ պայքարել, այլ պետք է պայքարել աղքատությունը վերացնելու համար,  պետք է վերացնել պարտքով ապրողների փիլիսոփայությունը»: Նա հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք «պարտադրվեցին» մի շարք օրենքներ, որոնք խփեցին հենց այդ խավին՝ հարուստ, աշխատատեղ եւ ընդհանրապես որեւէ բան ստեղծող մարդկանց, եւ դա լրջագույն պրոբլեմների հանգեցրեց: «Խոսքը չի վերաբերվում գողացողներին, խոսքը վերաբերվում է հողագործությամբ, շինարարությամբ, գյուղատնտեսությամբ եւ այլ ոլորտներով զբաղվող մարդկանց, որոնք ստեղծում են, արարում են: Այդ մարդիկ կրա՞կն են ընկել, որ օրուգիշեր աշխատում են եւ ստեղծում…»,-ասաց նա:

Ճիշտ հակառակ տեսակետից խոսեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, որը նախ հստակեցրեց, որ ՀԱԿ-ը սոցիալ-լիբերալ գաղափարախոսության կրող է, այնպես որ սոցիալիստ դաշնակցականների հետ կարող է ախպերություն եւ ընկերություն անել (Էդուարդ Շարմազանովն էլ տեղից կատակեց՝ բա հաշիվն ո՞վ ա փակելու), ապա ասաց, որ տպավորություն է, թե օրենքը նրա համար է, որ այս կարճ ժամանակահատվածում՝ մինչեւ տարեվերջ, մեծահարուստները հասցնեն էժան գնով շքեղ մեքենաներ ձեռք բերել՝ «սա օգնության ձեռք է մեծահարուստներին»: Նա նաեւ ասաց. «Մի քանի հարյուր մարդ հակադրվում է ամբողջ ազգին»: Օրենքի հեղինակներից Միքայել Մելքումյանը հակադարձեց, որ որեւէ հակադրություն չկա, դա չի արվելու որեւէ մեկի հաշվին, եւ պետք չի սոցիալական խմբերին իրար հակադրել:

Իսկ սոցիալիստական գաղափարախոսության կրող ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ավելի հեռուն գնաց, ասելով, որ այս օրենքը ոչ միայն հակասոցիալական է, այլեւ՝ հակապետական:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930